LoveWave. «Եվրատեսիլ-2016»-ի Հայաստանի մասնակցի երգը դարձել է քննարկման առարկա

«Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանի LoveWave («Սիրո ալիք») երգը սոցցանցերում բուռն քննարկումների ալիք է բարձրացրել հայ և օտարերկրյա օգտատերերի շրջանում, իսկ երգչուհու գործընկերները դրական են արձագանքել երգին և տեսահոլովակին:

Գերմանիայում բնակվող 29-ամյա երգչուհին ընտրվել է Հանրային հեռուստաընկերության կողմից գարնանը Շվեդիայում անցկացվելիք երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար:

Իվետա Մուկուչյանը ծնվել է Հայաստանում, բայց որոշ ժամանակ անց տեղափոխվել է Գերմանիա մշտական բնակության:
2009-ին վերադարձել է Երևան և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժին։

2010-ին մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծին և զբաղեցրել 5-րդ տեղը։ Երգչուհին նաև մասնակցել է «Գերմանիայի ձայն» երաժշտական մրցույթին:

Երգի, որը երգչուհու ներաշխարհի և անձնական զգացմունքների արտացոլումն է, համահեղինակներն են Լիլիթ Նավասարդյանը և Լևոն Նավասարդյանը, որ հեղինակել էին նաև «Մանկական եվրատեսիլ-2015»-ի և «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան երգերը: Իսկ խոսքի հեղինակներն են Իվետա Մուկուչյանը և Սթեֆանի Քրաթչֆիլդը:

«Տեսահոլովակում գործողությունների փոխարեն ապրումներ են, ստանդարտ սյուժեի փոխարեն՝ խճճված ներաշխարհ:

Էկրանից այն կողմ իրականությունն է՝ լուսանկարի ճշգրտությամբ, աբստրակտ պատկերի խորությամբ: Ինչպես երկրաշարժի, այնպես էլ սիրո ալիքը տագնապեցնող է, սթափեցնող, այն կարող է մեկ վայրկյանում փոխել մարդուն ու նրա կյանքը»,- այսպես է ներկայացնում երգչուհին իր երգն ու տեսահոլովակը:

«Եվրատեսիլ-2016»-ի հայաստանյան պաշտոնական տեսահոլովակում Մուկուչյանի հետ նկարահանվել է Գերմանիայում բնակվող համաշխարհային շվեդացի մոդել, դերասան Բեն Դահլհաուսը:

2013-ին Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացրած «Դորիանսի» մենակատար Գոռ Սուջյանը Իվետայի երգը հավանել է, չնայած մինչ այժմ չի հասկացել եվրատեսիլյան ֆորմատը:

«Չեմ կարող ասել, թե ինչը կարող է գրավել եվրոպացիներին, ցանկություն էլ չունեմ հասկանալու»,- ասել է նա:
Միջազգային մրցույթների մասնակցության փորձ ունեցող երգիչ Գրիգոր Կյոկչյանը ևս դրական է արձագանքում գերմանաբնակ երգչուհու երգին:

«Օրիգինալ, հետաքրքիր, կրեատիվ երգ է, ինձ դուր եկավ, բայց մինչև չլսեմ «Եվրատեսիլի» մյուս մասնակիցների երգերը, ոչինչ չեմ կարող ասել, միայն կնշեմ, որ Ուկրաինայի ներկայացուցչի երգը նույնպես լավն է։ Իսկ, առհասարակ, ես սիրում եմ այս մրցույթը և սիրով կհետևեմ մեր մասնակցի ելույթին»,- ասել է Կյոկչյանը:

Սոցցանցերում քննադատական գրառումներ կարելի է հանդիպել հիմնականում հայ օգտատերերի կողմից: Շատերը համեմատություն են անցկացնում Հայաստանը «Եվրատեսիլ-2008»-ին ներկայացրած Սիրուշոյի «Քելե-քելե» կատարման հետ, նշելով, որ այս երգի գրանցած հաջողությունը դեռ ոչ մեկը չի ունեցել, մյուսները նշում են, որ Իվետայի երգը շատ ավելի լավն է, քան Արամ MP3-ի Not alone հիթը, որը Հայաստանին 2008-ից ի վեր երկրորդ անգամ բարձրացրեց 4-րդ հորիզոնական:

Օգտատեր Մինաս Մաղաքյանը գրել է. «Ժողովուրդ ջան, դուք` «Քելե-քելեով» հիացողներդ, բնականաբար, էս երգը չեք հավանի։ Բայց միանշանակ սա Արամի երգից հետո մեր լավագույն երգն է։ Իվետայի հաղթելու շանսերը շատ մեծ են»:

Որոշ օգտատերեր էլ կարծում էին, որ երգը հնչողությամբ շատ նման է բրիտանացի երգչուհի Ադելի Helo ստեղծագործությանը:

Հատկանշական է, որ տեսահոլովակի պրեմիերայից հետո հաշված օրերի ընթացքում այն կես միլիոնից ավելի դիտում ապահովեց, իսկ մեկնաբանությունների թիվը անցնում էր երեք հազարը, հիմնականում հիացական արձագանքներ եվրոպացի հանդիսատեսի կողմից երգչուհու կերպարի և հաջողված կատարման համար:

Հայաստանյան պատվիրակին ուշադիր հետևում և լուսաբանում են ոչ միայն հայկական, այլ նաև գերմանական լրատվամիջոցները:

Երգչուհին արդեն հասցրել է հարցազրույց տալ գերմանական հեղինակավոր RTL հեռուստաալիքին, որը հեռարձակվում է ոչ միայն Գերմանիայում, այլև Ավստրիայում, Շվեյցարիայում և Լյուքսեմբուրգում։

Իսկ գերմանական Moderncultureoftomorrow.com կայքը, անդրադառնալով Իվետայի եվրատեսիլյան երգին, իր ընթերցողներին առաջարկել է շաբաթվա առաջին ամենադժվար օրվա ծանր «լուծը» թոթափել «LoveWave» լսելով: Կայքը նաև հաջողություն է մաղթել Իվետային:

«Թող ելույթդ անթերի լինի։ Դու սիրո ալիքի պես արդեն ցնցել ես մեզ, և հիմա ժամանակն է, որ ցնցես ամբողջ աշխարհը»,- ասված է այնտեղ: