«Ոսկե ծիրան». իններորդ տարին անցկացվող փառատոնում Եկեղեցին սահմանել էր հատուկ մրցանակ

«Ոսկե ծիրան». իններորդ տարին անցկացվող փառատոնում Եկեղեցին սահմանել էր հատուկ մրցանակ

Ֆոտոլուր

Ամենայն հայոց կաթողիկոսը Սոկուրովին «Եղիցի լույս» մրցանակը հանձնելիս:

Այս տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ Հայոց Եկեղեցին մրցանակ է սահմանել, որը հինգշաբթի հանձնվեց ռուս կինոռեժիսորներից մեկին:


Կիրակի մեկնարկած երևանյան ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը` «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնը, արդեն ինը տարի շարունակ իր շուրջն է համախմբում աշխարհի տարբեր երկրների ռեժիսորներին, կինոյի վարպետներին ու պարզապես կինոսիրողներին:

9-րդ «Ոսկե ծիրան» մեկշաբաթյա կինոփառատոնի շրջանակներում ընդհանուր առմամբ ներկայացվելու են 170 լիամետրաժ, կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմեր, որոնցից 65-ն ընդգրկված են մրցութային ծրագրում:

Այս տարվա փառատոնային հինգերորդ օրն առանձնացավ Հայաստանյայց Առաքելական Սբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակի հանձնման արարողությամբ: Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայոց Եկեղեցու սահմանած մրցանակը շնորհեց աշխարհահռչակ ռուս կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովին` հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում իր նշանակալի ավանդի համար:

Իսկ արդեն երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի լեփ-լեցուն սրահում տեղի ունեցավ Սոկուրովի «Ֆաուստ» ֆիլմի երևանյան պրեմիերան:

Կինոփառատոնի շրջանակներում մրցանակներ են նախատեսված խաղարկային, վավերագրական, «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) և «Հայկական համայնապատկեր» անվանակարգերում:

Փառատոնի շրջանակներում ներկայացվել է նաև սփյուռքահայ ռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկին դաջվածքները» ֆիլմը, որով կինոռեժիսորը լույս է սփռում հազարավոր մոռացված հայ կանանց ճակատագրի վրա, որոնք փրկվեցին 1915-ի ցեղասպանությունից, բայց հարկադրվեցին մարմնավաճառությամբ զբաղվել և դաջվեցին` տեղացի կանանցից տարբերվելու համար:

Ֆիլմի պրեմիերան տեղի էր ունեցել անցյալ տարվա սեպտեմբերին Ստոկհոլմում և ցուցադրվել էր աշխարհի մի շարք երկրներում: Իսկ հունվարին մեկ շաբաթ շարունակ ֆիլմը ցուցադրվեց Al Jazeera English հեռուստաալիքի եթերում:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի թերևս ամենատպավորիչ ու հուզիչ պահը չորեքշաբթի էր, երբ Երևանի Սբ Զորավոր եկեղեցում մատուցվեց պատարագ համաշխարհային կինոյի երեք վարպետների` Միքելանջելո Անտոնիոնիի, Տոնինո Գուեռայի և Թեոդորոս Անգելոպուլոսի հիշատակին:
Երևանյան կինոփառատոնը կշարունակվի մինչև կիրակի: