Հայաստանում Եվրոմայդան չեղավ. վերլուծաբանները Կիևում և Երևանում ԵՄ համաձայնագրի տապալմանը հանրության արձագանքների միջև զուգահեռներ են անցկացնում

Հայաստանում Եվրոմայդան չեղավ. վերլուծաբանները Կիևում և Երևանում ԵՄ համաձայնագրի տապալմանը հանրության արձագանքների միջև զուգահեռներ  են անցկացնում

Ֆոտոլուր

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաները, որի մասնակիցներն իրենց դժգոհություն են արտահայտում կառավարության այն որոշման վերաբերյալ, որով Ուկրաինան կասեցրեց Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի գործընթացը, հետաքրքրություն են արթնացրել նաև Հայաստանում, որտեղ նույնպես շատերը բողոքում են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի գործընթացը կասեցնելու Հայաստանի իշխանությունների սեպտեմբերին արված որոշումից:

Անցյալ հինգշաբթի Ուկրաինայի նախարարների կաբինետը հայտարարեց Ասոցացման համաձայնագրի շուրջ ԵՄ-ի հետ բանակցությունները կասեցնելու մասին, ինչը մեծ բողոքի պատճառ դարձավ և փողոց հանեց Եվրամիության և Ուկրաինայի դրոշները ձեռքերին բռնած հարյուր հազարավոր ուկրաինացիների, ովքեր վստահ են, որ «Ուկրաինան Եվրոպա է»: Ոստիկանությունը նույնիսկ արցունքաբեր գազ է կիրառել կառավարության շենքի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ։

Մի քանի օր լռությունից հետո միայն՝ երկուշաբթի երեկոյան, Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում տեղադրվել է նախագահ Վիկտոր Յանուկովիչի ուղերձը, որում նշվում է, որ Ուկրաինայում իրականացվող բարեփոխումները ապացույցն են այն բանի, որ «իրենք եվրոպական ուղիով են ընթանում»:

Յանուկովիչը խոստացել է առաջիկայում ընդարձակ հեռուստահարցազրույց տալ և պատասխանել բոլոր հարցերին:

Եվրաատլանտյան համագործակցության ինստիտուտի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Հորբաչը լրագրողների հետ տեսաձայնային միացմամբ անցկացված հանդիպմանն ասաց, որ կիրակի օրվա ցույցն իր ծավալներով համարժեք էր 2004 թ. իրադարձություններին, որ պատմության մեջ մտան որպես «նարնջագույն» հեղափոխություն:

«Սա նշան է, որ գործընթացը չի ավարտվել, կտրուկ շրջադարձ չի լինելու, Ուկրաինայի ղեկավարությունը պետք է հաշվի նստի հանրության կարծիքի հետ: Երեկվանից հետո մտածում եմ, որ այդ համաձայնագիրը կստորագրվի եթե ոչ Վիլնյուսում, ապա մի փոքր ավելի ուշ»,- ասում է վերլուծաբանը:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն էլ ասում է, որ Ուկրաինայի ցույցերին ուշադրություն կդարձնեն բոլորը, գլխավորապես եվրոպացիները, և այդ ցույցերը ցուցիչն են այն բանի, որ Ուկրաինայում եվրաինտեգրման ձգտումն արհեստական չէ:

«Ռուսաստանի համար գերխնդիր էր կանգնեցնել Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման գործընթացը: Ռուսաստանը, ճնշումներ գործադրելով Ուկրաինայի, Վրաստանի, մասամբ Հայաստանի վրա, հարցը տեղափոխեց համաշխարհային հարթություն, ինչին ԵՄ-ն պատրաստ չէր»,- կարծում է քաղաքագետը:

Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնական հանդիպումից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու մասին, որով, փաստորեն, ազդարարվեց Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի գործընթացի կասեցումը: Այս հայտարարությունը Հայաստանում նույնպես միանշանակ չընդունվեց և շատերին դուրս բերեց փողոց, սակայն բողոքի ակցիաները հեռու էին այն մասշտաբայնությունից, ինչ Ուկրաինայում:

Հետևելով Ուկրաինայում անցկացվող բողոքի ցույցերին՝ սոցցանցերում այս օրերին ակտիվ քննարկվում է այն հարցը, թե ինչու հայերն էլ նույնկերպ չարտահայտեցին իրենց բողոքը:

Զուգահեռներ անցկացնելով Հայաստանում և Ուկրաինայում անցկացված բողոքի ակցիաների միջև՝ վերլուծաբան Հորբաչն ասում է, որ դրանք չեն կարող նույն մասշտաբի լինել, քանի որ Ուկրաինայի բնակչությունը 45 մլն է, իսկ Հայաստանինը 3 մլն-ի էլ չի հասնում:

Ըստ Հորբաչի՝ երբ Հայաստանը որոշեց միանալ ՄՄ-ին, Արևմուտքն այդ մարտահրավերը հասկացավ, բայց կտրուկ չարձագանքեց, քանի որ դեռ մնում էին Մոլդովան, Վրաստանը և ամենակարևորը՝ Ուկրաինան, որոնք պետք է ստորագրեին ասոցացման համաձայնագիրը: