Իզգոյացման քվեարկություն. Հայաստանը սատարում է իր դաշնակից Ռուսաստանին Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի հարցում

Իզգոյացման քվեարկություն. Հայաստանը սատարում է իր դաշնակից Ռուսաստանին Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի հարցում

UN Photo

Հինգշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անօրինական ճանաչել Ղրիմի հանրաքվեն, որը հանգեցրել է Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցմանը:


Դեմ է քվեարկել ՄԱԿ-ի 11 անդամ՝ Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, ԿԺԴՀ-ը, Ռուսաստանը, Սիրիան, Սուդանը, Զիմբաբվեն, Վենեսուելան և Նիկարագուան: Այս որոշմանը կողմ է քվեարկել 100 երկիր: 58 երկիր ձեռնպահ է մնացել, այդ թվում՝ Բրազիլիան, ՀԱՀ-ը, Չինաստանը, Հնդկաստանը, Աֆղանստանը, Ղազախստանը, Ալժիրը, Վիետնամը, Եգիպտոսը և Ուզբեկստանը: Ռուսաստանի ավանդական մի խումբ դաշնակիցներ որոշել էին ընդհանրապես չքվեարկել՝ Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ղրղըզստանը, Իսրայելը, Սերբիան:

Երեկ ՄԱԿ-ում կայացած քվեարկությունը շատերը կոչել են քաղաքական զատորոշում՝ երկրները պետք է որոշեին, թե իրենք ում կողմն են՝ Ռուսաստանի՞, որը ավելի խիստ պատժամիջոցների է ենթարկվում, թե՞ Արևմուտքի: Հայաստանն ընտրեց Ռուսաստանը և հայտնվեց այն երկրների «ֆուտբոլային թիմում», որը արևմտյան հանրությունը «իզգոյ» է համարում և տարբեր պատժամիջոցների ենթարկում:

Քվեարկության նախօրեին «Ազատություն» ռադիոկայանը, վկայակոչելով արտաքին գործերի նախարարությանը, տեղեկատվություն էր հրապարակել, որի համաձայն Հայաստանը իբր որոշել է ՄԱԿ-ում Ուկրաինայի հարցով քվեարկության ժամանակ ձեռնպահ մնալ: Հայաստանում շատերը թեթևացած շունչ քաշեցին և նման քաղաքականությունը լավագույնը համարեցին: Սակայն ավելի ուշ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը սովորություն չունի նախօրոք հայտարարելու այն մասին, թե ինչպես է քվեարկելու: Պարզ դարձավ, որ Հայաստանը «դեմ» կքվեարկի հակառուսական բանաձևին:

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում քվեարկությունից առաջ մեկնաբանել էր. «Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկզբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների և իրավունքների, ներառյալ՝ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա հիմնված համամարդկային արժեքներ և սկզբունքներ, որոնք ընդունված են այս Համաժողովի կողմից»:

Ինչպես նշում են որոշ հայ փորձագետներ, Հայաստանը չէր կարող ՄԱԿ-ի բանաձևին «կողմ» քվեարկել, քանի որ, ունենալով ինքնորոշված, սակայն չճանաչված Ղարաբաղի հիմնախնդիրը, չէր կարող քվեարկել ինքնորոշման իրավունքի նկատմամբ տարածքային ամբողջականության գերակայության օգտին: Սակայն «դեմ» քվեարկությունը, շատերի կարծիքով, կարող է հանգեցնել նրան, որ Արևմուտքը իր պատժամիջոցները կտարածի նաև Հայաստանի վրա:

Առավել ևս, որ նման պատժամիջոցներ դեռ սպասվում են. ապրիլի 7-ին Ստրասբուրգում բացվելու է ԵԽԽՎ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվելու է նրան ձայնի իրավունքից զրկելու կամ նրա անդամակցությունը սառեցնելու մասին առաջարկությունը: ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի տեղակալ Լեոնիդ Սլուցկին ասել է, որ Ռուսաստանն ինքը կարող է հայտ ներկայացնել ԵԽԽՎ-ից դուրս գալու մասին, որպեսզի նրան չհեռացնեն «հիացական ծանակելու» ներքո: Եվ Հայաստանում արդեն քննարկում են այն հարցը, թե այս դեպքում ինչպե՞ս է քվեարկելու հայաստանյան պատվիրակությունը:

Հայաստանը կապված է Ռուսաստանին չափազանց պարտավորեցնող պայմանագրերով, բացի այդ, Հայաստանի իշխանությունները ռուսաստանյան ղեկավարության նկատմամբ գրեթե անձնական նվիրվածություն են հանդես բերում: Մոսկվայի համար հույժ կարևոր էր ՄԱԿ-ում յուրաքանչյուր ձայնը. քվեարկությունից հետո ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը գոհունակությամբ ասել է, որ Ռուսաստանը մեկուսացված չէ:

Սակայն բոլորը հասկանում են, որ Ռուսաստանի հետ չափազանց սերտ կապերը անխուսափելիորեն կբերեն այն բանին, որ Հայաստանում իրավիճակը կվատթարանա: Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտարարել է, որ եթե պատժամիջոցները շարունակվեն, ապա Հայաստանը ստիպված կլինի վերանայելու որոշ տնտեսական ցուցանիշներ: