Տեսնելով հնարավորություն. Հայաստանը փնտրում է նոր տնտեսական վեկտորներ Իրանի նկատմամ պատժամիջոցների վերացումից հետո

Հայաստանը փորձում է փոխել արտաքին տնտեսական ուղղությունները, և նախագահ Սերժ Սարգսյանը արդեն սկսել է այս առնչությամբ խորհրդակցությունների շարք անցկացնել Հայաստանի նախարարների և դեսպանների մասնակցությամբ:

Առաջին նման խորհրդակցությունը տեղի է ունեցել անցյալ շաբաթ և նվիրված էր Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը: Ճիշտ է, այն մեծ հասարակական խանդավառություն չի առաջացրել, քանի որ առաջադրված շեշտադրումները չեն արտացոլում բեկման միտումը և ավելի շատ հիշեցնում են արձագանք արտաքին միտումներին:

Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանը, ներկայացնելով իրավիճակը, նշել է նախորդ տարվա ընթացքում տարածաշրջանում տեղի ունեցած երկու կարևոր իրադարձությունների մասին` Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը և Հայաստանի միանալը Եվրասիական միությանը:

Մինչդեռ, Հայաստանի անդամակցությունը Միությանը, բազմաթիվ փորձագետների կարծիքով, ոչ միայն չի նպաստել տնտեսական հարաբերությունների զարգացմանը ԵԱՏՄ հետխորհրդային երկրների հետ, որոնց հետ Հայաստանը ընդհանուր սահմաններ չունի, այլև հանգեցրել է նրան, որ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով` մենք կորցրել ենք ոչ միայն ռուսական, այլև եվրոպական շուկան:

Իրանի հետ հարաբերություններում հայ պաշտոնյաները մշտապես վկայակոչում են Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, որ Հայաստանը կարող է կամուրջ լինել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև, թեև Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ սահմաններ չունի, իսկ Իրանը ծովային սահմաններ ունի դրա երկու անդամների` Ռուսաստանի և Ղազախստանի հետ: Այս վկայակոչումը շատերը դիտարկում են որպես Իրանի առջև բացվելու` Երևանի չցանկանալը թաքցնելու փորձ, ինչպես նաև դրա ոչ ցանկալի լինելը Ռուսաստանի համար:

Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը խորհրդակցության ժամանակ հետաքրքրվել է նաև Հայաստանի տարածքով իրանական ապրանքների տարանցման հնարավորության մասին ոչ միայն ԵԱՏՄ երկրներ, այլև Եվրոպա: Մասնավորապես, նա խոսել է Հայաստանով Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման մասին: Մենք ի՞նչ կարող ենք անել իրանական կապիտալը Հայաստան և ԵԱՏՄ, ինչպես նաև ԵՄ ներգրավելու համար, որոնց հետ մենք ունենք նպաստավոր առևտրային ռեժիմներ` հարցրել է Սերժ Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանն արդեն միլիոնավոր դոլարներ է ներդրել Իրանի սահմանը Վրաստանի սահմանին կապող մայրուղու կառուցման վրա, որը կրկնակի կկրճատի այդ ճանապարհը: Մենք փորձում ենք նաև միջոցներ գտնել երկաթուղային հաղորդակցության կառուցման համար` ասել է Սերժ Սարգսյանը:

Էներգետիկ ոլորտում մենք նաև փորձում ենք ստեղծել հավելյալ ենթակառուցվածքներ, հավելյալ գեներացիոն ռեսուրսներ: Երկու տարվա ընթացքում մենք կունենանք մեծ թողունակությամբ ենթակառուցվածքներ` ասել է նա:

Մեկ այլ հանգամանք. ապրանքների և տրանսպորտի անարգել մուտքը Իրանի տարածք: Սա կարևոր է ոչ միայն մեզ, այլ նաև մեր արևմտյան գործընկերների համար` ընդգծել է Սարգսյանը: Արևմտյան գործընկերները, ովքեր կցանկանային Իրանում ներդրումներ կատարել, կարող են օգտվել Հայաստանից` որպես հանգրվանային հարթակից` ասել է նա:

Սերժ Սարգսյանը հանդիպման ընթացքում հայտարարել է արտաքին տնտեսական խնդիրներով արտգործնախարարի տեղակալի պաշտոնի ստեղծման մասին: Այս մասին նա ասել էր նաև փետրվարի 12-ին պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար կազմի հետ հանդիպմանը իր ելույթում: