Ծանրամարտ. Նազիկ Ավդալյանը նվաճել է ոսկե մեդալ Եվրոպայի առաջնությունում

Photo: Photolur

Ողնաշարի լուրջ վնասվածք ստանալուց հինգ տարի անց Հայաստանի ծանրորդ Նազիկ Ավդալյանը նվաճել է Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը` Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող առաջնությունում գրանցելով ապշեցուցիչ արդյունք:

Հինգշաբթի 69 կգ քաշային կարգում ութ այլ մարզուհիների հետ մրցակցությունում 29-ամյա գյումրեցին պոկում և հրում վարժություններում ցույց է տվել 237 կգ արդյունք` նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:

2011 թ. Ավդալյանը լուրջ վնասվածք էր ստացել ավտովթարի հետևանքով, և բժիշկները ողնաշարի խնդրի պատճառով խորհուրդ չէին տվել նրան շարունակել մարզական կարիերան: Մարզուհին, կարծես, համակերպվել էր իր կարգավիճակի հետ, երբ 2014 թ. անցավ մարզչական աշխատանքի: Սակայն ավելի ուշ նա վերսկսեց մարզումները` այսօր արդեն Եվրոպայում հաղթանակ տոնելով:

Իր մարզական կարիերայի ընթացքում Ավդալյանը արդեն մեկ անգամ` 2008 թ. հաղթել է Եվրոպայի առաջնությունում, իսկ 2007 և 2009 թթ. զբաղեցրել է երկրորդ տեղը: 2009 թ.մարզուհին արժանացել է նաև աշխարհի առաջնության ոսկե մեդալի:

Ավելի վաղ Ավդալյանը չէր թաքցնում 2016-ին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու իր հավակնությունները:

Ավդալյանի ոսկե մեդալը ընթացիկ առաջնությունում երկրորդն է Հայաստանի հավաքականի ներկայացուցիչների համար:

Ապրիլի 13-ին 21-ամյա Անդրանիկ Կարապետյանը 77 կգ կգ քաշային կարգում նվաճել էր ոսկե մեդալ` մեկ այլ հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանին թողնելով երկրորդ տեղում:

Հինգշաբթի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված հարցազրույցում Կարապետյանն ասել է, որ իր հաղթանակը նվիրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանները պաշտպանելիս զոհված հայ զինվորներին: