Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվե. Հայաստանում «լռությամբ» են հետևում հետխորհրդային տարածքում ձևավորվող նոր իրողություններին

Ռուսաստանին միանալու Ղրիմի հանրաքվե. Հայաստանում «լռությամբ» են հետևում հետխորհրդային տարածքում ձևավորվող նոր իրողություններին

Ֆոտոլուր

Վերջին մի քանի շաբաթներին պաշտոնական Երևանը չի արձագանքել Ուկրաինայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին, այդ թվում՝ թե՛ ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությունից հետո նոր կառավարության ձևավորմանը և թե՛ Ռուսաստանին միանալու պահանջով Ղրիմի Հանրապետությունում անցկացված հանրաքվեին:

Ուկրաինայից Ղրիմի անջատվելու հարցով հանրաքվեի անցկացման հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մալիշևը ձայների 3/4-րդի հաշվարկից հետո հայտարարել է. «Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին քվեարկել է ընտրողների 95,7% ընտրատեղամասերի 3/4-րդի արդյունքների 100 % հաշվարկից հետո»:

Թեև Ռուսաստանը Հայաստանի գլխավոր ռազմավարական և ռազմական գործընկերն է, և շուտով կդառնա նաև գլխավոր տնտեսական գործընկերը, երբ մինչև այս տարեվերջ Հայաստանը կավարտի Մոսկվայի գլխավորած Մաքսային միությանն անդամակցության գործընթացը, Հայաստանի կառավարությունը նախընտրում է հայեցողական դիրք գրավել և նայել, թե ինչպես կծավալվեն իրադարձությունները հետխորհրդային տարածքում, և սահմանափակվել է միայն իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ ուղղելով:

Մինչդեռ Ղրիմի դե ֆակտո տրոհումը Ուկրաինայից, անկասկած, այն գործոնն է, որի հետ Հայաստանը ստիպված պետք է հաշվի նստի թե՛ Ռուսաստանի և թե՛ Արևմուտքի հետ իր որդեգրած արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության համատեքստում, քանի որ դրա հիմքում նույնպես «տարածքային ամբողջականություն-ժողովուրդների ինքնորոշում» հակադրությունն է:

Կիրակի Ղրիմի ընտրատեղամասեր եկած մարդկանց մոտ 95 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ դառնալու օգտին: Պաշտոնական Կիևը, ինչպես նաև Միացյալ Նահանգները և Եվրամիությունը չեն ճանաչել հանրաքվեի արդյունքները:

Արևմուտքը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե Մոսկվան Ղրիմը «բռնակցի»: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընդգծել է, որ «Ղրիմում Ռուսաստանի գործողությունները խախտում են Ուկրաինայի ինքնիշխանությունը»: Միևնույն ժամանակ նա ասել է, որ դեռևս պահպանվում է «հակամարտության դիվանագիտական լուծման» հնարավորությունը, սակայն դրա անհրաժեշտ պայմանը Վաշինգտոնը համարում է այն, որ «Ռուսաստանը վերջ դնի ռազմական ներխուժմանը Ղրիմ»:

Մոսկվան, սակայն, պնդում է, որ Ղրիմի հանրաքվեն անցկացվել է միջազգային իրավունքին համապատասխան և ամբողջությամբ արտացոլում է Ռուսաստանի կազմում լինելու տեղի բնակչության ցանկությունը: Ռուսաստանի հայերի միությունը նույնպես իր աջակցությունն է հայտնել ղրիմցիների «կամարտահայտմանը» (Ղրիմի շուրջ 2 միլիոն բնակչության մեծ մասը կազմում են ռուսները, իսկ ամենախոշոր էթնիկ փոքրամասնության համայնքները կազմում են ուկրաինացիները և թաթարները: Էթնիկ հայերը կազմում են Ղրիմի բնակչության կես տոկոսը):

Այժմ Ռուսաստանում և արտասահմանում վերլուծաբանները փորձում են գնահատել, թե արևմտյան պատժամիջոցները ինչ վնաս կհասցնեն Ռուսաստանին և վերջնարդյունքում՝ նրա քաղաքական և տնտեսական դաշնակիցներին: Արդեն լուրեր են շրջանառվում ռուսաստանյան առանցքային պետական կառույցների ղեկավարների նկատմամբ հնարավոր պատժամիջոցների մասին: Խոշոր ընկերությունների՝ «Ռոսնեֆտի» և «Գազպրոմի» ղեկավարներ Իգոր Սեչինը և Ալեքսեյ Միլլերը կարող ենհայտնվել վիզային և ֆինանսական պատժամիջոցների տակ, գրել է ռուսաստանյան «Կոմերսանտ» թերթը:

ԱՄՆ-ը նաև ակնարկել է իր նավթային պաշարները բացելու մտադրության մասին, ինչը զգալիորեն կնվազեցնի նավթի և բնական գազի գները և վերջնարդյունքում կթուլացնի Ռուսաստանի դիրքերը միջազգային շուկայում: Մեկ շաբաթ առաջ Վաշինգտոնը համաշխարհային շուկա է հանել առաջին 5 մլն բառել նավթը, ինչը միանգամից անդրադարձել է թե՛ ռուսաստանյան ֆոնդային ինդեքսների և թե՛ ռուսական ռուբլու փոխարժեքի վրա:

Այդուհանդերձ, դատելով զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներով՝ Արևմուտքում շատերն արդեն պատրաստ են համակերպվելու Ռուսաստանի կազմի մեջ Ղրիմի մտնելու հետ, և այսօր հարցը Ուկրաինայի արևելյան տարածաշրջանների մասին է, որտեղ Ռուսաստանը նույնպես կարող է անջատողական տրամադրություններ հրահրել:

Միջազգային հանրությունը անհանգստացած է նաև ռուսաստանյան և ուկրաինական բանակների հնարավոր բախումներով, ինչպես նաև այն բանով, թե Ուկրաինայի փաստացի բաժանումը ինչպես կանդրադառնա մյուս երկրների ճակատագրի վրա:
Մինչ այդ, մյուս չճանաչված կամ մասամբ ճանաչված երկրները նույնպես արձագանքել են Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին և Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեին: Մասնավորապես, Աբխազիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Անկվաբը ասել է. «Այս համաժողովրդական որոշումը հիմնված է ոչ միայն պատմական անցյալի, այլև ժամանակակից պատմական իրողությունների վրա: Եվ սա դասական օրինակ է այն բանի, երբ ժողովրդի կամքը ամեն ինչից վեր է: Աբխազիան հարգում է ղրիմցիների կամքը, աջակցում և ճանաչում է նրանց բախտորոշ ընտրությունը»:

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն առայժմ ձեռնպահ են մնում Ուկրաինայի իրադարձություններին, այդ թվում՝ Ղրիմի հանրաքվեին, գնահատականներ տալուց: Թեև Հայաստանի պաշտոնական իշխանությունները չեն հայտարարել Ուկրաինայում Յանուկովիչի հետո ձևավորված նոր կառավարությանը իրենց աջակցության մասին, ուղղակիորեն չեն հայտարարել նաև Ղրիմում անցկացվելիք հանրաքվեին իրենց աջակցությունը:

Ներկայումս վերլուծաբաններին հետաքրքրում է, թե ապագայում Ռուսաստանը ո՞ր երկիրը կամ նրա մասը կցանկանա «փրկել»: Ոմանց կարծիքով՝ դա կարող է լինել Լեռնային Ղարաբաղը: