Գեղարվեստական ֆիլմ` հիմնված պատմական փաստերի վրա. ռեժիսորը հուսով է, որ «Առաքել» ֆիլմը կնպաստի ցեղասպանության ճանաչմանը

Հայոց ցեղասպանությանը նվիրված «Առաքել» նոր գեղարվեստական կինոնկարի պրեմիերան տեղի կունենա Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում հոկտեմբերի 15-ին:

Ֆիլմի բեմադրող-ռեժիսոր ու սցենարի հեղինակ Զոհրապ Բեկ-Գասպարենցը հետևում է Ատոմ Էգոյանի («Արարատ») օրինակին` կիսամտացածին պատմության միջոցով պատմելով իրական փաստերի մասին, որոնք փոխեցին մի ամբողջ ազգի ճակատագիրը:

«Եղեռնը դժվար ու բոլորիս համար ցավոտ թեմա է, և քիչ ռեժիսորներ են անդրադարձել դրան,- «ԱրմենիաՆաուին» ասաց Բեկ-Գասպարենցը: - Ֆիլմն ամենահզոր զենքն է աշխարհին ներկայացնելու մեր խնդիրը: Ամեն ինչ պետք է անենք, որ «Առաքելը» ցուցադրվի նաև Թուրքիայում»:

Ֆիլմի սցենարի հիմքում ընկած է Բեկ-Գասպարենցի պապի եղբոր կյանքի պատմությունը: «Առաքել»-ում պատմվում է Ադանայում ապրող հայ ընտանիքի մասին: Ֆիլմի հերոս Առաքելը սիրահարվում է իրենց տան աղախնին, ինչն անընդունելի էր ավանդական հայ ընտանիքի համար: Երիտասարդը հեռանում է տնից ու դառնում ճգնավոր:

1915 թվականին Առաքելը վերադառնում է տուն, բոլորին գտնում գազանաբար սպանված` բացի եղբոր` հրաշքով ողջ մնացած հնգամյա որդուց և իր սիրեցյալից: Սկսվում է գաղթի տառապալից ճանապարհը, բայց դրա հետ մեկտեղ սկսվում է նաև նրանց սիրո պատմությունը:

«Ասում են` պատերազմի մասին լավագույն ֆիլմն այն է, որտեղ կրակոցներ չեն հնչում,- ասում է 32-ամյա ռեժիսորը: - Իմ ֆիլմը պատմական մելոդրամ է, անշուշտ կան կոտորածի տեսարաններ, բայց առանցքայինը հայի հավատքի ու սիրո հզոր ուժի միջոցով գոյատևման գաղափարն է»:

«Սեր և հավատք` սա է ֆիլմի գլխավոր գաղափարը, որի միջոցով նաև ներկայացնում եմ հայ ազգին որպես քրիստոնյա ազգի, որի գլխավոր արժանիքը ներելու կարողությունն է, բայց միայն այն դեպքում, երբ ոճրագործն ընդունում է իր մեղքն ու ներողություն խնդրում: Եթե խորապես գիտակցեն և ընդունեն իրենց մեղքը, մենք հաստատ կներենք»,- ասում է ռեժիսորը:

80 րոպե տևողությամբ ֆիլմը նկարահանվել է Ստեփանավանում, Երևանում, Գյումրիում և Սևանա լճի շրջակայքում, 100000 դոլար բյուջեով:

Բեկ-Գասպարենցի խոսքերով` եթե կա մեծ ցանկություն, ապա քիչ ֆինանսներն էլ խոչընդոտ չեն: «Ամեն մեկս մեր տեղում պետք է ամեն ինչ անենք, անգամ` անհնարինը, որ քայլ առ քայլ մոտենանք եղեռնի ճանաչմանը»,- ասում է ռեժիսորը:

Գլխավոր դերերում հանդես են եկել երևանցի դերասաններ Կարինե Ջանջուղազյանը, Շահում Ղազարյանը, Զավեն Աբրահամյանը, իսկ 5-ամյա Առաքելի դերը կատարել է ռեժիսորի որդին` 5-ամյա Զարեհ Բեկ-Գասպարենցը:

«Այս ֆիլմը ևս մեկ քայլ է դեպի Հայոց ցեղասպանության ճանաչման դժվարին հարցի լուծումը: Սա մի կյանքի պատմություն է, որի միջոցով ներկայացված է ողջ ազգի ողբերգությունը, նրա հավատն ու մեծ սերը»,- ասում է հայ կինոռեժիսոր Արամ Ջիլավյանը: