Խոշոր հաշիվ. ֆուտբոլային մեկնաբանը Լոս Անջելեսում Հայաստանի հաղթանակներով շատ չի ոգևորվում

Photo: Photolure

Ֆուտբոլային մեկնաբանի կարծիքով` ազգային հավաքականի հաղթանակները ընկերական խաղերում չեն կարող թիմի իրական հնարավորությունների վկայություն լինել:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, նորանշանակ մարզիչ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ, առաջին հաղթանակները գրանցեց վերջին 15 հանդիպումների ընթացքում: Շաբաթ օրը Հայաստանը Գվատեմալայի հետ ընկերական հանդիպմանը հաղթանակ տարավ 7:1 խոշոր հաշվով, որի ընթացքում գրանցվեց հավաքականի պատմության մեջ առաջին հեթ տրիկը Հենրիխ Մխիթարյանի կատարմամբ: Հունիսի 1-ին մեկ այլ ընկերական հանդիպմանը Հայաստանի հավաքականը առավելության հասավ Էլ Սալվադորի ընտրանու նկատմամբ 4:0 հաշվով:

«ԱրմենիաՆաուի» հետ զրույցում Մենուա Մեհրաբյանը նշեց, որ դրանք ընդամենը ընկերական հանդիպումներ են թույլ հավաքականների հետ, որոնցից չպետք է էյֆորիայի մեջ ընկնել:

«Ուրախալի է, երբ կան խփած գնդակներ և խոշոր հաշվով հաղթանակներ, բայց իրատեսական լինենք` Գվատեմալան և Էլ Սալվադորն ամենևին Ռումինիա, Լեհաստան, Դանիա կամ Չեռնոգորիա չեն»,- ասաց նա, հավելելով, որ եթե նույն արդյունքները կարողանանք գրանցել Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում, դա կնշանակի, որ վերակազմավորված հավաքականն իրոք ուժեղ է:

Մեհրաբյանի կարծիքով`անցկացրած երկու ընկերական հանդիպումները կարելի է աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստական մեկնարկ համարել, որը հաջողված էր, բայց առջևում հսկայական աշխատանք կա կատարելու` ընտրական փուլում արժանի ելույթներ ցուցադրելու համար:

Խոսելով հանդիպման տեխնիկական մասից` Մեհրաբյանը նշեց, որ մարտավարական ցնցող լուծումներ չկային, և, ուշադիր հետևելով խփած գոլերին, կարելի է հասկանալ, որ եվրոպական որևէ հավաքական թույլ չի տա նույնը իր հետ կրկնել:

«Մեր հավաքականի ներկայիս խաղում մարզչի ձեռագիրն ուրվագծված չէր: Ֆուտբոլիստները գիտեին՝ ինչ անել խաղադաշտում, և արեցին: Մարզչական ձեռագիրը երևում է մի շարք գործոնների ժամանակ, որոնք էլ կտեսնենք պաշտոնական խաղերում»,- պնդեց նա:

Այնուամենայնիվ, մեկնաբանի համոզմամբ` Էլ Սալվադորի և Գվատեմալայի հետ հանդիպումները ցույց տվեցին` նոր հրավիրված ֆուտբոլիստները կարծես թե մերվել են հավաքականին, ինչը լավ հերթափոխ ունենալու հույսեր է ներշնչում:

«Նման հավաքականների նկատմամբ հաղթանակները չեն կարող հոգեբանական վերելքի հզոր գործոն լինել, բայց նաև չի կարելի հերքել, որ յուրաքանչյուր հաղթանակ դրական լիցք է հաղորդում է ֆուտբոլիստին»,- եզրափակեց նա: