Նազարբաևի հայտարարության «նստվածքը». Սարգսյանը քննադատության թիրախ է դարձել Ղազախստանի նախագահի դիտողությանն ուշ արձագանքելու համար

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օրեր անց արձագանքեց մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի աղմկահարույց հայտարարությանը: Հիշեցնենք, որ Նազարբաևն ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որում նա պահանջել էր, որ Հայաստանը մտնի Եվրասիական միություն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների շրջանակներում:

Թեև Նազարբաևը հայտարարությունն արել էր Ալիևին ծառայություն մատուցելու համար («որ մեր ընկերներից մեկին շատ չգրգռենք»), Հայաստանին ակնհայտորեն հասկանալ տվեցին, որ Եվրասիական միություն Հայաստանի մտնելու դեպքում Հայաստանի և Ղարաբաղի միջև չի կարող բաց սահման լինել: Ավելի վաղ հայ պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, հայտարարում էին, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն միասնական տնտեսական գոտի են, և նրանց միջև չեն կարող մաքսային և այլ սահմաններ լինել:

«Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է: Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»,- ասել է Սարգսյանը:

Սարգսյանի հայտարարությունը Հայաստանում նվազ բուռն արձագանք չհարուցեց: Նախագահի վրա Ղարաբաղը ծախելու, դրսևորած թուլության և վիրավորանքներ ընդունելու պատրաստակամության մասին մեղադրանքների տարափ տեղաց: Կինոռեժիսոր Վահրամ Մարտիրոսյանը, օրինակ, ասել է, որ Սերժ Սարգսյանը պետք է այդ պահին հայտարարեր, որ այդ դեպքում բոլոր երկրները պետք է Եվրասիական միություն մտնեն ՄԱԿ-ի ճանաչած սահմաններում: Դիցուք, Ռուսաստանը, որը վերջերս բռնակցել է Ղրիմը, ինչը դատարտեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան:

Այդուհանդերձ, առավել արդիական է այն հարցը, թե ի՞նչ է փոխվելու երկու շաբաթվա կամ մեկ ամսվա ընթացքում, որը Հայաստանին տվել են Եվրասիական միություն մտնելու հետ կապված բոլոր հարցերը լուծելու համար: Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում առաջարկվում են տարբեր տարբերակներ, ընդհուպ՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը՝ հետագայում միավորումով:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում առաջարկել է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև համապարփակ ռազմաքաղաքական պայմանագիր կնքել, որի համաձայն Հայաստանը դառնում է ԼՂՀ ժողովրդի անվտանգության և բարեկեցության երաշխավորը:

Քննարկվում է նաև Եվրասիական միություն մտնելու մասին Ղարաբաղի հայտ ներկայացնելու տարբերակը: Սա հատկապես իրական է թվում մեկ այլ հետխորհրդային չճանաչված հանրապետությունում՝ Աբխազիայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Հիշեցնենք, որ այնտեղ իշխանափոխություն է տեղի ունեցել, և իշխանության եկած ընդդիմությունն իր առաջին հայտարարությունն արել է Եվրասիական միություն մտնելու անհրաժեշտության մասին:

Նկատենք, սակայն, որ հայաստանյան հիմնական կուսակցություններից և ոչ մեկը հանդես չի եկել Հայաստանի ղեկավարությանն ուղղված կոչով՝ հրաժարվել Եվրասիական միություն մտնելու մտքից կամ գոնե տարաժամկետել այն: