«Մոսկվա» կինոթատրոն. դարձ ի շրջանս յուր. փորձառու ճարտարապետը դեմ է կինոթատրոնի հաշվին եկեղեցու կառուցմանը

«Մոսկվա» կինոթատրոն. դարձ ի շրջանս յուր. փորձառու ճարտարապետը դեմ է կինոթատրոնի հաշվին եկեղեցու կառուցմանը

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում կկառուցվի եկեղեցի:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահը կտրականապես դեմ է, որ «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի տեղում վերակառուցվի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին, թեև կառավարությունն արդեն հաստատել է այդ որոշումը:

Նախորդ շաբաթ ՀՀ կառավարությունը հերթական նիստի ժամանակ ընդունել է «Մոսկվա» կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքն անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանությունների կողմից 1930-ականներին քանդված Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։

«Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք ամեն ինչ անում ենք, որ միայն եկեղեցի կառուցենք,- «ԱրմենիաՆաուին» ասել է ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: - Բացի այդ, բացօթյա դահլիճի տարածքը շատ փոքր է, իսկ այդ եկեղեցին տարիներ առաջ զբաղեցրել է ամբողջ «Մոսկվա» կինոթատրոնի տարածքը»:

Հոգևոր այրերը այլ կերպ են մեկնաբանում եկեղեցու վերակառուցումը: Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամը ողջունում է «Մոսկվա» կինոթատրոնի քայլը:

«Արդյունքում կվերականգնվի պատմական արդարությունը, քանի որ այն հսկա կառույցը, որը կործանվեց սովետական իշխանության օրոք, պետք է մի օր նորից վերականգնվեր»,- ասաց Տեր Վահրամը:

Նրա հաղորդմամբ`դեռ պարզ չէ, թե ե´րբ կսկսվեն ապամոնտաժման աշխատանքները, ու ինչ տեսք կունենա եկեղեցին:

Մինչև 1931թ. քանդվելը` Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին Երևանի հնագույն եկեղեցիներից էր` կառուցված V-VI դարերում, որը վերակառուցվել է 1679 թվականի ավերիչ երկրաշարժից հետո:

Հետագայում` 1930-ականներին, Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը: Հետագա տասնամյակների ընթացքում երևանցիներն աստիճանաբար սիրեցին նաև խորհրդային ճարտարապետության առաջարկած լուծումը: Սակայն եկեղեցու մասին հիշողությունը ոմանց, հատկապես քաղաքի ավագ սերնդի ներկայացուցիչների մոտ, դեռևս պահպանվել է` չնայած խորհրդային իշխանությունների` այն մոռացության տալու ջանքերին: