Տաթևի թևերը. Հայաստանում գործարկվեց «աշխարհի ամենաերկար ճոպանուղին»

Տաթևի թևերը. Հայաստանում գործարկվեց «աշխարհի ամենաերկար ճոպանուղին»

Նազիկ Արմենակյան
ԱրմենիաՆաուի ֆոտոթղթակից

Հոկտեմբերի 16-ին Տաթևի եկեղեցու զանգերն ուժգին ղողանջում էին` ազդարարելով միջնադարյան վանական համալիրի վերածննդի ծրագրի մեկնարկն ու «Տաթևի թևեր» անունը կրող ճոպանուղու բացումը: Ճոպանուղին, որը, ինչպես ասում են, ամենաերկարն է աշխարհում, մոտակա գյուղը կապում է Տաթևի վանական համալիրին:


5,7 կմ-ոց ճոպանուղին, որը կառուցվել է 11 ամսում, անցնում է Որոտան գետի անդնդախոր կիրճի, փարթամ անտառներով պատված սարերի վրայով: Ընդամենը 11 րոպեում ճոպանուղին Հալիձոր գյուղից այցելուներին (ամեն անգամ 25 հոգի) հասցնում է Տաթևի հոյակերտ համալիր:

9-րդ դարի վանական համալիր Տաթևը կարևոր դերակատարություն է ունեցել տարածաշրջանի կյանքում և ծառայել որպես հոգևոր, մշակութային ու գիտական կենտրոն:

Ճոպանուղու առաջին ուղևոր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ողջույնի իր խոսքում հայտարարեց, թե «աշխարհի ամենաերկար ճոպանուղու կառուցմամբ մենք նպատակ չունենք որևէ մեկին զարմացնել», այլ աշխուժացնել այդ շրջանի տնտեսական ու մշակութային կյանքը և զարգացնել զբոսաշրջությունը:

Արարողությանը ներկա էին նաև Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի այլ բարձրաստիճան պետական այրեր և օտարերկրյա հյուրեր:

Ճոպանուղին հնարավորություն է տալիս այցելուներին հեշտությամբ հաղթահարելու Տաթևի վանական համալիր տանող` մեքենայով 40 րոպեի ոլորապտույտ ճանապարհը, որը ձմռան ամիսներին ուղղակի դժվարանցանելի է դառնում:

Ճոպանուղին հնարավորություն կտա վանքի հիանալի բնապատկերը վայելելու նաև ձմռանը: Ենթադրվում է, որ ճոպանուղուց կօգտվի տարեկան 20.000 զբոսաշրջիկ:

13 մլն եվրո (մոտ 18 մլն դոլար) արժողությամբ ճոպանուղին կառուցվել է շվեյցարա-ավստրիական Garaventa Doppelmayr ընկերության կողմից, որը, ըստ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանի, «աշխարհում ճոպանուղի կառուցող ամենահայտնի ու վստահելի ընկերությունն է ու տալիս է հարյուր տոկոս ապահովության երաշխիք»:

«Տաթևի վերածնունդ» ծրագրի գաղափարի հեղինակ, գործարար, «Տրոյկա դիալոգ» խոշոր ներդրումային բանկի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի համար «նախաձեռնած գործը սրբություն է, որը պիտի հասցնել իր ավարտին»:

Վարդանյանին հաջողվել է իր գաղափարով ոգևորել մոտ 100 հայ և օտարերկրյա բարերարների, որոնց աջակցությամբ արդեն իսկ կառուցվել է ճոպանուղին, վերականգնվել վանք տանող ճանապարհը, վանական համալիրի մի քանի շինություններ ու բարեկարգվել համալիրի շրջակայքը:

Վարդանյանի գաղափարը`մոտ 50 մլն դոլար արժողությամբ «Տաթևի վերածնունդ» ծրագիրը, իրագործում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, որը գործում է պետական և մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքով: Հիմնադրամը նախատեսում է խոհարարական ու գյուղական տուրիզմի զարգացման ծրագրեր իրականացնել վանքի հարակից վեց գյուղերում:

Եթե այսօր վանք այցելող զբոսաշրջիկը գիշերելու համար ստիպված է մոտ երկու ժամվա ճանապարհ անցնել` հասնելով Գորիս, ապա հետագայում կկարողանա գիշերել մոտակա վեց գյուղերից մեկում, որտեղ կծանոթանա նաև հայկական խոհանոցին, գյուղական կենցաղին ու ավանդույթներին:

Արդեն աշնանային գույներով բնապատկերի մեջ ձուլված վանքի անդորրը բացման օրը խախտվել էր, հավաքված մոտ 800 բարձրաստիճան հայ և օտարերկրյա հյուրերը վայելում էին վանքի գեղեցկությունն ու ժողովրդական տոնակատարության ուրախությունը:

Ամենուր հնչում էր զուռնան ու դհոլը, մատուցվում էին հայկական ավանդական ուտեստներ, եկեղեցու խնկի ու մոմի բույրին խառնվել էր թոնրում թխվող լավաշի հոտը:

Բեյրութում ծնված, Ամերիկայում ապրող MIT պրոֆեսոր, Flagship Ventures կազմակերպության գործընկեր և գործադիր տնօրեն Նուբար Աֆեյանը ևս ծրագրի բարերարներից է, որը վստահ է, որ «նման ծրագրերը Հայաստանի վերածնունդն են»:

«Թվում էր, թե ճոպանուղու գաղափարը, այս գյուղերի զարգացման միտքը շատ հավակնոտ էր, բայց հենց նման ծրագրեր են պետք այսօր Հայաստանին աշխարհում իսկապես մրցունակ դառնալու համար, պիտի մի քիչ ավելի վերից սկսել, որ հաջողության հասնենք»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Աֆեյանն ու շտապում միանալ վանքի մոտ շուրջպար բռնած պարախմբին:

Տոնակատարության ամենաերջանիկ մասնակիցներից մեկը նախագահ Սարգսյանի հետ միասին ճոպանուղի նստած 10-ամյա Կարենն էր:

Վանքի հարակից Շինուհայր գյուղի բնակիչ Կարենը հուզվել էր ոչ միայն որ առաջին անգամ էր ճոպանուղի նստում, այն էլ նախագահի հետ, այլ որ իրեն ծանոթ անտառներն ու ձորերն առաջին անգամ տեսել էր վերևից:

«Դե, շատ եմ եղել էդ անտառներում, բայց որ տեսա, ոնց որ ուրիշ տեղ լինեի, մի քիչ վախենալու էր, բայց շատ լավ էր»,- պատասխանում է Կարենն ու պատմում, թե ինչպես են իրեն ընտրել վիճակահանության միջոցով:

Մոտակա վեց գյուղերի բնակիչներն էլ, որտեղ նախատեսված են զարգացման լուրջ ծրագրեր իրականացվել, կարծում են, որ բախտն իրենց ժպտացել է:

«Շատ ենք ուրախացել, որ ծրագրեր են անում, մեր գյուղերում հյուրանոցներ կլինեն: Որ էս ճոպանուղին կառուցեցին, արդեն հավատում ենք, որ մեր գյուղերի հետ կապված մյուս ծրագրերն էլ կիրականացնեն»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Տաթև գյուղի բնակիչ Սիլվա Գևորգյանը: