
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է մնալ Բունդեսլիգայի իր ներկայիս ակումբում ևս մեկ` 2016-2017 թվականների մրցաշրջանում, չնայած Անգլիայի պրեմիեր լիգայի երկու առաջատար ակումբներից մեկ հնարավոր տեղափոխվելու մասին լուրերին:
Բրիտանական լրատվամիջոցները վերջերս գրել էին 27-ամյա հարձակողական ոճի հայ կիսապաշտպանին Բունդեսլիգայում «ֆենոմենալ մրցաշրջան» անցկացնելուց հետո «Արսենալ» կամ «Չելսի» հնարավոր տեղափոխվելու մասին:
Մասնավորապես, երկու լոնդոնյան ակումբները, ըստ լրատվամիջոցների, ձգտում էին Մխիթարյանի հետ հաջորդ մրցաշրջանի համար պայմանագիր կնքել, ընդ որում, «Արսենալը» պատրաստ էր բավարարել մեկ մրցաշրջանի ընթացքում 8 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 11,5 մլն դոլար) պայմանագրային պահանջները, իսկ «Չելսին» պատրաստ էր վերադառնալ Մխիթարյանի հետ պայմանագրի իր նախորդ տարվա առաջարկին` 46 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 66 մլն դոլար):
Ըստ անցյալ շաբաթվա այլ հադորդագրությունների` «Արսենալն» արդեն սկսել էր բանակցություններ վարել խաղացողի ներկայացուցիչների հետ, և Մխիթարյանն սկսել էր վարձով տուն փնտրել Լոնդոնում:
Սակայն գերմանական Bild տաբլոիդի համաձայն` այժմ բանակցությունները անգլիական ակումբների կարող են ձախողվել, և երկու ակումբներն էլ` «Արսենալը» և «Չելսին», ևս մեկ մրցաշրջան Մխիթարյանին պահելու գերմանական ակումբի «շոկային որոշումից» հետո, հնարավոր է` պետք է սպասեն մինչև հաջորդ ամառ` Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հնարավորություն ունենալու համար:
Ինչպես գրում է բրիտանական «Daily Express» (express.co.uk) տաբլոիդը, «Բորուսիայի» երկու առանցքային ֆուտբոլիստները` թիմի ավագ Մատս Հումելսը, տեղափոխվելու է Մյունխենի «Բավարիա», իսկ Իլկայ Գյունդողանը կարիերան կշարունակի Անգլիայի «Մանչեսթեր սիթիում», և գերմանական ակումբը այլևս պատրաստ չէ ևս մեկ նման կարգի խաղացող կորցնելու:
Մխիթարյանը 2015-2016 թվականների մրցաշրջանի ընթացքում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 51 հանդիպումներում խփել է 23 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում` ընդգրկվելով ԶԼՄ-ների կողմից որոշվող Բունդեսլիգայի և Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականների (dream teams) կազմում: Գերմանիայի գավաթի մրցաշարում խփելով 5 գոլ` Մխիթարյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկուն:
2015-2016 թվականների մրցաշրջանում Դորտմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը` դուրս գալով Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որում մայիսի 21-ին պարտվեց Բավարիայի «Մյունխենին»` հետխաղային 11-մետրանոց հարվածաշարով: