Փոքրիկ դերասանի թատրոն. Գյումրիի թատերախումբն իրական արժեքներ է սովորեցնում երեխաներին

Գյումրիի թատերաբեմերից մեկի վրա ծաղրածուի շորերով երկու երեխա ներկայացնում են մի տեսարան, որն արժանանում է հանդիսատեսի ծիծաղին ու բուռն ծափահարություններին:

Այդ ուրախության մեջ 43-ամյա Մարիամ Կաժոյանի աչքերին երջանկության արցունքներ են: Նրա որդին` 13-ամյա Լևոնը, խաղում էր ծաղրածուներից մեկի դերը, սակայն մորն ուրախացնում է ոչ այնքան որդու խաղացած դերը, որքան այն, թե ինչպես էր որդին իրեն պահում բեմի վրա:

«Մի տարի առաջ Լևոնս նույնիսկ չէր պարում մյուս երեխաների հետ դպրոցական հավաքույթների ժամանակ, շատ ամաչկոտ էր,- ասում է Մարիամը: - Հիմա բղավում ու ցատկոտում է բեմի վրա»:

Մարիամը երջանիկ է, որովհետև անկաշկանդությունը Լևոնի միակ նվաճումը չէ, որին նա հասել է` հաճախելով «Լիկիդոն» հասարակական կազմակերպություն, որը թատրոնի միջոցով փորձում է երեխաներին վերադարձնել իրենց մանկությունը:

«Լևոնը դարձել է շատ շփվող ու ակտիվ,- հուզված ասում է Մարիամը: - Սկսել է ավելի լավ սովորել ու դարձել է ավելի պատասխանատու ու հասուն: Շատ ուրախ ենք, որ գտանք «Լիկիդոնը»:

«Լիկիդոն» ՀԿ-ն անցյալ ամառ հիմնադրել են Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի 6 դերասաններ: Ավելի ուշ նրանց է միացել մի կամավորական հոգեբան: Նախաձեռնության նպատակն է ծառայեցնել թատրոնը Գյումրիի երեխաների գեղագիտական, բարոյահոգեբանական, կրթական և մարդասիրական դաստիարակության գործին: Ներկայումս ծրագրում ընդգրկված է 5-14 տարեկան 25 երեխա` բոլորն էլ կարիքավոր ընտանիքներից:

«Որպեսզի երեխաներից ոչ մեկին չմերժենք, ներկայացումների մեջ նոր դերեր ենք հնարում,- ասում է կազմակերպության ղեկավար Ամալյա Ամիրխանյանը: - Երեխաներին ըստ ընդունակությունների չենք ընտրել, քանի որ բոլոր երեխաներն էլ շնորհալի են: Մենք պարզապես օգնում ենք նրանց բացահայտել սեփական ունակությունները: Ոմանց համար դա հեշտ է, մյուսներին ավելի շատ ժամանակ է պետք: Բայց երբ տեսնում ես, թե ինչպես է երեխան, որը մի քանի օր առաջ հազիվ էր խոսում անծանոթ մարդու հետ, պարում ու խաղում հանդիսատեսի առաջ, զգում ես, որ հաղթանակ ես տարել»:

Գյումրիի տիկնիկային թատրոնում Ամիրխանյանը 26 տարի խաղացել է երեխաների համար: Սակայն դա բավական չի եղել նրա համար:

«Շրջաններում մարդիկ աշխատանք ու գոյության միջոցներ չունեն,- ասում է Ամիրխանյանը: - Աշխատանք գտնելու հույսը կտրած` շատ տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, և կանայք մնում են երեխաների հետ` գոյության սուղ միջոցներով: Նման ընտանիքներում երեխաները մեծանում են հոգեբանական պրոբլեմներով: Նրանց անգամ ամենափոքր ցանկությունները մնում են չիրականացված, նրանց «եսը» ճնշվում է»:

Ամիրխանյանն ասում է, որ Գյումրիում լայնորեն տարածված է երեխաների շահագործումը: Ծանր տնտեսական պայմանների պատճառով շատ ընտանիքներ ուղարկում են իրենց երեխաներին աշխատելու: Շուկայում շատ են 10-16 տարեկան դեռահասները, որոնք 50 դրամով սայլակով քարշ են տալիս հաճախորդների պայուսակները կամ վաճառողների մթերքը, երթուղային տաքսիներում օրը 1000 դրամով տոմսավաճառություն են անում ու դուռն են բացում, զբաղվում են մանրածախ առևտրով կամ փողոցներում մեքենա են լվանում: Ոմանք աշխատում են օրական 10-12 ժամ: «Լիկիդոնի» երկու անդամ` 12-ամյա Հովհաննեսը և 14-ամյա Ցոլակը, նույնպես զբաղվում են նման աշխատանքով: Բոլոր փորձերին չեն գալիս, քանի որ ընտանիքի հաց վաստակողն են: Սակայն Ամիրխանյանը հուսով է, որ «Լիկիդոնը» կօգնի նման երեխաներին լինել այնպես երջանիկ, ինչպես կարող են միայն երեխաները:

«Երեխաներ, թույլ մի տվեք մեծահասակներին գողանալ ձեր մանկությունը»,- ասում է «Լիկիդոնի» «Կորած ծիծաղ» ներկայացման հերոսը: Պիեսի 12-ամյա հերոսը շոկոլադի մի սալիկով վաճառում է իր ծիծաղը մի ծեր կնոջ, սակայն հետո հասկանում է դրա արժեքը և մեծ դժվարությամբ հետ ստանում: Երիտասարդ դերասանները գիտեն, որ Գյումրիում այդպիսի երեխաներ կան, և ուզում են, որ նրանք մի օր վերագտնեն իրենց մանկությունը:

Մեկ այլ ներկայացման մեջ, որպեսզի փրկեն իրենց թոռանը` Հոպիկ-Կլորիկին, Երկար-պոչ-օձից, որը շահագործում է նրան, պապն ու տատը ստիպված են լինում սովորել դրույթներ ՄԱԿ-ի Երեխաների պաշտպանության կոնվենցիայից:

«Երեխաների գեղագիտական ճաշակը զարգացնելուն զուգահեռ, այս ներկայացումները երեխաներին սովորեցնում են նրանց իրավունքները,- ասում է Ամիրխանյանը: - Փորձերի ժամանակ մենք երեխաների հետ քննարկում ենք ամեն ներկայացման իմաստը: Այժմ թատերախմբի անգամ ամենակրտսեր անդամը` վեցամյա Ֆիլիպը, անգիր գիտե դրանք»:

Մանկավարժական խումբը նաև որոշել է կազմակերպել «Փոքրիկ դերասանի թատրոն» այն երեխաների համար, ովքեր ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում թատրոնի նկատմամբ: Երեխաներին հնարավորություն է տրվել ներկայացում բեմադրել տիկնիկային թատրոնի դերասանուհի, 56-ամյա Արշալույս Պետրոսյանի ղեկավարությամբ:

Երեխաներն ընտրել են «Կարմիր գլխարկը» և առաջարկել հեքիաթի սեփական տարբերակը: Բեմադրության ռեժիսորը 14-ամյա Հայկ Ամիրխանյանն է, երաժշտական ղեկավարը` Լևոն Կաժոյանը:

«Երեխաները որոշել էին, որ ներկայացման մեջ ոչ ոք չպետք է պատժվի,- ասում է Պետրոսյանը, որը 36 տարի աշխատել է տիկնիկային թատրոնում: - Փոխարենը բոլոր հերոսները, անգամ Գայլը, որը գիտակցում է, որ տատիկին ու Կարմիր գլխարկին ուտելը վատ է, կոնֆետ է ստանում»:

Պետրոսյանը, որը նաև տիկնիկ է պատրաստում ու վաճառում, աշխատում է երեխաների հետ անվճար: Նա է պատրաստել «Լիկիդոնի» չորս ներկայացումների տիկնիկների ու հագուստների մեծ մասը:

Խումբն ամեն ինչ ստացել է նվազագույն գնով: Տիկնիկներն ու երեխաների հագուստները պատրաստել են նրանց ուսուցիչներն իրենց հաշվին, թեև նրանց աշխատավարձերը բարձր չեն (13000-20000 դրամ` մոտ 30-46 դոլար): Թատրոնն անվճար տրամադրել է իր փոքր դահլիճը և բեմը փորձերի ու ներկայացման համար: Սակայն թատրոնի շենքը և սարքավորումները հնացած են, իսկ բեմի դեկորացիաները` աղքատիկ:

«Ծնողներից ոչ մի դրամ չենք հավաքել: Գիտենք, որ նրանցից շատերն ի վիճակի չեն վճարելու,- ասում է Ամիրխանյանը: - Կան երեխաներ, որոնց ընտանիքներն ամսական 6000 դրամ (12 դոլարից պակաս) եկամուտ ունեն: Ինչպե՞ս կարող ենք նրանցից որևէ բան պահանջել»:

Վերջերս «Լիկիդոնը» 1000 դոլար դրամաշնորհ էր ստացել Հայաստանի մարդու իրավունքների կենտրոնից «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում: Այդ գումարով ձեռք են բերել համակարգիչ, տպիչ և պարուսույց վարձել` իր չորս ներկայացումներում զբաղված երեխաների համար: Սակայն եռամսյա ծրագիրն անցյալ շաբաթ ավարտվել է:

«Միջոցների պակասի պատճառով մենք չենք կարողանում բեմադրել նոր ներկայացումներ ավելի հարուստ դեկորացիաներով կամ նոր երեխաներ ընդգրկել խմբում, կամ ներկայացումներ տալ դպրոցներում, որպեսզի երեխաները սովորեն իրենց իրավունքները,- ասում է Ամիրխանյանը: - Երբեմն երեխաները ժամերով մնում են թատրոնում, և լավ կլիներ նրանց որևէ ուտելիք տալ, քանի որ նրանք տանն էլ լավ չեն սնվում»:

Չնայած միջոցների սղությանը` «Լիկիդոնը» վճռականորեն է տրամադրված չդադարեցնել ներկայացումները և շարունակել փորձերն անգամ առանց ֆինանսական աջակցության:

Ժամանակին ամաչկոտ Լևոնն ասում է, որ սիրում է թատրոնը և երազում դերասան դառնալ: Երբ ավարտի դպրոցը, դիմելու է Գյումրիի թատերական ինստիտուտ: Ասում է, որ լավ է սովորելու, որպեսզի կրթությունն անվճար լինի, քանի որ ընտանիքն ի վիճակի չի լինի ուսման համար վճարել: