ՖԻԴԵ-ի նախագահ. հայերը կմասնակցեն Բաքվում կայանալիք շախմատի օլիմպիադային

Հայաստանի հավաքականը կմասնակցի սեպտեմբերի 1-14-ը Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային` ասել է շախմատի միջազգային կառավարող մարմնի` ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը երեքշաբթի Ադրբեջանի մայրաքաղաքում համաշխարհային օլիմպիադայի հետհաշվարկի արարողությանը մասնակցելով:

Ինչպես մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները` Իլյումժինովը հայտարարել է, որ 42-րդ շախմատային օլիմպիադային Հայաստանի մասնակցության հարցը քննարկվել է վերջերս Երևան կատարած ուղևորության ընթացքում:

«[Երևան կատարած] իմ այցի ընթացքում ես հանդիպել եմ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, ինչպես նաև գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ և հրավիրել նրանց մասնակցելու օլիմպիադային: Մինչ օրս Հայաստանի հրաժարվելու մասին լուր չի ստացվել, այնպես որ, հայ շախմատիստները կմասնակցեն Բաքվում կայանալիք շախմատի օլիմպիադային»,- ասել է Իլյումժինովը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի այսօր տարածած հայտարարության մեջ նշվում է, սակայն, որ Հայաստանը դեռ քննարկում է, և մասնակցության հարցը դեռ վերջնական որոշված չէ:

Հայ և ադրբեջանցի մարզիկները, որպես կանոն, խուսափում են «հակառակորդի» տարածքում անցկացվող մրցումներին մասնակցելուց Լեռնային Ղարաբաղի շուրջ ձգձգվող հակամարտության պատճառով, որն ապրիլի սկզբին վերածվեց լայնածավալ ռազմական գործողությունների:

Այսպես, անվտանգության նկատառումներով Եվրոպական ֆուտբոլի կառավարող մարմինը `ՈՒԵՖԱ-ն, ստիպված էր չեղյալ հայտարարել Եվրո-2008-ի նախօրյակին Բաքվում և Երևանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականների հանդիպումները:

Առանձին հայ և ադրբեջանցի մարզիկներ նույնպես հրաժարվել են տարբեր մարզաձևերում մրցումներին մասնակցելու համար հարևան երկիր մեկնելուց:

Սակայն կան նաև մի քանի օրինակներ, երբ նրանք անվտանգության միջազգային երաշխիքների տրամադրման դեպքում մասնակցել են մրցումներին: Վերջին նման օրինակը Բաքվում անցյալ ամռանն անցկացված առաջին եվրոպական խաղերին Հայաստանի մարզիկների մասնակցությունն էր: Որևէ լուրջ միջադեպի մասին չի հաղորդվել այդ խաղերի, ինչպես նաև այլ խոշոր մրցաշարերի ընթացքում, երբ հայ և ադրբեջանցի մարզիկները մեկնել են «հակառակորդի» տարածք:

Այս ամսվա սկզբին Երևան այցելած ՖԻԴԵ-ի նախագահ Իլյումժինովը հորդորել էր Հայաստանին և Ադրբեջանին «մրցել շախմատի խաղատախտակի առաջ, այլ ոչ թե մարտի դաշտում»` մաղթելով, որ Հայաստանի հավաքականը Բաքվի օլիմպիադայում նվաճի չորրորդ օլիմպիական ոսկե մեդալը: