Բունդեսլիգայի մարդը. Մխիթարյանը` Գերմանիայի 2015-16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-16 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ` ըստ գերմանական Kicker պարբերականի հարցման արդյունքների:

27-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը գլխավորում է ցուցակը ավելի քան 31% -ով ձայներով, նրան հաջորդում են Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, ով ստացել է մոտ 22 տոկոս ձայն:

Լևերպուզենի «Բայերի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը 13,6 % և 13,2 %-ով համապատասխանաբար երրորդը և չորրորդն են:

Մխիթարյանը 2015-2016 թվականների մրցաշրջանի ընթացքում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում 51 հանդիպումներում խփել է 23 գոլ և կատարել 32 գոլային փոխանցում` ընդգրկվելով ԶԼՄ-ների կողմից որոշվող Բունդեսլիգայի և Եվրոպայի լիգայի խորհրդանշական հավաքականների կազմում: Գերմանիայի գավաթի մրցաշարում խփելով 5 գոլ` Մխիթարյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն ռմբարկուն:

Մխիթարյանը, հավանաբար, կմնա Դորտմունդում ևս մեկ` 2016-2017 թվականների մրցաշրջանում, չնայած Անգլիայի պրեմիեր լիգայի երկու առաջատար ակումբներ` «Արսենալ» կամ «Չելսի» հնարավոր տեղափոխվելու մասին լուրերին:

Գերմանական Bild տաբլոիդն այս շաբաթ ավելի վաղ գրել էր, որ Բորուսիայի ղեկավարությունը «շոկային որոշում» է կայացրել ևս մեկ մրցաշրջան Մխիթարյանին պահելու գերմանական ակումբում: Այս որոշումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2015-2016 թթ. մրցաշրջանում Բունդեսլիգայի առաջնությունում երկրորդ տեղը զբաղեցրած գերմանական ակումբը Մատս Հումելսի` մրցակից Մյունխենի «Բավարիա»,  և Իլկայ Գյունդողանի` Անգլիայի «Մանչեսթեր սիթի» տեղափոխվելուց հետո այլևս պատրաստ չէ նման կարգի ևս մեկ խաղացող կորցնելու: