Ֆուտբոլ. անգլիական ակումբները հետաքրքրված են Մխիթարյանով

Photo: Via Facebook

Անգլիայի պրեմիեր լիգայի առաջատար ակումբներ «Չելսին» և «Արսենալը», ինչպես հաղորդվում է, ձգտում են ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, երբ այս մրցաշրջանի ավարտին տրանսֆերային պատուհան բացվի:

27-ամյա Մխիթարյանը բավական հաջող հանդես է գալիս գերմանական ակումբում` 2015-16 թթ. մրցաշրջանի ընթացքում 49 հանդիպման ընթացքում դառնալով 23 գոլի հեղինակ: Շաբաթավերջին հայ ֆուտբոլիստը Mercedes-Benz Arena մարզադաշտում «Շտուտգարտի» հետ հանդիպմանը խփել է իր վերջին գոլը և դարձել երկու գոլային փոխանցման հեղինակ` օգնելով իր թիմին 3:0 հաշվով հաղթելու:

Բրիտանական և գերմանական լրատվամիջոցները այսօր հաղորդել են, որ «Չելսին» հետաքրքրված է հարձակողական ոճի կիսապաշտպանով, և, ըստ էության, պատրաստ է ավելի քան 60 մլն եվրո (մոտ 67,5 մլն դոլար) վճարել նրա ծառայությունների համար:

Այս ամիս ավելի վաղ բրիտանական մամուլի հաղորդագրությունների հիման վրա ենթադրել են, թե Մխիթարյանը հնարավոր է` տեղափոխվի «Արսենալ», քանի որ նա մեկնել էր Մեծ Բրիտանիա և Լոնդոնում «տուն փնտրել»:

Լրատվամիջոցները նաև հաղորդել են, որ հաջորդ մրցաշրջանում հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև անգլիական մեկ այլ ակումբ` «Լիվերպուլը» (որն այժմ մարզում է «Դորտմունդի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը), ինչպես նաև իտալական «Յուվենտուսը:

Մխիթարյանը 2013-ին դարձել էր «Բորուսիայի» ամենաթանկ ձեռքբերումը` 27,5 մլն եվրոյով, սակայն գերմանական ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետը լրանալու է ամռանը:

Ինչպես հայտնում է գերմանական Bild պարբերականը, «Չելսին», հնարավոր է` ծրագրում է մի քայլ, որը կարող է վշտացնել «Արսենալին», քանի որ Անտոնիո Կոնտեն, որը մյուս մրցաշրջանում մարզելու է թիմը, ջանք չի խնայում, որ Մխիթարյանի հետ տրանսֆերի պայմանագիր ստորագրվի:

Ինչպես հաղորդվում է, Մխիթարյանը ինքն է յուղ լցրել կրակի վրա կիրակի օրը, երբ ասել, թե ոչինչ չգիտի այդ մասին` միաժամանակ աչքով անելով: