Ֆուտբոլ. Հայաստանը ջախջախել է Գվատեմալային ընկերական հանդիպմանը

Photo: Via Facebook

Հայաստանը 7:1 հաշվով հաղթել է Գվատեմալային շաբաթ օրը Լոս Անջելեսում կայացած ընկերական հանդիպմանը` սեպտեմբերին մեկնարկելիք աշխարհի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարին Վարուժան Սուքիասյանի թիմի նախապատրաստվելու շրջանակներում:

Թեև Հայաստանը առաջինը գոլ բաց թողեց, սակայն առաջին խաղակեսի ավարտին կարողացավ հավասարեցնել հաշիվը «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շնորհիվ, իսկ Էդգար Մանուչարյանը առաջին խաղակեսում մրցավարի ավելացրած ժամանակում Հայաստանին առաջ մղեց:

Երկրորդ խաղակեսում Մխիթարյանը դարձյալ երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը` այսպիսով դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Հայաստանի համար գոլեր խփեցին նաև Գեղամ Կադիմյանը, Արթուր Սարկիսովը և Զավեն Բադոյանը:

Այս հաղթանակը վերջին 15 հանդիպումներում Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակն էր: Այն գրանցվեց շուրջ 200 երկիր ընդգրկող ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 89-րդ հորիզոնականը զբաղեցնող Գվատեմալայի ազգային հավաքականի նկատմամբ (հիշեցնենք, որ Հայաստանը ներկայումս աղյուսակում զբաղեցնում է 110-րդ հորիզոնականը):

Ի դեպ, առաջին անգամ պաշտոնական խաղում Հայաստանի հավաքականը խփել է 4-ից ավելի գնդակ, իսկ Մխիթարյանի հեթ-տրիկը ազգային հավաքականի պատմության ընթացքում դարձավ առաջինը:

Հունիսի 1-ին իրենց հաջորդ ընկերական հանդիպմանը Լոս Անջելեսում Հայաստանը մրցելու է մեկ այլ Կենտրոնական Ամերիկայի երկրի` Էլ Սալվադորի հավաքականի դեմ, որը ՖԻՖԱ-ի ընթացիկ աղյուսակում 98-րդն է: