Մրցակցությունից դուրս. Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները նվաճել են ոսկե և արծաթե մեդալներ

Լավ լուր` Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում երկու հայ մարզիկներ կանգնել են պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին:

Ապրիլի 13-ին 77 կգ քաշային տղամարդկանց մրցահերթում ծանրորդներ Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը մրցակցությունից դուրս են եղել:

Մեր ծանրորդները պայքարի մեջ մտել են այն ժամանակ, երբ մյուս բոլոր մասնակցիներն ավարտել էին իրենց ելույթները:

Andranik KArapetyanՊոկում վարժությունում միայն առաջին մոտեցմամբ Մարտիրոսյանը բարձրացրել է 160 կգ ծանրաձողը, նվաճելով փոքր արծաթե մեդալ, իսկ Կարապետյանը բարձրացրել է նախ 165 կգ, ապա 170 կգ և դարձել փոքր ոսկե մեդալակիր:

Հրում վարժության ժամանակ Կարապետյանը հրելով 192, ապա 197 կգ, նվաճել է ոսկե մեդալ հրում վարժությունում:

Մարտիրոսյանի` հրում վարժությունում գրանցած 192 կգ արդյունքը նրան արծաթե մեդալ է բերել:

Ընդհանուր հաշվով երկամարտում Կարապետյանը դարձել է ոսկե, իսկ Մարտիրոսյանը` արծաթե մեդալակիր:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-16-ը ընթացող ծանրամարտի առաջնությանը Հայաստանի հավաքականը ներկայացել է 15 ծանրորդով:

Իրենց ելույթները ավարտել են Իզաբելլա Յալյանը, Առաքել Միրզոյանը, Վանիկ Ավետիսյանը, ի դեպ, վերջինի 4-րդ արդյունքը նախքան Մարտիրոսյանի և Կարապետյանի հաղթանակը լավագույնն էր համարվում:

Հավելենք, որ ապրիլի 14-ին 69 կգ քաշային կանանց առաջին ենթախմբում պայքարի մեջ կմտնի աշխարհի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ով վթարի հետևանքով ստացած վնասվածքներից հետո երկարատև բուժում էր ստանում: