Ֆուտբոլ. Հայաստանի հավաքականը Լոս Անջելեսում ընկերական հանդիպմանը հաղթել է Էլ Սալվադորին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 1-ին Լոս Անջելեսում նոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ղեկավարությամբ իր երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Էլ Սալվադորի հետ ընկերական հանդիպմանը:

Հայ ֆուտբոլիստները Կենտրոնական Ամերիկայի իրենց մրցակիցների նկատմամբ զգալի առավելություն ունեին և ստեղծեցին բազմաթիվ գոլային պահեր` ի վերջո, հանդիպումն ավարտելով 4:0 հաշվով:

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկին գերիշխում էր խաղադաշտում` մասնակցելով Հայաստանի հավաքականի գրեթե բոլոր գրոհներին: Խաղի սկզբում նրա ջանքերով, մասնավորապես, «ծնվեց» առաջին գոլը (Էլ Սալվադորի ինքնագոլ), ինչպես նաև նա օգնեց Գեղամ Կադիմյանին 77-րդ րոպեին խփելու վերջին գոլը: Իսկ այդ երկու գոլերի արանքում Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը 8-րդ և 68-րդ րոպեներին, համապատասխանաբար, դարձան գոլերի հեղինակներ:

Մայիսի 28-ին, խաղալով դարձյալ Լոս Անջելեսում, Հայաստանը խոշոր` 7:1 հաշվով հաղթանակ էր տարել Կենտրոնական Ամերիկայի մեկ այլ երկրի` Գվատեմալայի հավաքականի նկատմամբ, որը հավաքականի պատմության ամենամեծ հաշվով հաղթանակն էր, իսկ Մխիթարյանը դարձել էր Հայաստանի համար պաշտոնական հանդիպումներում դարձյալ առաջին հեթ տրիկի հեղինակ: