Մուտք մշակույթ` խոհանոցով. նոր գիրքը հրամցնում է զվարճալի փաստեր ուտելիքների մասին

Ո՞վ էր առաջին օտարերկրացի հյուրը հայկական ճաշկերույթի սեղանի շուրջը: Ի՞նչ դեր էր խաղում սուրճը հայկական հարսանյաց արարողություններում: Որո՞նք են հայկական սեղանի կենացի կանոնները: Ի՞նչ տարաշխարհիկ խոտաբույսեր ու մրգեր են վաճառվում Երևանի շուկաներում:

Անգամ եթե ձեզ թվում է, թե գիտեք հայկական խոհանոցի մասին այս և բազմաթիվ այլ «խուճուճ», բայց հետաքրքրաշարժ հարցերի պատասխանները, միևնույն է, բազմաթիվ անակնկալներ կգտնեք այս գրքում, որը պատմում է, օրինակ` թե ինչ դիետայի էր հետևում հայոց դյուցազունը` Սասունցի Դավիթը: Կարդացե’ք գիրքը:

«Հայկական խոհանոց. փաստեր, հորինվածք և բանահյուսություն» անգլերեն հրատարակված գրքում (Armenian Food: Fact, Fiction & Folklore) հեղինակներ Իրինա Պետրոսյանը և Դեյվիդ Անդերվուդը խորամուխ են լինում հայկական խոհանոցի գաղտնիքների մեջ և փորձում են «հիմնավորել» արարողություններն ու բաղադրատոմսերը:

Չփորձեք այս գրքում գտնել «լավագույն մածունի» բաղադրատոմսը կամ այն գլուխը, որտեղ պատմվում է, թե ինչպես պետք է ղափամայի համար դդում ընտրել:

Այս 272-էջանոց գիրքը, որը ներկայացվում է որպես «Հայաստանի առաջին ժամանակակից անգլերեն խոհանոցային ուղեցույց», ոչ թե պատասխանում է «ինչպե՞ս» հարցին, այլ նորովի է մեկնաբանում «ինչո՞ւ» հարցը:

Օրինակ` ինչո՞ւ «ուտել» բայը հայերենում ունի նաև «գողանալ» բայի իմաստ: Գտեք պատասխանը 226 էջում:

Հայաստանում ծնված Իրինա Պետրոսյանը պրոֆեսիոնալ լրագրող է, թղթակցել է Ռուսաստանի, Հայաստանի և ԱՄՆ թերթերին: Նա ասում է, որ իր հետաքրքրությունը հայկական խոհանոցի նկատմամբ «բորբոքել» են ամուսնու` Դեյվիդ Անդերվուդի բազմաթիվ հարցերը: Դեյվիդը ԱՄՆ Ինդիանա նահանգից է, աշխատել է The Indianapolis Business Journal ամսագրում և ամերիկյան այլ պարբերականներում:

«Մեր նպատակն է եղել ստեղծել տեղեկություններով հարուստ, դյուրամարս մի գիրք, որը նաև հաճելի է կարդալ,- ասաց Անդերվուդը: - Երբ վեց տարի առաջ առաջին անգամ այցելեցի Հայաստան, պարզվեց, որ հայկական համեղ ուտելիքների մասին պատմող անգլերեն գիրք չկա: Հայաստանին վերաբերող ճամփորդական ուղեցույցների մեծ մասը հպանցիկ է անդրադառնում այդ թեմային: Հայկական խոհանոցի մասին գիրքը մի դուռ է դեպի Հայաստանի կյանքն ու մշակույթը»:

Պետրոսյանի հավաստմամբ` գիրքը փորձում է բացատրել հայկական խոհանոցի շատ գաղտնիքներ` միաժամանակ զվարճալի կերպով ներկայացնելով հայկական մշակույթը:

«Այս գիրքը ստեղծելու պատմությունը շատ հետաքրքիր էր,- ասում է Պետրոսյանը: - Սակայն ինձ համար անսպասելին այն էր, որ ամուսնուս համահեղինակ լինելու հետևանքով հնարավորություն ունեցա կողքից նայելու հայկական սովորույթներին ու կենցաղին և տեսա շատ զարմանալի բաներ, որ մինչ այդ չէի նկատում»:

Երևանում հրատարակված գիրքը երկու տարվա աշխատանքի արգասիք է:

«Մենք փաստագրել ենք մեր աղբյուրները մանրամասն ծանոթագրություններով: Տեղեկություններն այնքան շատ էին, որ գրքի այս առաջին հրատարակության մեջ ընդգրկել ենք դրա միայն մի մասը»,- ասաց Պետրոսյանը` ընտանիքով մի քանի ամիս Վանաձորում մնալուց ու ԱՄՆ վերադառնալուց առաջ:

Արդյոք Ուինսթոն Չերչիլն իսկապե՞ս հայկական կոնյակ էր սիրում, ինչպես պնդում են: Ինչպե՞ս անդրադարձան ԽՍՀՄ տարիները հայկական խոհանոցի և կենցաղի հետագա զարգացման վրա:

Այս և այլ հարցերի պատասխանները գտնելու համար հեղինակները շրջել են Հայաստանով մեկ, զրուցել ազգագրագետների, խոհարարների, ռեստորանատերերի, պատմաբանների, տնային տնտեսուհիների, անգամ տաքսու վարորդների ու շուկաների վաճառող տատիկների հետ: Հարյուրավոր ժամեր են անցկացրել մգլահոտ գրադարաններում` տքնելով հնադարյան գրքերի ու մագաղաթների վրա:

«Զարմանալի է, բայց կա մի հին հայկական առակ, որը զգուշացնում է գենետիկորեն ձևափոխված սննդի վտանգի մասին: Դա գիրքը գրելու ընթացքում մեր արած հետաքրքիր հայտնագործություններից մեկն էր,- ավելացրեց Անդերվուդը: - Միացյալ Նահանգներում կարմիր համեղ խնձորը ենթարկվել է փոփոխության, որպեսզի կարմիր և հասուն տեսք ունենա, թեև մեջը դեռ կանաչ է: Ինչպես գրել ենք մեր գրքում, Հայաստանի միրգն ու բանջարեղենը բնական են ու համեղ, ապականված չեն նման արհեստական, բնական բուրմունքը սպանող ձևափոխություններով: Կարծում ենք, որ ամենահետաքրքիրներից է Արևմուտքի բնակիչներին անծանոթ մրգերը, բանջարեղենն ու խոտաբույսերը նկարագրող բաժինը: Դրանցից է, օրինակ` ավելուկը` խոտաբույս, որ վաճառվում է չորացրած` գեղեցիկ հյուսված երկար շարուկներով»:

Գրքի առաջին տպաքանակը նախատեսված է հիմնականում Հայաստան այցելող անգլիախոս զբոսաշրջիկների համար: Սակայն Պետրոսյանն ասում է, որ իրենք հույս ունեն ԱՄՆ-ում պատրաստել գրքի երկրորդ, ավելի գունագեղ հրատարակությունը:

«Հայկական խոհանոց. փաստեր, հորինվածք և բանահյուսություն» գիրքը ձեռք բերելու համար դիմեք հետևյալ հասցեով. hyefood@yahoo.com: