«Հավերժական կտակ». նոր գեղարվեստական ֆիլմը բացահայտում է Արցախյան գոյամարտի ոչ այնքան հայտնի սխրանքները

«Հավերժական կտակ». նոր գեղարվեստական ֆիլմը բացահայտում է Արցախյան գոյամարտի ոչ այնքան հայտնի սխրանքները

Courtesy of Samvel Tadevosyan

Մայիսյան հաղթանակների տոների նախօրեին հայ հանդիսատեսի դատին կհանձնվի Արցախյան հերոսամարտի մասին պատմող գեղարվեստական-խաղարկային «Հավերժական կտակ» ֆիլմը:


Սա ռեժիսոր Սամվել Թադևոսյանի «Արդարության մարտիկներ» ֆիլմաշարի «Տղե´րք, մենք եկանք» և «Տաք արահետներ» ֆիլմերից հետո երրորդ ֆիլմն է, որը հիմնված է իրական պատմությունների վրա և նվիրված է Արցախյան պատերազմի մասնակից քաջորդիներին, ովքեր այսօր էլ ողջ են և ապրում են մեր կողքին:

«Այս ֆիլմաշարով փորձ է արվում կոտրել այն ավանդույթը, որ մենք չենք անդրադառնում Արցախյան հերոսամարտի այն լեգենդար անձնավորություններին, որոնք այսօր ողջ են ու ապրում են նույն հոգեկերտվածքով»,- ասում է ռեժիսորը:

«Հավերժական կտակ» ֆիլմի հիմնական իրադարձությունները ծավալվում են ունենում մեր օրերում, սակայն հերոսների հիշողությունների և դիստանցիոն մոնտաժի միջոցով հասնում են մինչև Արցախյան պատերազմ:

Ֆիլմի առանցքում Ապարանցի Պավլիկն է (Պավլիկ Մանուկյան), ով Արցախյան պատերազմի օրերին երկու անգամ Շուշիի բերդ է ընկել, ենթարկվել դաժան կտտանքների, նույնիսկ գեներալ Սաֆոնովին խոստացել, որ այլևս ոտք չի դնի Շուշի, սակայն Շուշիի ազատագրման 18-ամյակի առթիվ նա որդու հետ մեկնում է Արցախ, այս անգամ արդեն հաղթանակած մտնում է Շուշվա բերդ և որդուն պատմում պատերազմի ընթացքում իր անցած ուղու մասին:

«Հավերժական կտակ» ֆիլմի հերոս Պավլիկն իր փորձառությունն է փոխանցում որդուն և մատաղ սերնդին:

«Ցավոք, մեր հայրենիքը շրջապատված է հարատև թշնամիներով, մեզ պարտադրված է հարատև կռիվ, և այդ ամբողջ փորձառությունը հարկ է փոխանցել մեզ բոլորիս և գալիք սերնդին, որը դառնալու է սահմանի, հայրենիքի, գիտության, մշակույթի երաշխավորը»,- ասում է ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմի գեղարվեստական ղեկավար Արթուր Մկրտչյանն էլ հավելում է, որ սա ֆիլմ է ոչ միայն Պավել Մանուկյանի, այլև նրա նման բոլոր հերոսների մասին:

«Պավել Մանուկյանի նման հերոսներ շատ կան, ուղղակի պետք է նրանց հիշել, նկատել»,- ասում է Մկրտչյանը:

«Հավերժական կտակ» ֆիլմում չկան դերասաններ, կան հինգ մասնակիցներ` Պավլիկ Մանուկյանն որդու` Արամ Մանուկյանի հետ, Սիսիանի գումարտակի նախկին հրամանատար Աշոտ Մինասյանը, Սիսիանի օդակայանի հրամանատար Հրաչ Կարապետյանը և երգիչ Սահակ Սահակյանը, ովքեր ներկայացնում են հենց իրենց:

Ըստ «Հավերժական կտակ» ֆիլմի հեղինակների` ֆիլմի հիմնական նպատակն է մշակութային հակազդեցություն լինել եթերը ողողած անհասկանալի սերիալներին, ինչպես նաև հայ հանրությանը ներկայացնել ազգային հաղթանակները և կենդանի հերոսներին:

53 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել էին 2009 թ. կեսից և տևել շուրջ 1,5 տարի, իսկ ֆինանսավորում, ռեժիսորի հավաստիացմամբ`չեն ունեցել:

«Շուրջս համախմբվեցին մարդիկ, ովքեր ցավսիրտ եղան և կարողացան օգնել»,-ասում է Թադևոսյանը:
Ռեժիսորի խոսքով` «Հավերժական կտակը» զուտ ազգային ֆիլմ է, և չեն ցանկանում, որ այն չարչրկվի փառատոներում, հավանաբար կմասնակցեն միայն Կանադայում կազմակերպվող «Նուռ» միջազգային կինոփառատոնին:

Սամվել Թադևոսյանն այն սակավաթիվ ռեժիսորներից է, ով բազմաթիվ ֆիլմերով (30-ից ավելի) անդրադարձել և շարունակելու է անդրադառնալ Արցախյան գոյամարտին, ինչպես նաև Արցախյան պատերազմում մարտնչած հայորդիներին:

«Հավերժական կտակ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա մայիսի 4-ին` «Մոսկվա» կինոթատրոնում, այնուհետև կլինեն պրեմիերաներ նաև հայահոծ սփյուռքում: