Փառատոնի հետևանքները. Վանյանի կազմակերպած ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունն անցկացվեց Գյումրուց դուրս գտնվող ռեստորանում

Փառատոնի հետևանքները. Վանյանի կազմակերպած ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունն անցկացվեց Գյումրուց դուրս գտնվող ռեստորանում

Ֆոտոլուր

Ադրբեջանական ֆիլմերի հակասական փառատոնը տեղի է ունեցել Գյումրուց դուրս գտնվող սեփական ռեստորանում այն բանից հետո, երբ Հայաստանի երկրորդ մեծ քաղաքի զայրացած բնակիչները խաչընդոտեցին դրա անցկացումը տեղի լրագրողական ակումբում` բողոքի ակցիաներ անցկացնելով, որի ժամանակ նույնիսկ սպառնացին հաշվեհարդար տեսնել փառատոնի կազմակերպիչ Գեորգի Վանյանի հետ:

«Ստոպ» անունով ադրբեջանական ֆիլմերի փառատոնը պետք է անցկացվեր ապրիլի 12-ին Գյումրում, սակայն այն ձախողվել է, երբ տասնյակից ավելի ցուցարարներ շրջափակել են Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, որտեղ պետք է ցուցադրվեին ֆիլմերը: Ցուցարարները փառատոնի կազմակերպչից պահանջել են դուրս գալ շենքից և հեռանալ քաղաքից, և նրա վրա նետել են հավկիթներ:

«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» ղեկավար Վանյանը փառատոնը կազմակերպելու համար դրամաշնորհներ է ստացել ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանություններից: Սոցիալական ցանցերում ձևավորված խմբերը կոչ էին անում «արգելել այս ամոթալի նախաձեռնությունը»:

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խստիվ քննադատել է նախաձեռնության հեղինակներին` ասելով, որ «նրանք հայ չեն և Գյումրում անելիք չունեն»:

Երևանում բողոքողների խումբը «Ո´չ գրանտակեր Վանյանօղլուներին և հակահայկականությանը» պաստառներով էին ակցիա անցկացնում: Նրանք բաց նամակ են ուղարկել ՀՀ մշակույթի նախարարությանը, որում, մասնավորապես, ասվում է. «Հայաստանը ո´չ դիվանագիտական, ո´չ էլ մշակութային կապեր չունի Ադրբեջանի հետ, ուստի նման փառատոների կազմակերպումը պետք է մեկընդմիշտ արգելվի Հայաստանում»:

Ըստ Վանյանի` փառատոնի նպատակն էր հայ հանդիսատեսին ներկայացնել ադրբեջանական ժամանակակից ֆիլմարտադրությունը:

Անախորժություններից խուսափելու համար Վանյանը և նրա գործընկերները ոստիկանության մեքենայով դուրս են բերվել քաղաքից` մեկ այլ ոստիկանական մեքենայի ուղեկցությամբ:

Երեկոյան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարություն է տարածել, որում քննադատել է Վանյանի դեմ բռնությունը և այդ վարքն անվանել «գյումրեցուն անվայել»:

Ժուռնալիստների ակումբի համաձայն` ֆիլմերի ցուցադրությունն անցկացվել է Գյումրի-Երևան մայրուղու ռեստորանում` Երևանից Գյումրի եկած մարդկանց համար: