Փառատոնային Երևան. hայկական կինոաշխարհը միջազգային կինոգետների հավաքատեղի է դարձել

Ծիրանը բարձր գնի պատճառով վայելել բոլորին չի հաջողվում, բայց ֆիլմասեր հասարակությունը դրա տեղը լրացնում է` այցելելով «Ոսկե ծիրան» կինոփառատոն, որը 2004 թ.-ից ամեն տարի անցկացվում է Երևանում:


Արդեն երեք օր է, ինչ Երևանը վերածվել է իսկական կինոքաղաքի: Հայաստանի մայրաքաղաքի կինոթատրոններում և այլ դահլիճներում կիրակի մեկնարկած կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն 120 միջազգային ու հայկական ֆիլմեր: Միջոցառումը կավարտվի հուլիսի 18-ին:

Ճանաչված կինոռեժիսորները «Առնո Բաբաջանյան» համերգասրահում վարպետության դասեր են անցկացնում, իսկ Շառլ Ազնավուրի հրապարակում` հենց «Մոսկվա» կինոթատրոնի առաջ, ելույթ են ունենում ջազ երաժիշտներ: «Ոսկե ծիրանի» շրջանակներում ֆիլմերը ցուցադրվում են «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում, Տիկնիկային թատրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում և Հայաստանի ազգային պատկերասրահում:

Երեկոն ավարտվում է գիշերային ցուցադրություններով Սիրահարների այգում և The Club կոչվող հայտնի ժամանցային վայրում:

«Մեզ համար շատ կարևոր է աշխարհը մոտեցնել Հայաստանին և Հայաստանը աշխարհին, որն իրականություն է դառնում հենց այս փառատոնի ընթացքում»,- ասում է փառատոնի գլխավոր հովանավոր, Հայաստանի առաջատար բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որն այս տարի ստացավ 19-րդ դարի հայ ճանաչված բարեգործի անունը կրող` «Մանթաշյան ասպետ» պլատինե մեդալ:

«Մանթաշյան ասպետ» արծաթե մեդալ հանձնվեց «Մոսկվա» կինոթատրոնի տնօրենին, «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահին, «Դոլմամա» ռեստորանի տնօրենին: Մշակույթի նախարարության մեդալով պարգևատրվեցին նաև այլ աջակիցներ:

Փառատոնի անցած օրերին նաև հայազգի մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի թալեր մրցանակ հանձնվեց հետմահու Անրի Վերնոյին, որն ընդունեց նրա որդին` Պատրիկ Մալաքյանը: Պարգևատրվեց նաև հռչակավոր իտալացի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեն, որը փառատոնի պատվավոր հյուրն էր: Նա ստացավ նաև մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի մեդալ: Քաղաքապետարանի մեդալ շնորհվեց նաև ֆրանսիահայ պրոդյուսեր Ալեն Թերզյանին, որի ֆիլմով նախորդ տարի բացվել էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնը:

Այս տարի էլ, ինչպես նախորդ տարի, մասնակցում են ազգությամբ թուրք ռեժիսորներ: Նրանցից մեկը Ֆաթիհ Աքին է, որը ծնվել է Գերմանիայում: Չնայած երիտասարդ տարիքին`37-ամյա ռեժիսորն ավելի քան տասնյակ ֆիլմերի հեղինակ է: Կինոռեժիսորն ասում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հակասությունները վախի արդյունք են:

«Հարցը ոչ թե ցեղասպանությունն ընդունել-չընդունելու մեջ է, այլ նրա, որ Թուրքիայում մարդիկ չունեն այս կամ այն տեղեկությունը ստանալու ու քննադատելու իրավունք»,- «ԱրմենիաՆաուին» անկեղծացավ ռեժիսորը:

Նա ապագայում պատրաստվում է ֆիլմ նկարահանել բռնցքամարտի մասին, որում ցույց կտա, թե ինչպես են հայ և թուրք մարզիկները խաղում միմյանց հետ, ինչպիսի թշնամանքով են այդ խաղը քննարկում ինտերնետում, և իրականում ինչ բարեկամական հարաբերություններ են ստեղծվում մրցակիցների միջև:

«Ոսկե ծիրանը» հնարավորություն է ստեղծում ֆիլմեր ներկայացնել ոչ միայն տեղացի հայերին, այլև առաջին հերթին սփյուռքահայերին, որոնց համար շատ կարևոր է իրենց ֆիլմը ցուցադրել հայրենիքում: Նրանցից մեկը Կոմս Շահբազյանն է, որը 2004 թ. «Ոսկե ծիրանին» մասնակցելով` գտավ իր ապագա կնոջը, որի հետ էլ նկարահանեց «Այստեղ` ներքևում» ֆիլմը, որն այս տարի ներկայացրել է երևանյան փառատոնին:

Ֆիլմը Երևանի կենտրոնի այն բնակիչների մասին է, որոնց վտարում են իրենց հին տներից, որպեսզի տեղում էլիտար շենքեր կառուցեն:

«Մենք մեկ տարի նկարել ենք այդ ֆիլմն ու մեկ տարի հավասարապես ապրել այդ մարդկանց հետ: Այդ ժամանակ կինս սպասում էր մեր դստերը»,- «ԱրմենիաՆաուին» պատմում է Շահբազյանը:

Փառատոնին մասնակցում է նաև մեկ այլ երիտասարդ ռեժիսոր` վենեսուելացի Հայկ Ղազարյանը` իր «Վենեսիա» ֆիլմով, որը նրա առաջին աշխատանքն է: Ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների սիրո պատմություն է, որը, ռեժիսորի կարծիքով` կհետաքրքրի բոլորին:

Կինոփառատոնի շրջանակներում ֆիլմերի ցուցադրումներն ու մյուս միջոցառումները կշարունակվեն մինչև առաջիկա կիրակի: