Խեղաթյուրված հանրագիտարան. բրիտանական և ռուսական հրատարակչություններն աղավաղել են Հայաստանի մասին հիմնական փաստերը

Մեծ Բրիտանիայի Kingfisher Publications-ի և ռուսական «Махаон» հրատարակչության հրատարակած «Պատկերազարդ աշխարհագրական մեծ հանրագիտարանի» տվյալներով` Հայաստանում հիմնական լեզուները հայերենն ու ադրբեջաներենն են, իսկ հիմնական կրոններն են ուղղափառ քրիստոնեությունը և իսլամը, մասնավորապես` շիա ուղղությունը:


Երևանի գրախանութներում 10.000 դրամով (33 դոլար) վաճառվող հանրագիտարանի ռուսերեն տարբերակը հրատարակվել է 2009-ին 15.000 տպաքանակով:

«Սա սարսափելի խեղաթյուրում է, որի դեմ պետք է պայքարենք»,- ասում է «Անկախ» շաբաթաթերթի (տպաքանակը` 2000 օրինակով) գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանը` հավելելով, որ նամակով դիմել է հրատարակչություններին` պահանջելով հերքել ապատեղեկատվությունն ու դադարեցնել գրքի վաճառքը:

«Լռելն անթույլատրելի է: Այս խնդրով հետաքրքրվել են նաև [ՀՀ] նախագահականում և խոստացել են աջակցել հետագա գործընթացներին»,- ասում է Իշխանյանը:

Հանրագիտարանի անգլերեն տեքստում նշված է, որ «այս գիրքը յուրաքանչյուր երկրի անձնագիրն է:

«Պատկերազարդ աշխարհագրական մեծ հանրագիտարանը» հեղինակություն է, աշխարհի երկրների մասին` արդի ուղեցույց»:
http://www.panmacmillan.com/titles/displayPage.asp?PageTitle=Individual%20Title&BookID=424405


Մինչդեռ Հայաստանի «անձնագիրը», մեղմ ասած, խեղաթյուրված է:

Իշխանյանը հանրագիտարանում զետեղված սխալ տեղեկությունները միտումնավոր հակահայկական քարոզչություն չի համարում.

«Եթե միտումնավոր լիներ, ավելի վատ տեղեկություններ կընդգրկեին, սակայն անկախ ամեն ինչից, սրա համար պատասխանատվություն պետք է կրեն, որպեսզի կանխենք հետագա նման հրատարակությունները»,- կարծում է նա:

Շաբաթ ՀՀ փաստաբանների պալատն անցկացնելու է խորհրդակցություն` քննարկելու խնդրին իրավական լուծում տալու հնարավորության հարցը: