Հեռարձակման դաշտից դուրս. մրցույթից հետո հաղորդումները փոխում են իրենց «հասցեն»

Անցյալ շաբաթ ավարտվեց չորս հայկական հեռուստաընկերությունների արտոնագրերի ժամկետը, որոնք, ըստ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի վերջին որոշման, չեն վերականգնվի:


Նրանց թվում են միակ մանկական հեռուստաալիք «Հայրենիքը» և հոգևոր-մշակութային «Շողակաթ» ալիքը:

Հայաստանում թվային հեռարձակման անցնելու մասին նոր օրենքի համաձայն` ստեղծվելու է թվային հեռարձակման ցանց, ըստ որի` նախկին 22-ի փոխարեն կգործի 18 հեռուստաալիք:

«Հայրենիք», «Շողակաթ» և TV 5 հեռուստաընկերությունները հեռուստատեսային կապուղիների համար հայտարարված մրցույթին հայտ չէին ներկայացրել:

«Շողակաթ» հեռուստաալիքը հիմնվել է որպես հոգևոր-մշակութային ուղղվածություն ունեցող հեռուստաալիք, ուստի կապուղիների մրցույթում մենք չէինք կարող մասնակցել ընդհանուր կամ լրատվական ուղղվածություն ունեցող հեռուստաալիքների հետ»,- ասում է «Շողակաթ» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Արա Գալոյանը:

«Շողակաթ» հեռուստաընկերությունը ստեղծվել է Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի գործունեությունը լուսաբանելու և քարոզչությունն ակտիվացնելու նպատակով:
Հունվարի 21-ից արդեն այս հեռուստաընկերության հաղորդումները հեռարձակվում են Հանրային հեռուստաընկերությանը պատկանող «Արարատ» հեռուստաալիքի 48-րդ հաճախությամբ:

«Հայրենիք» հեռուստաընկերությունը, որը հիմնվել է 2001 թվականին, իր մանկական հաղորդումների շարքը հեռարձակում է «Ար» հեռուստաալիքով ամեն օր ժամը 14-ից մինչև 17-ն ընկած սահմաններում:

«Ծրագրվում է, որ միավորումը թույլ կտա «Ար» հեռուստաալիքին ներկայացնել հաղորդումների ավելի լայն շրջանակ և հեռուստադիտողի առջև հանդես գալ նոր լույսի ներքո»,- տեղեկացնում են «Ար» հեռուստաընկերությունից:

Հեռուստադիտողներից շատերը հատկապես դժգոհում են հեռուստաեթերում «Հայրենիք» և «Շողակաթ» հեռուստաընկերությունների բացակայությունից:

«Շողակաթն» ու «Հայրենիքը» Հայաստանում գործող հեռուստաալիքներից ամենալավն էին, երեխաները մեծ հաճույքով նայում էին նրանց հաղորդումներն ու ֆիլմերը, որ դրանք էլ չլինեն, էլ ի՞նչ պիտի նայենք»,- ասում է երկու երեխաների մայր Նոնա Գուլքանյանը:

2010 թվականի դեկտեմբերի 16-ին Հայաստանում կայացած հեռուստատեսային կապուղիների մրցույթի արդյունքներով` թվային հեռարձակման արտոնագիր չեն ստացել մրցույթին մասնակցած «Ա1+», «ԱԼՄ» հեռուստաընկերությունները, իսկ մարզային հաճախություններում` Գյումրու «ԳԱԼԱ» ընդդիմադիր հեռուստաալիքը:

Ինչ վերաբերում է TV5-ին, ապա այդ հեռուստաընկերությունը պատկանում է «Արմենիա TV» և «Արմնյուզ» հեռուստաընկերությունների սեփականատերերին և, ըստ նրանց, այս հեռուստաալիքի հեռարձակումն անարդյունավետ էր:

Եթե երեք հեռուստաընկերությունները մրցույթում հայտ չէին ներկայացրել, ուստիև պատրաստ էին եթերազրկմանը, ապա «ԱԼՄ» հեռուստաընկերությունը ներկայացրել և պարտվել էր «Երևան» հեռուստաընկերությանը, որից հետո «ԱԼՄ»-ի սեփականատեր Տիգրան Կարապետյանն այսօր արդեն դուրս է եկել քաղաքական պայքարի` մասամբ բողոքելով եթերազրկման դեմ: