Էլեկտրականացված Երևան. երկու շաբաթ տևած «ոչ քաղաքական» բողոքի ակցիայի արդյունքներն ու դասերը

Թեև Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները, սակայն դրանք Բաղրամյան պողոտայից արդեն տեղափոխվել են Ազատության հրապարակ: Դա խորհրդանշում է այն, որ հասարակությունը բարիկադներից անցել է նպատակների և խնդիրների ազատ ձևակերպման գոտի, ինչպես նաև անցած փուլի արդյունքների ամփոփման:

Իսկ արդյունքները դժվար շոշափելի են, թեև Բաղրամյան պողոտան բերեց միանգամից մի քանի «նվաճումներ», ճիշտ է` ոչ հասարակությանը:

Առաջին` պարզ դարձավ, որ ամբողջ աշխարհը Հայաստանից սպասում է հասարակական ակցիաներ, փոփոխվող աշխարհաքաղաքական ստատուս քվոյի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն: Համաշխարհային մամուլն այնքան ակտիվորեն էր լուսաբանում Երևանի ակցիաները, ասես ինչ-որ մեկը դրանցում ավելի շատ էր շահագրգռված, քան բուն Հայաստանում: Եվ առաջին նվաճումը այն բանի վկայությունն է, որ հայ հասարակությունը կենսունակ է, ի զորու է արձագանքելու և պատրաստ է հասնելու իր իրավունքներին փողոցում:

Երկրորդ արդյունքը դժվար է նվաճում համարել, քանի որ պարզ դարձավ, որ կան ուժեր, որոնք կարող են վերահսկել հասարակական շարժումը և կարգավորումներ տալ բազմահազարանոց ամբոխին: Թե ովքե´ր են այդ ուժերը` դժվար է ասել, սակայն այն, որ հանրահավաքներում չեն հնչել իշխանափոխության կոչեր, Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ և արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու կոչեր, խոսում է այն մասին, որ ինչ-որ մեկը սահմանափակումներ էր սահմանել: Բաղրամյան պողոտայում հավաքվածները պատռեցին Եվրամիության դրոշը, որն իր հետ պողոտա էր բերել Պարույր Հայրիկյանը, և դա նույնպես «կարգավորում» էր:

Փաստորեն, ըստ էության, գործընթացը վերահսկվում էր, և ինչ-որ մեկը, այլ ոչ թե հավաքվածներն էին որոշում հնչող կարգախոսներն ու կոչերը: Եվ պատահական չէ, որ ակցիաների թերևս գլխավոր «նվաճումը» այն դարձավ, որ փաստորեն բոլորը` իշխանությունից մինչև հավաքվածները, այդ օրերին իրենց պարտքն էին համարում հայտարարել, որ Հայաստանում չեն կարող լինել հակառուսական «մայդաններ», և Հայաստանը հավերժ բարեկամ է մնալու Ռուսաստանի հետ:

Մեկ այլ արդյունքը Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունների միջև հարաբերությունների վերականգնումն էր, որոնք վերջին երկու տարիներին լարված էին: Վլադիմիր Պուտինը զանգահարեց Սերժ Սարգսյանին, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ի վերջո, հեռախոսազրույց ունեցավ իր ռուս պաշտոնակից Դմիտրի Մեդվեդևի հետ և պայմանավորվեց հուլիսի 8-ին Մոսկվայում հանդիպման մասին:

Հասարակությունն առայժմ չի կամենում կամ չի կարողանում գիտակցել, որ իր «ոչ քաղաքական» սոցիալական պայքարի հիմնական արդյունքը դարձան կարևոր քաղաքական որոշումներ` հայ ընտանիքին սպանած ռուս զինվորի գործի քննությունը Հայաստանի արդարադատությանը հանձնելը և ռուսական սպառազինություն գնելու համար Ռուսաստանի կողմից վարկի տրամադրումը: Իսկ էլեկտրաէներգիայի թանկացման մասին «սոցիալական» հարցի գծով աուդիտի տեսքով թայմ աուտ է վերցվել: