Բրիտանական թերթ. «Արսենալը» կարող է ձեռք բերել Մխիթարյանին հաջորդ մրցաշրջանի համար

Photo: Henrikh Mkhitaryan's facebook official page

Մեծ Բրիտանիայի առաջատար թերթերից The Daily Star-ը հաղորդել է, որ Անգլիայի պրեմիեր լիգայի «Արսենալ» ակումբը, չնայած «Չելսիի» հետ մրցակցությանը, քննարկում է հաջորդ մրցաշրջանում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Ինչպես այս ամիս ավելի վաղ հաղորդվել էր, «Արսենալը» Բունդեսլիգայի առաջնությունում արդյունավետ խաղով աչքի ընկած` Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հանդես եկող 27-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու հայտ է ներկայացրել և պատրաստ է վճարելու 23 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 33 մլն դոլար):

«Արսենալի» սկաուտները հետևել են նրա առաջընթացին, և ակումբը պատրաստ է բավարարելու մեկ մրցաշրջանի ընթացքում 8 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 11,5 մլն դոլար) պայմանագրային պահանջները»,- գրել է թերթը, ավելացնելով, որ Մխիթարյանը Դորտմունդում անցկացրել է «ֆենոմենալ մրցաշրջան»` 49 հանդիպումների ընթացքում խփելով 23 գոլ և կատարելով 32 գոլային փոխանցումներ:

Ավելի վաղ Գերմանիայի «Բիլդ» թերթը պնդել էր, որ «Չելսին» անցյալ ամառ պատրաստ էր 46 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 66 մլն դոլար) հատկացնելու Մխիթարյանի համար և այսօր պատրաստ է վերադառնալու այս գործարքին, երբ մրցաշրջանի ավարտին նորից տրանսֆերային պատուհան բացվի: