Ղարաբաղցի քանդակագործի Վիքիպեդիայի հուշարձանը բացվել է Լեհաստանում

Ղարաբաղցի քանդակագործի Վիքիպեդիայի հուշարձանը բացվել է Լեհաստանում

Photo: www.wikipedia.org

Ղարաբաղցի հայ քանդակագործի նախագծով հուշարձանը՝ նվիրված Վիքիպեդիային, այս շաբաթ հանդիսավորությամբ բացվել է Լեհաստանի Սլուբիցե քաղաքում:

30-ամյա ստեփանակերտցի քանդակագործ Միհրան Հակոբյանի աշխատանքը առցանց հանրագիտարանին նվիրված առաջին հուշարձանն է:

2010-2013 թթ. Հակոբյանն ավարտել է Սլուբիցեի Ադամ Միցկևիչի անվան օտարերկրյա ուսանողների համար լեհերեն լեզվի ինստիտուտը [Լեհաբանության կոլեգիան], և նրան շնորհվել է բակալավրի կոչում: 2012-ին ի գնահատումն ինստիտուտում իր կատարած աշխատանքների և ուսման մեջ լավ արդյունքների՝ արժանացել է «Կուլչիկ ընտանիքի» հիմնադրամի կրթաթոշակի:

2011 թ.-ից աշխատում է համակարգչային անիմացիայի ոլորտում: Հեղինակ է մի շարք անիմացիաների, այդ թվում՝ պլաստիլինով անիմացիոն ֆիլմերի, որոնք նպաստում են Կոլեգիայի օտարերկրյա ուսանողներին լեհերենի խորացմանը:

2013-ին Մոսկվայում անցկացված կարճամետրաժ ֆիլմերի հիմնադրամի մրցույթին ներկայացված «Հովանոցը» անիմացիոն ֆիլմի համար արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Միհրան Հակոբյանի լամինատից պատրաստված քանդակում պատկերված են երկու կին և երկու տղամարդ մարդ, ովքեր պահում են Վիքիպեդիայի պատկերանիշը հանդիսացող գլոբուսը: Գլոբուսը անավարտ է՝ ի նշան գիտելիքների շարունակ համալրման:

Հուշարձանի մասին տեղեկատվությունը, ինչպես նաև լուսանկարը զետեղվել է Վիքիպեդիայի «Հուշարձաններ» բաժնում: