Հայ ծանրորդները պետք է «քաշ ավելացնեն» Ռիոյում մեդալների հավակնելու համար

Photo: Photolure

Ռիո-2016 օլիմպիական խաղերին Հայաստանի ծանրամարտի հավաքականի ներկայացուցիչներ Հռիփսիմե Խուրշուդյանը և Նազիկ Ավդալյանը ավելացնելու են Եվրոպայի առաջնության ժամանակ գրանցած կիլոգրամները` ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից օրեր անց լրագրողների հետ հանդիպմանն ասացին մարզուհիները:

«Չենք կարող խոստանալ, թե օլիմպիական խաղերի ժամանակ ինչ արդյունքներ ցույց կտանք, բայց որ մեդալների հավակնելու համար պետք է կիլոգրամներ ավելացնենք, դա փաստ է»,- ասացին նրանք:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-16-ը Նորվեգիայի Ֆորդ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ծանրորդներ Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը ոսկե մեդալներ նվաճեցին:

Հատկանշական է, որ Նազիկ Ավդալյանը մրցասպարեզ էր դուրս եկել յոթամյա ընդմիջումից և լուրջ վնասվածքներից ապաքինվելուց հետո:

Հռիփսիմե Խուրշուդյանը փաստեց, որ բացի կիլոգրամներ ավելացնելուց, ինքը պետք է նաև անձնական քաշ ավելացնի.

«Իմ առջև նաև խնդիր է դրված անձնական քաշ ավելացնել. ես կշռում եմ 87 կգ, և եթե մոտ 20 կգ քաշ ավելացնեմ, կկարողանամ պայքարի մեջ մտնել իմ հիմնական մրցակիցներ` Ռուսաստանի և Հարավային Կորեայի ներկայացուցիչների դեմ, ովքեր 100 կգ+ են կշռում»:

Ավդալյանն իր հերթին նշեց, որ իրատեսական չէ այն փաստը, որ կկարողանա օլիմպիական խաղերում իր լավագույն արդյունքները ցույց տալ:

«Այն կիլոգրամները, որ ցույց եմ տվել տարիներ առաջ Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում աշխարհի չեմպիոն հռչակվելիս, դժվար է կրկնել, քանի որ այդ արդյունքին հասնելու համար պարապել եմ մոտ 3-4 տարի, բացի այդ վնասվածքից, ինչպես նաև մայրանալուց հետո օրգանիզմում տեղի ունեցած փոփոխություններն են իրենցն ասում»,- ասաց նա, հավելելով, սակայն, որ կանի ուժերի ներածին չափ`իր երկրպագուներին ուրախացնելու համար:

Հիշեցնենք, որ ամռանը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերին Հայաստանի ծանրամարտի հավաքականը կներկայանա 7 մարզիկով` 2-ը` կանանց, 5-ը` տղամարդկանց հավաքականից:

Հայտնի է, որ կանանցից պայքարի մեջ կմտնեն Նազիկ Ավդալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, տղամարդկանց հավաքականի անունները դեռ հրապարակված չեն: