Էլեկտրաշոկ. ռուսական ընկերությունը մտադիր է էլեկտրաէներգիայի սակագնի էական բարձրացման հայց ներկայացնել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունն առաջարկում է 17 դրամով բարձրացնել բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը: Անցյալ շաբաթ հրապարակվել է ընկերության հայտարարությունը, որում նշվում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» մտադիր է դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հայտով: Ընդ որում, ընկերությունն առաջարկում է ներկայիս սակագինը բնակչության համար 1 կՎտ/ժամի համար 41,85-ից բարձրացնել մինչև 58,93 դրամ, իսկ գիշերային սակագինը` 31,85 դրամից մինչև 48,93 դրամ:

Այս տեղեկատվությունն ուղեկցվում էր Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտին առնչվող երկու այլ հաղորդումներով:

Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի ստորագրումը, ասել էր, որ դա ուղի կհարթի Հայաստանում ամերիկյան ներդրումների համար: Նա նշել էր, որ մի քանի օրից Հայաստանում կսկսի գործել ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը, որին վաճառվել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրը», և որը մտադիր ավելի քան 250 մլն դոլար ներդրումներ կատարել:

Երկրորդ տեղեկատվությունը վերաբերում էր ԱՄՆ-ից հետո Սերժ Սարգսյանի Մոսկվա կատարած այցին և «Հայաստանի էլեկտրական ցանցերի» վաճառքի մասին պայմանագրի հնարավոր կնքմանը: Այժմ ՀԷՑ-ը պատկանում է «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: Ըստ մամուլի հաղորդումների` այն ցանկանում է գնել ռուսաստանաբնակ հայ օլիգարխ Սամվել Կարապետյանը` «Տաշիր գրուպի» սեփականատերը:

Այս երկու տեղեկատվությունները ակնհայտորեն կապված են սակագները բարձրացնելու մասին «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հայտի հետ: Ճիշտ է, Մոսկվա կատարած Սարգսյանի այցից հետո գործարքի մասին հաղորդագրություն չհայտնվեց, սակայն, ամենայն հավանակությամբ, այդ մասին խոսք եղել է:

Թե ի՛նչ խաղ են փորձում Հայաստանի իշխանությունները վարել ամերիկյան և ռուսաստանյան ընկերությունների հետ` կարելի է միայն կռահել: Ամենայն հավանականությամբ, սա կապված է 300 մլն դոլարի պարտքի հետ, որը կուտակել է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»: Այժմ սակագները բարձրացվում են` փոխհատուցելու ռուսաստանյան ընկերության կուտակած պարտքերը և ընկերությունը «մաքուր» վաճառելու համար:

Միաժամանակ, սակագնի բարձրացումը պետք է «չեզոքացնի» հայկական էներգետիկ շուկա ամերիկյան ընկերության մուտքը: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները Հայաստանում էլեկտրաէներգիայի գները համարում են բարձրացված: Ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, ամերիկյան «Քոնթուր գլոբալ» ընկերությունը, գնելով «Որոտանի հէկերի համալիրը», կարող է հայտարարել էներգիայի ինքնարժեքի նվազման մասին: Սա կարող է բարձրացնել ամերիկյան ընկերության քաղաքական վարկանիշը ռուսաստանյան ընկերությունների համեմատությամբ, որոնք միայն բարձրացնում են սակագները:

Այսպես թե այնպես, էլեկտրաէներգիայի սակագնի էական բարձրացումը զգալի հարված կլինի հայ սպառողի գրեթե դատարկ գրպանին: Արդյոք դա կհարուցի՞ սոցիալական դժգոհություն, ինչպես եղավ քաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու Երևանի քաղաքապետարանի փորձից հետո: Այն ժամանակ` երկու տարի առաջ, քաղաքացիներին հաջողվեց փոխել անհիմն որոշումը: Սակայն միաժամանակ Հայաստանի բնակիչները այն ժամանակ «կուլ տվեցին» գազի և էլեկտրաէներգիայի էական բարձրացումը: