Socially Relevant. հինգ հայկական ֆիլմեր կցուցադրվեն Նյու Յորքի փառատոնում

Հաջորդ ամիս հինգ հայկական ֆիլմեր կցուցադրվեն Նյու Յորքում անցկացվող կինոփառատոնի շրջանակներում` սոցիալական խնդիրների մասին իրազեկության բարձրացման և կինոարվեստի միջոցով դրական լուծումներ առաջարկելու նպատակով:

Ամերիկահայ հայտնի դերասան և պրոդյուսեր Նորա Արմանիի կողմից 2013-ին Նյու Յորքում հիմնադրված SR - Socially Relevant Film Festival New York փառատոնը 2016 թվականին կմեկնարկի մարտի 14-20-ը:

Ի թիվս Նյու Յորքում աշխարհի տարբեր երկրներից ներկայացվող ֆիլմերի` այս տարի կլինեն նաև հինգ հայ ռեժիսորների, այդ թվում` Արա Երնջակյանի «Խավարում», Ռուբեն Փաշինյանի «Տղա՛ս, ո՞ւր է Եփրատը», Մարինե Քոչարյանի և Սոնա Քոչարյանի «Ինչպես անցնել» (Ջիլիզից Ջիլիզ), Աննա Բայաթյանի «Արդեն գիտեմ» և Արեն Մալաքյանի «Աղջիկը լուսնի վրա» ֆիլմերը:

Ֆիլմերն արծարծում են տարբեր սոցիալական խնդիրներ` պատերազմների և հակամարտությունների ընթացքում երեխաների խոցելիությունից և կյանքում Հայոց ցեղասպանության հուշերով ապրելուց մինչև բաժանված սահմաններ, հաշմանդամության պատճառով սոցիալական խարան և պարտադրված մարտահրավերների հաղթահարում:

Փառատոնի մասին ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել պաշտոնական կայք` http://www.ratedsrfilms.org/: