Վտանգված ժառանգություն. տաղանդավոր նկարչի որմնանկարները մոռացության են մատնվել

Մինաս Ավետիսյանի որմնանկարներից
Մինասի մեծ որմնանկարներից միայն հինգն է դիմացել երկրաշարժի ու ժամանակի փորձությանը
Վաղամեռիկ հայ նկարիչ Մինասի (Մինաս Ավետիսյան)` Գյումրում գտնվող որմնանկարները հայտնվել են ոչնչացման եզրին:

Հայաստանի ամենապայծառ նկարիչներից մեկը` Մինասը (1928-1975 թթ.), հայտնի էր որպես տաղանդավոր գեղանկարիչ, գրաֆիկ և բեմանկարիչ: Նա ձևավորել է «Ալմաստ» օպերան, «Գայանե» բալետը և այլ բեմադրություններ: Նրա ամենամեծ որմնանկարները ստեղծվել են Գյումրում:

1970-1974 թթ. Մինասը մի շարք որմնանկարներ է ստեղծել Գյումրու գործարաններում ու մշակույթի կենտրոններում: Այդ որմնանկարները Մինասի առ այսօր հարատևող ժառանգությունն են: Վարպետի աշխատանքների մի մասն այրվեց նրա երևանյան արվեստանոցի հրդեհի ժամանակ և ոչնչացավ 1988-ի երկրաշարժի հետևանքով` նրա հայրենի Ջաջուռ գյուղի (Շիրակի մարզ) թանգարանում:

Այսօր նրա 14 մեծ որմնանկարներից միայն 5-ն են ամբողջությամբ կամ հարաբերականորեն պահպանվել, մինչդեռ մյուսները կամ վնասվել են երկրաշարժի ժամանակ, կամ էլ չվերականգնվելու պատճառով աստիճանաբար քայքայվում են:

Նրա որմնանկարների ճակատագիրը կանխորոշված էր գործարանների սեփականաշնորհումից հետո, քանի որ որմնանկարների պահպանման կամ վերականգնման հարցը մասնավոր ներդրողներն ու իշխանությունները երբեք չեն քննարկել: Սեփականաշնորհումից հետո գործարանները սովորաբար կամ մաս-մաս վաճառվում են, կամ էլ օգտագործվում այլ նպատակով` որպես ռեստորան կամ գրասենյակ: Գյումրու հղկող հաստոցների գործարանի սեփականաշնորհումից շատ չանցած ոչնչացել են այնտեղ գտնվող Մինասի երեք որմնանկարները:

«Տասը տարի առաջ մեկ այլ գործարանում փրկվեց երկու որմնանկար,- ասում է «Կայունություն և առաջընթաց» ՀԿ նախագահ Սերգեյ Նազարեթյանը: - Որմնանկարները վերականգնել էին բուլղարացի մասնագետները, որոնք էլ հոգացել էին վերականգնման ծախսը` 100.000 դոլար: Այսօր մենք պետք է լուծենք մյուս 9 որմնանկարների խնդիրը»,- ավելացնում է նա:

Անցյալ տարի կառավարությունը 5,8 միլիոն դրամ է հատկացրել (20.000 դոլար) գործարաններից մեկում գտնվող «Թորոս Ռոսլինի ծնունդը» հսկա որմնանկարի տեղափոխման ու վերականգնման համար:

«Գումարը հատկացվել է, սակայն ոչ մի աշխատանք չի արվել,- ասում է Նազարեթյանը: - Պաշտոնյաները նախընտրում են չխոսել այդ մասին: Այդ գումարը բավական չէ եզակի գլուխգործոցը փրկելու համար»:

Արդեն երկու տարի Նազարեթյանի ղեկավարած ՀԿ-ն աշխատանքներ է տանում, որոնք ուղղված են որմնանկարների պահպանմանը: Նրանք լուսանկարում են պահպանված որմնանկարները, համակարգչային ծրագրի միջոցով վերականգնում վնասված մասերը` աշխատանքների ամբողջական պատկերը վերականգնելու նպատակով:

«Կա Մինասի որմնանկարների ճակատագրին առչնվող մեկ այլ լուրջ խնդիր: Լսել ենք, որ նախատեսում են դրանք Գյումրուց տեղափոխել Երևան, բայց մենք թույլ չենք տա: Մինասի արմատները Շիրակում են, և նա իր պատճառներն ուներ` որմնանկարները Գյումրում ստեղծելու»:

Նազարեթյանն ասում է, որ ամենավատ վիճակում է 1973-ին Վահրամաբերդ գյուղի մշակույթի պալատում ստեղծված «Հայաստան» որմնանկարը: Երկրաշարժի ժամանակ պալատը քանդվել է, կանգուն է մնացել միայն որմնանկարով պատը: Գյուղի բնակիչները մետաղյա ծածկ են սարքել` որմնանկարն արևից ու անձրևից գոնե ինչ-որ կերպ պաշտպանելու համար, բայց դա հարցի լուծում չէ:

Անցյալ տարի մամուլի ասուլիսներից մեկում Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասել է, որ խորապես մտահոգված է Մինասի ժառանգության պահպանման հարցով` նշելով, որ կառավարության անգործության հիմնական պատճառներից մեկը որակյալ վերականգնող մասնագետների բացակայությունն է: Նախարարն ավելացրել է, որ 2008-ին միջոցներ կհատկացվեն Մինասի որմնանկարների վերականգնման համար, և որ մի քանի երիտասարդներ են գործուղվել Իտալիա` համապատասխան հմտություններ ձեռքբերելու նպատակով:

Քանի դեռ այդ մասնագետները չեն վերադարձել, Նազարեթյանի ՀԿ-ն նախատեսում է տեղափոխել որմնանկարներից մեկը քաղաքապետարանի նորակառույց շենք, մյուսը` Գյումրու եկեղեցիներից մեկը, իսկ մեկն էլ` Մինաս Ավետիսյանի խննդավայր Ջաջուռում գտնվող տուն-թանգարան (թանգարանը վերականգնվել և վերաբացվել է 2004-ին «Լինսի» հիմնադրամի միջոցներով):