Կանգնեցրե´ք «Ստոպ» փառատոնը. զայրացած գյումրեցիները պահանջում են չեղյալ հայտարարել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը

Կանգնեցրե´ք «Ստոպ» փառատոնը. զայրացած գյումրեցիները պահանջում են չեղյալ հայտարարել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը

Photo: Edgar Barseghyan/Via Facebook

Գյումրում բողոքի ցույցեր են անցկացվում ապրիլի 12-ին կազմակերպված ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ:

Հինգշաբթի Գյումրում նախատեսված ադրբեջանական ֆիլմերի «Ստոպ» փառատոնը մեծ աղմուկ է բարձրացրել գյումրեցիների շրջանում: Մի քանի օր շարունակվող բողոքի ցույցերից բացի, հնչում են անգամ կազմակերպչի նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ, սակայն չնայած անհամաձայնությանը` փառատոնը կայանալու է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի տրամադրած դահլիճում:
Երևանում ակտիվիստները բողոքում են Գյումրում անցկացվող ադրբեջանական ֆիլմերի փառատոնի դեմ:


Փառատոնի կազմակերպիչը` «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Գեորգի Վանյանը հայտարարել է, որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է պատասխանատու ստեղծված լարվածության և սպառնալիքների համար:

Գյումրում ապրիլի 12-ին նախատեսված նման փառատոնի անցկացումը Ղուկասյանը որակել էր «դավաճանություն ու խայտառակություն», իսկ նրա գլխավոր խորհրդական Լևոն Խաչատրյանը պնդել էր, որ այն «ամեն գնով» պետք է արգելել:

«Արդեն մի քանի անգամ ստացել եմ սպառնալիքներ, զանգում են ու սպառնում, որ կոչնչացնեն, եթե ես անցկացնեմ փառատոնը: Ես արդեն հստակ գիտեմ` ո´ւմ ձեռքի գործն է դա, և փառատոնից հետո` մամլո ասուլիսում, ամեն ինչ կպարզաբանեմ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Վանյանը:

Ցուցադրվելու է 2007-2008 թթ. Ադրբեջանում նկարահանված 4 կարճամետրաժ ֆիլմ, մեկը` վավերագրական, երեքը՝ գեղարվեստական:

Կազմակերպիչները վստահ են, որ փառատոնը «չմիջնորդավորված շփման տարածք է», ազատ «մարդասիրական գաղափարների այլասերման և բանականության ոչնչացման գնով ծավալված քարոզչությունից»:

Այս փառատոնը պետք է կայանար դեռևս 2010 թ. Երևանում և Վանաձորում, սակայն տարածք չտրամադրելու պատճառով հետաձգվել էր:

Գյումրում էլ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին շատերը հորդորում են չտրամադրել տարածք` նրան ևս մեղադրելով «ազգի դավաճանության» մեջ:

Բարսեղյանը պարզաբանում է, որ «Ասպարեզ» ակումբի խոսքի ազատության սրահը 12 տարի շարունակ բոլոր հնարավոր կամեցողներին տրամադրվել է առանց նախնական կամ այլ գրաքննության, և ազատ արտահայտման հնարավորության ստեղծումը, խոսքի և արտահայտման ազատության պաշտպանությունը ակումբի հիմնադիր սկզբունքն է:

Ի թիվս տարբեր երիտասարդական խմբերի` հինգշաբթի հայտարարություն է տարածել նաև ՀՅԴ երիտասարդական միությունը` կոչ անելով «միանալ բողոքի ակցիային, որը բխում է յուրաքանչյուր հայի սկզբունքներից»: