«Հայֆեստ». միջազգային թատերական փառատոնի կազմակերպիչները խոստանում են աննախադեպ հագեցած ծրագիր

Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կկայանա 13-րդ «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնը՝ «Զգացողությունների թանգարան» խորագրով, որին մասնակցելու համար մայրաքաղաք կժամանեն 250 մասնակիցներ աշխարհի 26 երկրներից, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Հունգարիայից, անգամ Բանգլադեշից: Փառատոնի բացումը տեղի կունենա ՆՓԱԿ-ում:

«Հայֆեստ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նշում է. «Հայֆեստի» այս տարվա ծրագիրը լինելու է բավականին հզոր և շլացուցիչ, յոթ օրում ցուցադրվելու է 75 ներկայացում, օգտագործվելու է 12 բեմահարթակ:

«Ներկայացումների ծրագիրն աննախադեպ խիտ է: Կա օր, երբ նախատեսված է 12 ներկայացում ցուցադրել: Հիմնականում փառատոնը բացվում է արտասահմանյան ներկայացումով, բայց այս տարի բացման ներկայացումը հայկական կլինի: Այն կոչվում է «Զգացողությունների թանգարան», ներկայացման հեղինակը Վահան Բադալյանն է: Այս ներկայացման մեջ միաձուլվում է տեսական և կատարողական արվեստը, ներկայացվում է 9 զգացմունք»,- ասել է նա:

«Զգացողությունների թանգարան» ներկայացումը բեմադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ: Ըստ Ղուկասյանի` փառատոնի ընթացքում կներկայացվեն՝ Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակում»-ը (Լիտվա), Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետը» (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծը» (ԱՄՆ) ներկայացումները:

«Ուրախության առիթ են տալիս հատկապես հայկական ներկայացումները: Նաև փառատոնի կատարած աշխատանքի շնորհիվ է, որ հայկական ներկայացումների միջին որակը բարձրացել է: Եթե նախորդ տարիներին ունեինք 1-2, ապա այս տարի ունենք 4-5 եվրոպական կարգի հայկական ներկայացում: Մենք կազմակերպում ենք փառատոնը, որպեսզի մշակույթը զարգանա, թատերական իմաստով մակարդակը բարձրանա»,- ասում է «Հայֆեստի» նախագահը և ավելացնում, որ հանդիսատեսը կդիտի բազմաժանր ներկայացումներ՝ ստանալով մեծագույն բավականություն:

Երևանյան թատրոններից փառատոնի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր» և «Միհր» թատրոնները և այլն: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ «Հայֆեստը» ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց աշխատանքները «Արմսֆեստ» ուսանողական ծրագրում:

Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային, մենաներկայացումներ, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասեր:

Հիմնական ներկայացումների մուտքը կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա թատերասեր հասարակությանը ծանոթանալու արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին:

«Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «Հայֆեստը» գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):