«Առեղծվածային ու քնարական». «ամենադալիական» նկարչի ցուցահանդեսը Երևանում

Աշխարհի ամենահայտնի սյուրռեալիստը մի առիթով ասել է իրանահայ նկարիչ Օնիկ Սահակյանին. «Դու ամենադալիական անձն ես, որին ես ճանաչում եմ»:

Սեպտեմբերի 23-ին Գևորգյան ցուցասրահում բացվեց Սահակյանի ցուցահանդեսը, և նրա 30-ամյա գործունեության ընթացքում առաջին անգամ երևանցի արվեստասերները հնարավորություն ստացան պարզելու` գովասա՞նք էր արդյոք Դալիի դիտողությունը, թե՞ քննադատություն:

Սահակյանը 52 անհատական ցուցահանդեսներ է ունեցել այնպիսի ցուցասրահներում, ինչպիսիք են Գյոթեբորգի համաշխարհային մշակույթի թանգարանը (Շվեդիա), Փարիզի «Գրան պալեն», Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանը, իր ծննդավայր Թեհրանի ժամանակակից արվեստի թանգարանը: Հայրենիքում ցուցադրվում է առաջին անգամ:

«Մի տարօրինակ զգացողություն ունեմ. ես ինձ միշտ ամերիկացի եմ համարել և միայն այստեղ հասկացա, որ պատկանում եմ այս հողին, կարծես նախորդ կյանքս ապրել եմ հենց այստեղ»,- «ԱրմենիաՆաուի» հետ զրույցում ասաց 69-ամյա Սահակյանը:

Արվեստին նվիրված նրա կյանքն սկսվել է 7 տարեկանից, երբ ծանոթացել է հնդկական պարերին և սկսել ինքնուրույն բեմադրել դրանք: Հետագայում Թեհրանում սովորել է Ելենա Ավետիսյանի պարարվեստի դպրոցում և, միաժամանակ, գեղարվեստի ինստիտուտում, որտեղ ուսումնասիրել է պարսկական մանրանկարչություն:

1956 թվականին դասական բալետում հմտացած Սահակյանը տեղափոխվում է ԱՄՆ և շուրջ տասը տարի բեմ բարձրանում 100-ից ավելի ներկայացումներում:

1958-ին հանդիպում է Սալվադոր Դալիին: Նրանց ծանոթացնում է զարմիկը, որը Իրանի թագուհի Ֆարահի վարսահարդարն էր: Նա ուներ ևս մեկ հանրահայտ հաճախորդ...

Զարմիկը ներկայացնում է Սահակյանին այդ հաճախորդին, որը սիրում էր մազերը գանգրացնել հսկայական վարսափաթթուկներով: Այդ օրն սկսվում է մի հազվագյուտ բարեկամություն, որը տևում է 20 տարի:

«Իսպանացին ինձ այնպես կախարդեց, որ նորից սկսեցի նկարել,- ասում է Սահակյանը: - Եկավ մի պահ, երբ նկարչությունն ինձ համար դարձավ ինքնարտահայտման միջոց: Պարողի կյանքը թիթեռի կյանքի նման կարճ է: Պարից հետո նկարչությունը դարձավ այն աշխարհը , որտեղ ես անկեղծանում եմ ու ինքնարտահայտվում»:

Տարիների ընթացքում Սահակյանն օգնում է Դալիին կոլաժներ, քանդակներ ու նկարներ ստեղծել: Նաև նրբաճաշակ ակնեղեն է պատրաստում Դալիի և նրա կնոջ համար: Հետո տեղափոխվում է Նյու Յորք ու հիմնում «Օնիկ դիզայն» խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտանում է արվեստի ու ակնեղենի դիզայնի մեջ:

Մեկ այլ առիթով Դալին ասում է Սահակյանին. «Դու խենթ ես, բայց լավ խենթ»:

Սյուրռեալիզմի հոր «խենթ» ընկերոջ խոսքերով` ինքը միշտ եղել է կյանքի իմաստի որոնումների մեջ:

Նրա որոնումներն արվեստում մանրանկարչությունից տարել են հոլանդական դասական նկարչություն, ապա` իմպրեսիոնիզմ` թեթև ու հպանցիկ վրձնահարվածներով:

Դալիի հետ աշխատելով` Սահակյանը, իհարկե, չէր կարող խուսափել հզոր սյուրռեալիստի ազդեցությունից, սակայն շուտով նա գտնում է իր ուրույն ոճն ու արտահայտչամիջոցները:

«Իմ գործերն առեղծվածային ու քնարական են, Դալիինը` ագրեսիվ ու ցնցող: Եթե քննադատները մեզ համեմատեն, երբեք նմանություն չեն գտնի,- ասում է Սահակյանը: - Ես նպատակ չունեմ իմ արվեստով շոկի մեջ գցելու մարդկանց: Առանց այդ էլ կյանքը դաժան է: Ընդհակառակը` արվեստը պետք է հանգստությամբ ու ներդաշնակությամբ պարուրի մարդկանց սրտերը»:

Իր «Հրաշալիքի բացատրություն» գրքում արվեստաբան Ղոնչե Թազմինին գրում է, որ «Սահակյանը սյուրռեալիզմի տարանջատված աշխարհ է ներմուծում է հույսի, հավատի ու անդորրի տարրեր: Օնիկի տաղանդը երկու արմատապես տարբեր ուղղություններ հաշտեցնելու ունակության և հանդիսատեսին ներդաշնակության ու հավասարակշռության զգացում պարգևելու մեջ է»:

Նկարչի անդեմ Տիրամայրերի նկարաշարում վերջինս ներկայացված է ճոխ հանդերձանքով, իսկ դեմքի փոխարեն դատարկ օվալ է, ինչը, ըստ նկարչի , հնարավորություն է տալիս զգալու նրա հոգևոր էությունը, վերանալու նյութականությունից ու մարմնից և տեսնել ոչ թե գեղեցիկ աչքեր, քիթ կամ բերան, այլ վերերկրային հոգի:

«Իսկ ո՞վ գիտե, թե ինչպիսին է եղել Տիրամոր կամ Քրիստոսի դեմքը: Ամեն մարդու համար Տիրոջ դեմքն իր ներսում է, իր խղճի սահմաններում»,- մեկնաբանում է նկարիչը:

Սահակյանի նկարներում հաճախ կրկնվող մոտիվ են նաև աստիճանները («Լռության վայրը», «Էնիգմա»): Վեր` դեպի անծայրածիր երկինք բարձրացող աստիճանները խորհրդանշում են մարդու ամեն մի քայլ, կյանքում գործած ամեն բարի գործ, որ քայլ առ քայլ տանում են դեպի տիեզերական անվերջություն ու անդորր:

«Արվեստում, առավել ևս նկարչության մեջ, ամենակարևորը դրական լիցքերն են, որ պետք է հաղորդի արվեստի գործը,- ասում է նկարիչը: - Ես հարյուրավոր նամակներ եմ ստանում տարբեր մարդկանցից, որոնք հիմնականում գրում են, որ իրենց հոգին խաղաղվում է իմ նկարների առաջ: Ես սա համարում եմ մեծ նվաճում»:

Սահակյանի 16 նկարներից բաղկացած ցուցահանդեսը Գևորգյան ցուցասրահում կշարունակվի մինչև հոկտեմբերի կեսը: Իսկ նկարիչն ասում է, որ հոկտեմբերին շրջագայելու ամբողջ Հայաստանով` տպավորություններ կուտակելու հետագա գործերի համար: