«Ծառայություններ» Ռուսաստանին. Հայաստանը ստանում է «հին պայմանավորվածություններ» Մոսկվային սատարելու դիմաց

«Ծառայություններ» Ռուսաստանին. Հայաստանը ստանում է «հին պայմանավորվածություններ» Մոսկվային սատարելու դիմաց

Photo: www.gov.am

Սեպտեմբերի 7-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Ու թեև շատերն այդ հանդիպումից սպասում էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի որոշակի առաջարկություններ, սակայն դատելով պաշտոնական տեղեկատվությունից` երկու նախագահներն այլ հարցերի շուրջ են «սակարկել»:

Հայաստանին քիչ բան է բաժին ընկել. ինչպես մինչև հանդիպումը հայտարարել էր Սերժ Սարգսյանը, Ռուսաստանը, ի վերջո, նվազեցրել է Հայաստանի համար գազը 189 դոլարից 165 դոլար 1000 խմ-ի համար, ինչի մասին կողմերը պայմանավորվել էին դեռևս գարնանը: Բացի այդ, Ռուսաստանը ստորագրել է Հայաստանին 200 մլն դոլար վարկ տրամադրելու մասին համաձայնագիր զենք գնելու համար, ինչի մասին նույնպես պայմանավորվածությունը եղել էր հունիսին:

Փոխարենն ի՞նչ է ստացել Ռուսաստանը: Դատելով այն բանից, թե ինչ է տեղի ունեցել սեպտեմբերի 8-ին, միջազգային մեկուսացման մեջ հայտնված Մոսկվային խիստ անհրաժեշտ է Հայաստանի աջակցությունը: Ռուսաստանը վարում է համախմբում իր ռեսուրսների և դաշնակիցների, որոնք ավելի ու ավելի են քչանում: Եվ Հայաստանի ծառայությունները Մոսկվայի համար թանկ արժեն: Երևանը համաձայնել է այդ ծառայությունները տրամադրել:

Մասնավորապես, Գրոդնոյում անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն անսպասելիորեն առաջարկել է ԵԱՏՄ-ում անցնել ռուբլու հաշվարկի` առանց դոլարի հետ կապելու: Ամենայն հավանականությամբ, սա եղել է Ռուսաստանի համառ խնդրանքը, որը ցանկացել է, որ նման առաջարկությամբ հանդես գա ոչ թե Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը, այլ դաշնակից երկրի վարչապետ:

Երկրորդ ծառայությունը, ինչի մասին, հավանաբար, խնդրել է Պուտինը, Ղրիմին աջակցելն է: Սեպտեմբերի 8-ին հայտնի է դարձել, որ ինչ-որ համաժողովի մասնակցելու համար Երևան է ժամանելու Ղրիմի ղեկավար Ակսյոնովը: Սա կլինի Ակսյոնովի առաջին պաշտոնական արտասահմանյան այցը. աշխարհը ոչ միայն չի ճանաչում Ղրիմի պատկանելությունը Ռուսաստանին, այլև արգելել է Ղրիմի ղեկավարությանը մուտք գործել բազմաթիվ երկրներ: Եվ Հայաստան այցելությունը կարող է լինել միջազգային ճանաչման նշան:

Այցից հետո մեկ այլ պայմանավորվածություն` Հայաստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը` որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, միավորելու են իրենց հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը: Այս հարցում Հայաստանի համաձայնությունը նույնպես շատ կարևոր է Մոսկվայի համար, քանի որ վերջերս Վրաստանում բացվել է ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն, իսկ Ֆրանսիան պարտավորվել է այդ երկրին մատակարարել ՀՕՊ-ի արդիական միջոցներ, ինչը կարող է ամբողջությամբ փոխել իրավիճակը կովկասյան երկնքում: Ռուսաստանը կորցնում է գերիշխանությունը այս տարածաշրջանում և որպես պաշտպանական ռեակցիա պահանջել է Հայաստանի ու Ռուսաստանի ՀՕՊ-երի միավորում` Հայաստանի միջոցով տարածաշրջանում ներկա լինելու համար:

Երևանի այս բոլոր «ծառայությունները» հակասում են նրա ազգային շահերին և կատարվում են ի հաշիվ պետության միջազգային հեղինակության: Ընդ որում, դատելով գնից, Երևանը այս ծառայությունները գրեթե անվճար է տրամադրում` փոխարենը ստանալով միայն հին պայմանավորվածությունները: