Երիտասարդության պալատ. յոթ տարվա ամայություն Երևանի նախկին հայտնի շենքերից մեկի տեղում

Երիտասարդության պալատ. յոթ տարվա ամայություն Երևանի նախկին հայտնի շենքերից մեկի  տեղում

Ֆոտոլուր

«Երիտասարդության պալատը» երեկ և այսօր

Ճարտարապետներն ու մտավորականները ՀՀ մշակույթի նախարարությունից պահանջում են սեփականատիրոջից հետ վերցնել այն հողատարածքը, որտեղ նախկին Երիտասարդության պալատն էր` տասնամյակներ շարունակ Երևանի հայտնի շենքերից մեկը:

Պալատը (որն իր արտաքին տեսքի պատճառով Կուկուռուզնիկ էր կոչվում) կառուցվել է 1960-ականներին և դարձել Երևանի այցեքարտերից մեկը: Այն քանդվել է 2003 թ.` տեղ բացելով հյուրանոցի համար, որն այդպես էլ չկառուցվեց:

Շենքն օտարվել էր պարտքի դիմաց և վաճառվել 1 մլն դոլարով «Ավանգարդ մոթորս» ընկերության սեփականատեր Էդիկ Ավետիսյանին: (Պալատի վաճառքին ընդդիմանում էր շենքի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, ըստ որի` շենքն արժեր 30 մլն դոլար):

Սեփականատերը պարտավորվել էր մինչև 2006 թ. կատարել 5 մլն դոլարի ներդրում: Թեև տարածքը մաքրվել է, այդուհանդերձ նոր շենք չի կառուցվել:

Թարխանյանի ենթադրությամբ` քանդված շենքից նվազագույնը 3 մլն դոլար են ստացել:

Այս տարվա հունվարին անցկացվել է շենքի նոր նախագծի մրցույթ, որին ներկայացվել էր 350 նախագիծ 70 երկրներից: Սրանցից ոչ մեկը չի ընտրվել:

«Նոր սեփականատերն ուզում է կառուցել աշխարհի 8-րդ հրաշալիքներից մեկը, այն դեպքում, երբ մրցույթին ներկայացված էին քառակուսի հատակագծով բարձրահարկ շենքերի նախագծեր: Բացի այդ, նման նախագիծն ընդհանրապես չի համապատասխանում հայկական ճարտարապետությանը»,- ասաց Թարխանյանը:

Նա պատմեց, որ այնպիսի տպավորություն էր, թե նախագիծն արվել էր Չիկագոյի կամ Նյու Յորքի համար, այնտեղ հավանության չի արժանացել, և բերել են ներկայացնելու այս մրցույթին:

Անահիտ Թարխանյանն իր գործընկերների հետ պատրաստվում է Երևանին նոր նախագիծ տրամադրել (անվճար), որտեղ կփոխվի միայն շենքի բարձրությունը, և վերևի հատվածում շենքը մի փոքր կլայնանա: Բայց շենքը կառուցելու համար անհրաժեշտ կլինեն նոր ներդրողներ, քանի որ դրա համար կպահանջվի նվազագույնը 30 մլն դոլար:

«Մենք կարծում ենք, որ ՀՀ կառավարությունը լիովին իրավունք ունի տարածքը վերցնել և ընթացք տալ մեր առաջարկությանը, քանի որ սեփականատերը չի իրականացրել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները, ու նոր նախագիծ դեռ չկա»,- ասում է Անահիտ Թարխանյանը:

Ըստ «Ավանգարդ մոթորս» ընկերության տնօրեն Գևորգ Գևորգյանի` այս հարցի վերաբերյալ ոչ ոք չի կարող մեկնաբանություններ տալ, քանի որ սեփականատեր Էդիկ Ավետիսյանն արտասահմանում է: