Ֆուտբոլ. Արևմտյան Հայաստանը կմասնակցի Աբխազիայում կայանալիք աշխարհի առաջնությանը

Արևմտյան Հայաստանի հավաքականը 12 այլ  երկրների շարքում պատրաստվում է մասնակցելու միջազգային ֆուտբոլի կառավարող մարմնի` ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված` չճանաչված երկրների աշխարհի գավաթի երկրորդ  խաղարկությանը:

Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 28-ին` Վրաստանից անջատված Աբխազիայի Հանրապետությունում:

Այս մրցաշարն անցկացվում է  Անկախ ֆուտբոլային ընկերակցությունների համադաշնության (ConIFA) հովանու ներքո, որի կազմում ընդգրկված  են միջազգայնորեն չճանաչված կամ մասամբ ճանաչված պետություններ, ինչպիսիք են`

Աբխազիան, Հյուսիսային Կիպրոսը, Քրդստանը, Փենջաբը, ինչպես նաև քիչ  հայտնի ժողովուրդներ, տարածքներ և կազմակերպություններ, ինչպիսիք են` Չագոս կղզեխումբը, Պադանիան, Ռաեթիան, Սապմին, Սոմալիլենդը, Ռոմանի ժողովուրդը (գնչուները), Ճապոնիայում կորեացիների միացյալ կազմակերպությունը:

Չորս խմբերում ընդգրկված երեքական թիմերի առաջնությունը կմեկնարկի մայիսի 29-ին` Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում և կավարտվի հունիսի 5-ին:

Արևմտյան Հայաստանը ընդգրկված է A խմբում, որտեղ նրա մրցակիցներն են տանտերերը` Աբխազիան և Չագոս կղզեխումբը (Հնդկական օվկիանոսում Մալդիվներից հարավ գտնվող յոթ ատոլներից կազմված կղզեխումբ):

Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ֆուտբոլի հավաքականը Շվեդիայի Էստերսունդ քաղաքում  մասնակցել  էր ՖԻՖԱ-ի կազմում չընդգրկված` չճանաչված երկրների աշխարհի գավաթի առաջին խաղարկությանը`  12 մասնակիցների շարքում զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը` առաջին և երկրորդ  խմբային փուլերում  հաղթելով Դարֆուրի (12:0) և  Սապմիի հավաքականներին (5:1):

Մրցաշարի մասին մանրամասն տեղեկությունները պաշտոնական կայքում՝ http://worldfootballcup.org կամ ConIFA-ի  կայքէջում` http://www.conifa.org/en/: