Աշոտյանի հետքը. շուրջ յոթ տարի կրթության նախարար աշխատած ՀՀԿ գործիչը մաղթում է իր դաշնակցական հաջորդին իրենից «լավ աշխատել»

«Դու հեռացար` քեզ մոռանալ չի լինի»… Հայաստանի կրթության և գիտության ամենաերկարակյաց, ամենահասանելի, ամենաստեղծագործ, ամենանորարար և միևնույն ժամանակ ամենաքննադատված նախարար Արմեն Աշոտյանին այս ոլորտից հեռանալուց հետո սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթում հայտնի երգի հենց այս տողերն են կեսկատակ-կեսլուրջ ձոնում:

2009-ի մայիսի 12-ին Հայաստանի նախագահի հրամանագրով կրթության և գիտության նախարար նշանակված իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, 2005-2007-ին երրորդ և չորրորդ գումարումների Ազգային ժողովի այն ժամանակվա ամենաերիտասարդ պատգամավոր, բժշկական գիտությունների թեկնածու 40-ամյա Արմեն Աշոտյանը փետրվարի 24-ին նախագահի հրամանագրով ազատվեց այդ պաշտոնից՝ Հայաստանի հանրապետական (ՀՀԿ) և Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունների միջև ստորագրված քաղաքական համաձայնության հետևանքով՝ իր պաշտոնը հանձնելով ՀՅԴ ներկայացուցչին:

Հինգշաբթի կառավարության հերթական նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ներկայացնելով նոր նախարար Լևոն Մկրտչյանին, բարձր է գնահատել Աշոտյանի գործունեությունը, վերջինս էլ հուշանվեր հանձնեց Մկրտչյանին, որի վրա գրված էր. «Որքան կարողացել եմ` աշխատել եմ, մաղթում եմ, որ ինձնից լավ աշխատեք»:

Իսկ թե որքա՛ն էր կարողացել աշխատել Աշոտյանը, «ԱրմենիաՆաուին» մեկնաբանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ նշելով, որ Աշոտյանը փորձեց Հայաստանի կրթական համակարգն ակտիվորեն ինտեգրել՝ Հայաստանը ներգրավեց միջազգային ստուգատեսների մեջ, անցկացվեցին տարբեր կոնֆերանսներ, զարկ տվեց բոլոնյան գործընթացին, միջազգային համագործակցության խոր հիմքեր գցեց:

«Աշոտյանի օրոք սկսել են երեք հավակնոտ, բայց մեծ ներդրումներ պահանջող ծրագրեր: Առաջինը՝ համընդհանուր ներառականությունը, որը պահանջելու է հսկայական փոփոխություններ, որովհետև այստեղ հանրակրթական դպրոցի ամբողջ փիլիսոփայությունը պետք է փոխվի: Երկրորդը՝ 12-ամյա կրթության ներդրումն է, որը ևս բավական հավակնոտ ծրագիր է: Երրորդը՝ «Այբ» հիմնադրամի կրթության գերազանցության ազգային ծրագիրն է, սրանք շատ կարևոր ծրագրեր են, սակայն պահանջում են զգալի ներդրումներ, և պարզ չէ, թե արդյո՞ք Հայաստանն ունի այդ գումարները»,- ասում է Խաչատրյանը:

Աշոտյանի օրոք ներդրվել է դպրոցների և բուհերի վարկանիշավորման համակարգը, որն ըստ Խաչատրյանի՝ լավ համակարգ է, բայց հաշվի առնելով, որ Հայաստանի կրթության համակարգում, ընդհանուր առմամբ, անառողջ միջավայր է, այդ համակարգը հնարավոր է` ձևախեղվի:

Դպրոցներում ներդրվել են նաև նոր առարկաներ՝ շախմատ, ազգային երգ ու պար: Խաչատրյանը, սակայն, նշում է, որ ընդհանուր առմամբ դպրոցների վրա դրվեցին նոր պարտականություններ, նոր բեռ, բայց, ցավոք, այս տարիներին աշխատավարձերը չբարձրացան:

«Ամենամեծ ձախողումներից մեկն այն էր, որ համակարգի ֆինանսավորումը որևէ կերպ չբարելավվեց, սակայն բեռն ավելացավ: Մեծ ձախողում էր, որ ուսուցիչների, տնօրենների ընդունման համակարգում որևէ առաջընթաց չգրանցվեց, մնացին կոռուպցիոն ռիսկերը, դրանց դեմ ռեալ պայքարի ձևեր չեղան»,- ասում է Խաչատրյանը՝ հավելելով, որ այս տարիներին առավել սրվեց տնօրենների և բուհերում ուսանողական խորհուրդների կուսակցականացումը:

Սակայն Խաչատրյանը կարևորում է՝ Աշոտյանը միակ նախարարն էր, որը կրթության զարգացման ծրագիրը սկզբից մինչև վերջ տարավ:

«2011-ին ընդունված ծրագիրը հասցրեց 2015 թիվ, հասցրեց մշակել 2016-2025-ի ծրագիրը: Դրանից առաջ մենք չենք ունեցել այս ոլորտում որևէ նախարար, որը ծրագիրը կտաներ մինչև վերջ, իհարկե այս ծրագրի շատ խոստումներ էլ մնացին թղթի վրա»,- նշում է կրթության փորձագետը:

Աշոտյանի կողմից «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում նախաձեռնվեցին փոփոխություններ, որոնցով ՀՀ տարածքում միջազգային կրթական ծրագրերով օտարալեզու կրթություն իրականացնելու օրենսդրական արգելքները հանվեցին: Սա Աշոտյանի պաշտոնավարման ընթացքում նրա հասցեին ամենամեծ քննադատության պատճառը դարձավ, այնուհետև խնդիրը կարգավորվեց` որոշ սահմանափակում մտցնելով: Բայց հենց այդ օրենքի արդյունքում Հայաստանն ունեցավ Միացյալ համաշխարհային քոլեջներ (United World Colleges-UWC) կրթական ցանցի անդամ UWC Dilijan անվանումը ստացած Դիլիջանի միջազգային դպրոցը:

Նախարարի պաշտոնին զուգահեռ` Աշոտյանը ակտիվ էր նաև սոցիալական ցանցերում՝ հենց այս տիրույթից պատասխանելով իրեն ուղղված շատ հարցերի, քննադատությունների:

2015-ի վերջին էլ՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից առաջ, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերով Աշոտյանի մատուցմամբ սկսեց եթեր հեռարձակվել «Եռանկյունի» հաղորդաշարը: Իհարկե, այս քայլը ևս արժանացավ քննադատության. նշվում էր՝ աշխարհում գոյություն չունի դեմոկրատական երկիր, որում հնարավոր լիներ, որ հեռուստատեսությունում բանավեճ վարողի դերում լիներ ոչ թե անաչառ և անկողմնակալ լրագրող, այլ իշխող կուսակցության ղեկավարներից մեկը:

Սակայն ինչպես հայկական ասացվածքն է ասվում՝ «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը», այս օրերին արդեն շատերն են ափսոսանքով խոսում Աշոտյանի պաշտոնաթողության մասին:

Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ, ընդդիմադիր «Ժառանգության» անդամ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով թեմային, ափսոսանք էր հայտնել` գրելով, որ Աշոտյանն արդեն լիովին տիրապետում էր ոլորտին: Բախշյանը կարևորել էր նաև քննադատությունն ընդունելու Աշոտյանի կարողությունն ու շնորհակալություն հայտնել երկարամյա արդյունավետ համագործակցության համար:

Երկու որդիների հայրն էլ իր հերթին օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ներկայացրել էր տասը բան, որ պետք է անել պաշտոնաթողությունից հետո: Դրանցում գլխավորը «երեխեքին արտահերթ սրճարան տանելն է, ժամանակավոր անջատել բոլոր զարթուցիչները, մի քանի օր անընդմեջ արթնանալ ըստ ցանկության, ինչպես նաև սկսել զբաղվել դոկտորականով, քանի շահերի բախում նորից չի առաջացել» և այլն:

Մի շարք պարգևների, որոնցից ամենավերջինը 2015-ին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալի արժանացած Աշոտյանը նաև զբաղվում է ստեղծագործելով: 2004-ին լույս է տեսել նրա բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն, իսկ 2007-ին՝ հեղինակային երգերի առաջին սկավառակը։ 2015-ին էլ կանանց միամսյակի ավարտին՝ ապրիլի 7-ին կրթության և գիտության ռոմանտիկ նախարարն ի դեմս իր կնոջ` հայ կանանց նվիրեց «Ինձ խոստացիր» երգը, որը կատարում է սիրված երգիչ Հայկոն:

Այս ամենին զուգահեռ, այս նախարարը մի շարք մանուկների համար հավերժ կմնա նաև որպես Ձմեռ պապ` 2015-ի տարեվերջին Երևանի N 38 մանկապարտեզի ամանորյա միջոցառման Ձմեռ պապ «խաղալուց» հետո:

«Այսօր երևի թե ավելի շատ ինձ ուրախացրի։ Լավ էր. ամբողջ տարվա չարությունն անցավ, և ես լիցքավորվեցի երեխաներից»,- ավելի ուշ նախարարը, արցունքները հազիվ զսպելով, նշել էր, որ հուզված է և ուզում է, որ այս հեքիաթը դառնա բոլորիս կյանքի անբաժանելի մասը:

«Ես չեմ մահացել և տեսանելի ապագայում չեմ մահանալու քաղաքական դաշտում»,- դեռևս օրեր առաջ լրագրողների հետ զրույցում ասել էր Աշոտյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր գնահատականների համար: