«Արարատից Սիոն». անգլերեն ֆիլմ` աշխարհի պատմության մեջ հայերի դերակատարության մասին

«Արարատից Սիոն». անգլերեն ֆիլմ` աշխարհի պատմության մեջ հայերի դերակատարության մասին


Հայաստանում առաջին անգամ HD պրոյեկցիայով ցուցադրված վավերագրական ֆիլմը, ռեժիսորի ու պրոդյուսերի հավաստմամբ, դեռ երկար ճանապարհ է անցնելու ինչպես հայրենիքում, այնպես էլ միջազգային ասպարեզում:


«Արարատից Սիոն» լիամետրաժ ֆիլմը ներկայացնում է հայերին որպես առաջին քրիստոնյա ազգ և պատմում այն մասին, թե ինչ ներդրում է ունեցել հայ ժողովուրդը աշխարհի պատմության մեջ: «Արարատից Սիոն» ֆիլմի բնօրինակն անգլերեն կարդում է հոլիվուդյան ճանաչված դերասան Էյդան Քուինը, երաժշտության հեղինակը «Ոսկե գլոբուս» մրցանակի արժանացած երգահան Լիզա Ջերալդն է: Ֆիլմը նկարահանել է «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիան, իսկ ցուցադրության հովանավորն է «ՎիվաՍել ՄՏՍ»-ը:

Չորս տարվա ընթացքում Երուսաղեմում և աշխարհի տարբեր հատվածներում նկարահանված «Արարատից Սիոն» ֆիլմը ներկայացնում է հայ ժողովրդին որպես ամենահին քրիստոնյա ազգ, որն ապրել է Արարատ լեռան մոտ, որտեղ, ըստ աստվածաշնչյան պատմության, մարդկությանն ապրելու երկրորդ հնարավորությունն է ընձեռվել, և այդ փրկագործությունն արդեն տեղի է ունենում Երուսաղեմի Սիոն լեռան վրա, որտեղ էլ գտնվում է հայկական թաղամասը:

Ֆիլմում որպես ապացույց ներկայացվում են Երուսաղեմում պահպանված հայկական տառերով հնագույն խճանկարները, հայկական արձանագրությունները Սիոն լեռան վրա և այլ պատմական փաստեր:
Ֆիլմը նույն թեմայով այլ ֆիլմերից տարբերվում է նրանով, որ այստեղ օգտագործվել են ոչ թե հայ պատմագրության աղբյուրները, այլ հունական, ասորական, եբրայական և այլ աղբյուրներ:

Ֆիլմի հեղինակներն ասում են, որ արտասահմանցիները շատ քիչ բան գիտեն հայ ժողովրդի` պատմության մեջ առաջին քրիստոնյա ազգը լինելու մասին: Նրանց խոսքով` մարդիկ 70 րոպեի ընթացքում անընդհատ ստանալու են տեղեկություններ, որոնք խորհելու տեղիք են տալու:

Ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանն առաջին հերթին հենց հայերին է մեղադրում այն բանի համար, որ Հայաստանի և հայ ժողովրդի մասին արտասահմանցիներին քիչ բան է հայտնի:

«Մենք ինքներս շատ քիչ բան գիտենք մեր մասին, ուր մնաց թե` աշխարհն իմանա: Եթե ուզում ենք առաջ գնալ, չպետք գոռանք, թե մենք ով ենք եղել, քանի որ դա ոչ մեկին հետաքրքիր չէ: Առաջինն աշխարհում հարցնում են` ո՞վ ես դու այսօր, այսինքն` մենք պետք է ինքներս առաջին հերթին մարսենք մեր պատմությունը, հետո նոր աշխարհին մատուցենք»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Բաղդասարյանը:
Սցենարի հեղինակ ու պրոդյուսեր Տեր Մեսրոպ քահանա Արամյանը հավելում է, որ այս ֆիլմը յուրօրինակ կոչ է երիտասարդությանը` հետևելու իրենց հայրերի ճանապարհին ու իրենց պատմության տերը դառնալու:

«ՎիվաՍել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ասաց. «Թող աշխարհի ազգերն իմանան, որ քրիստոնեությունը մեր ազգի համար ոչ թե կրոն է, այլ գոյության հարց, և մենք ամեն ինչ արել ենք, որ գոյատևենք մեր հավատքի շնորհիվ ու պիտի շարունակենք գոյատևել»:

Ակնկալվում է, որ «Արարատից Սիոն» ֆիլմը մայիսի 12-ին կցուցադրվի նաև Մեծ Բրիտանիայում: Այն ներկայացված է արդեն ութ խոշոր միջազգային կինոփառատոների:

Մինչև մայիսի 21-ը ֆիլմը կցուցադրվի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում (17:00-ից հետո` օրը երեք անգամ): Տոմսերը վաճառվում են 1500 դրամով (մոտ 4 դոլար):