Ձախողված «վերբեռնում». ԱՄՆ-ը պատերազմ է հայտարարում Սովետին

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը բացահայտ հայտարարում է, թե կխանգարի Ռուսաստանին ինտեգրել հետխորհրդային երկրները նոր ԽՍՀՄ-ում, փորձագիտական աշխարհում իսկական իրարանցում է հարուցել:

Քլինթոնն այս հայտարարությունն արել է անցյալ շաբաթ Դուբլինում ընթացող ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի ընթացքում. «Այժմ տարածաշրջանի վերախորհրդայնացման քայլեր են ձեռնարկվում: Դա այլ կերպ կկոչվի`Մաքսային միություն, Եվրասիական միություն և այլն: Սակայն չխաբվենք: Մենք գիտենք, թե ո´րն է դրա նպատակը և փորձում ենք գործուն միջոցներ գտնել դա դանդաղեցնելու կամ կանխելու»:

Նախևառաջ, բոլորը խոսեցին այն մասին, որ ԱՄՆ-ը վերաիմաստավորում է 2009-ին հայտարարված «Ռուսաստանի հետ հարաբերությունների վերբեռնումը»: Այն մասին, որ Վաշինգտոնը ուժեղացրել է ճնշումը Ռուսաստանի վրա, վկայում է նաև Կոնգրեսի ընդունած այսպես կոչված «Մագնիտսկու ցուցակը»: Ըստ այդ ցուցակի` ԱՄՆ-ում արգելվել է մարդու իրավունքները խախտող ռուսաստանցի պաշտոնյաների մուտքը:

Ռուսաստանը պատասխանեց համարժեք արգելքով, ի լրումն` «հանուն ճշտի»` հավելեց ամերիկյան մսի ներմուծման արգելքը: Հավանաբար ԱՄՆ-ը Ռուսաստանին դատի կտա Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնները խախտելու համար, որին Մոսկվան անդամակցեց միայն այս տարի:

Հավանաբար, հանուն հետխորհրդային տարածքի Արևմուտքի և Ռուսաստանի միջև պայքարը թևակոխել է վճռորոշ փուլ: Ամեն ինչ կախված կլինի 2013 թվականից, երբ մի քանի հետխորհրդային հանրապետություններ, այդ թվում նաև` Հայաստանը, կարող են Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման և Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրեր:

Մոսկվան փորձում է այս հանրապետություններին ներգրավել Մաքսային միության մեջ` նախքան այդ փաստաթղթերի ստորագրումը: Հավանաբար, հենց այս մասին է խոսվել Աշգաբատի գագաթնաժողովի ժամանակ, որից հետո էլ Քլինթոնը նման հայտարարություն արեց: Գագաթնաժողովից հետո պաշտոնական ոչ մի հայտարարություն չհնչեց, սակայն, ըստ ամենայնի, Պուտինը բավական կոշտ տոնով պահանջել է ինտեգրում;

Քանի դեռ Աշգաբատում անցկացվում էր ԱՊՀ գագաթնաժողովը, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մեկնեց հայրենիք` համոզելու ամերիկահայերին ներդրումներ կատարել Հայաստանում: Դրա համար Գերմանիա և ԱՄՆ մեկնեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱՄՆ-ը որոշել է Հայաստանում փորձարկել այսպես կոչված «ներդրումային էքսպանսիայի» մեթոդը, որը ենթադրում է արևմտյան ներդրումների մեծ ներհոսք: Դա հնարավորություն կտա ոչ միայն ձևափոխելու Հայաստանում բիզնեսի մշակույթը, որից դժգոհ է ԱՄՆ-ը, այլև կանխելու երկրի խորհրդայնացումը: Առայժմ Ռուսաստանը Հայաստանում ներդրումների ծավալով առաջատարն է, սակայն այս տարի ծավալները կրճատվել են:

Այժմ վերլուծաբանները կանխատեսումներ են անում, թե ի´նչ որոշում կընդունի Սերժ Սարգսյանը: Հազիվ թե մինչև ընտրությունները նա փոխի եվրաինտեգրման իր կուրսը, որովհետև դրանով կզրկվի ոչ միայն Արևմուտքի կարևոր աջակցությունից, այլև նախընտրական քարոզարշավի ժամանակ ծանրակշիռ փաստարկից: Չի բացառվում, որ հենց արևմտյան ինտեգրման գաղափարի վրա կկառուցվի Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավը, և հենց դրանում է տանուլ տալիս նրա հիմնական մրցակիցը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:

Էնդրյու Վայսը, որը նախագահ Բիլլ Քլինթոնի օրոք Ազգային անվտանգության խորհրդի աշխատակիցն էր, իսկ ներկայումս աշխատում է Rand Corporation վերլուծական կենտրոնում, պնդում է, որ «հարևան երկրներում էլիտաները չեն շտապում հենց այնպես Մոսկվային հանձնել իրենց ինքնավարությունը և ինքնիշխանությունը»:

Ակնհայտ է, որ եվրասիական ինտեգրման մեջ ներգրավման համար Մոսկվան «մտրակ» կիրառի, քանի որ «քաղցրահացը» չի բավականացնի նույնիսկ իր համար, բացի այդ էլ, Արևմուտքի «քաղցրահացն» ավելի համով է: Եվ այժմ Արևմուտքն իր առջև խնդիր է դրել` թույլ չտալ, որ Մոսկվան վախեցնի նախկին խորհրդային հանրապետություններին: Քլինթոնի հայտարարությունը նշանակում է, որ Արևմուտքը պատրաստ է պաշտպանելու հետխորհրդային հանրապետություններին: