Հայաստան-ԵՄ. Բրյուսելը բացում է Երևանի հետ ասոցացման համաձայնագրի դուռը

Հայաստանը և Եվրամիությունը, ամենայն հավանականությամբ, վերսկսել են ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները: Մայիսին Ռիգայում պետք է անցկացվի ԵՄ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, և տեղեկություններ կան, որ Հայաստանը կարող է ստորագրել ասոցացման մասին համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, որից հրաժարվել էր 2013 թ. սեպտեմբերի 3-ին:

Այս շաբաթվա սկզբին Բրյուսելում անցկացվել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 15-րդ նիստը: Հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ քննարկվող հարցերի շրջանակը ներառել է նաև քաղաքական երկխոսության շարունակությունը, հետագա հարաբերությունների իրավական հիմքերը, միգրացիային, մարդու իրավունքներին, տնտեսական բարեփոխումներին, ԵՄ-ի կողմից Հայաստանի աջակցությանն առնչվող հարցեր:

Բրյուսելը, ըստ էության, չի բացառել մոտ ապագայում Երևանի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը ստորագրելու հնարավորությունը` առանց ազատ առևտրի մասին բաղադրիչի: Այս մասին նիստից հետո հայտարարել է ԵՄ ընդարձակման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը` ընդգծելով, որ կողմերն այժմ բանակցություններ են վարում հենց այս հարցերի շուրջ:

Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի մտադրությունը` վերջին տարիների ձեռքբերումների հիման վրա խորացնել ԵՄ-ի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում` հաշվի առնելով մյուս ինտեգրման գործընթացների շրջանակներում Հայաստանի պարտավորությունները:

Նախարարը հիշեցրել է, որ 2014-ի հունվարին ուժի մեջ է մտել ԵՄ-ի և Հայաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը: Մենք ցանկանում ենք ձեռնամուխ լինել հաջորդ փուլին` վիզային ռեժիմի վերացմանը` նշել է նախարարը:

Այս հանդիպումից բառացիորեն մի քանի օր առաջ Հայաստանում մեկնարկել է Հայաստանին ֆինանսական օգնության ծրագիրը: Գրեթե 78 մլն եվրո է նախատեսված սահմաններն ամրապնդելու, օրենսդրությունը համապատասխանեցնելու և աղքատության դեմ պայքարի համար: Ինչպես հաղորդել է Հայաստանում Եմ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան` Հայաստանը ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում բնակչության մեկ շնչին ընկնող միջոցների հաշվով խոշոր շահառուներից մեկն է:

Ռուսաստանն առայժմ չի արտահայտել իր վերաբերմունքը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության նկատմամբ: Ռուսաստանյան մամուլում հայտնվել են մի քանի «մտահոգիչ» հոդվածներ, որ Հայաստանը, չնայած Եվրասիական միության անդամակցությանը, փորձում է նորից կապեր հաստատել Արևմուտքի հետ:

«Եվրամիությունը համարում է, որ Եվրասիական միությունը ընդմիշտ չէ, միևնույն է` կփլուզվի, ուստի արևելյան հարևանների օրենսդրությունը համապատասխանեցնելը` դրանք հասցնելով ԵՄ նորմերին, առաջվա պես արդիական է»,- Gazeta.ru-ում մեկնաբանել է քաղաքագետ Անդրեյ Սուզդալցևը:

«Հայաստանն այժմ առավել քան երբևէ հետաքրքրված է Եվրամիության հետ կապերն ամրապնդելով,- թերթին պարզաբանել է էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Ալեքսեյ Պորտանսկին,- քանի որ ԵՏՄ հիմնական դոնորի, այսինքն` Ռուսաստանի տնտեսական իրավիճակը կրիտիկական է, և ինտեգրման համար փողեր կարող է չլինեն»:

ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանն իրոք հայտնվել է տնտեսական կոլապսի եզրին: Առայժմ պետությանը հաջողվում է կատարել սոցիալական պարտավորությունները արտաքին պարտքը ավելացնելու հաշվին, պարզ չէ` ինչպես է իրականացվելու ԵՏՄ-ին ինտեգրումը, սակայն պարզ է, որ Եվրասիական միությունում ապաինտեգրման գործընթացները կարող են շուտով գերազանցել ինտեգրման գործընթացներին:

ԵՏՄ անդամներ Ղազախստանը և Բելառուսը նույնպես խորացնում են կապերը Եվրամիության հետ: Քաղաքագետները խոսում են Եվրասիական միության վերջի համընդհանուր սպասման մասին, և երկրները նախօրոք անվտանգության բարձիկներ են պատրաստում: