Սահմանադրական բարեփոխումներ. մինչև հանրաքվեի անցկացումը, հնարավոր է` «Ոչ-ի ճակատն» արմատականանա

Սահմանադրական բարեփոխումներ. մինչև հանրաքվեի անցկացումը, հնարավոր է` «Ոչ-ի ճակատն» արմատականանա


Իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության ԱԺ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անցյալ շաբաթ հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխությունների վերջնական տեքստը հաստատվելուց հետո փաստաթուղթը կներկայացվի նախագահին, իսկ հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, կանցկացվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին:

Մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության օրը: Սակայն առայժմ Հայաստանում ակտիվորեն ձևավորվում է «Ոչ-ի ճամբարը», որին միացել են երկու խորհրդարանական կուսակցություններ` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը և նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգությունը»:

«Ոչ-ի ճամբարի» կազմում է նաև Հիմնադիր խորհրդարանը, և փորձագետները կարծում են, որ դա կարող է հանգեցնել «Ոչ-ի ճամբարի» արմատականացմանը և ոստիկանության հետ բախումների:

Ճակատի մասնակիցներն ասում են այն մասին, որ Սահմանադրության փոփոխությունները փորձանք են դառնալու Հայաստանի անկախությանը: Մասնավորապես, Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության օրը, հայտարարել է, որ նոր Սահմանադրությունը «խարխլելու է պետության հիմքերը»:

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը համարվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ առավել լոյալ քաղաքական գործիչ, «Ֆեյսբուքի» իր էջում նաև հայտարարել է, որ դեմ է Սահմանադրության փոփոխություններին: Նա նշել է, որ այդ փոփոխություններն ուղղված են այն բանին, որ Սերժ Սարգսյանից հետո չլինի նախագահ, որը կկարողանար նրան պատասխանատվության ենթարկել: Ի դեպ, ինքը` Քոչարյանը, նույնպես փոփոխությունների դեմ է հանդես գալիս:

Հիշեցնենք, որ Սահմանադրության փոփոխություններով առաջարկվում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականին: Բարեփոխումների նախաձեռնությունը նախագահականինն է: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներն ասում են, որ կարող են ընդունել պատգամավորների, կուսակցությունների և մասնավոր անձանց ցանկացած առաջարկություն, սակայն նախագահի համընդհանուր ընտրությունները վերացնելու և նրա լիազորությունները նվազեցնելու դրույթը պետք է մնա:

Փաստորեն, Հայաստանի երկու նախկին նախագահները դեմ են Սահմանադրության փոփոխություններին և սուպերնախագահի պաշտոնը վերացնելուն: Շատերը պնդում են, որ «Ոչ-ի ճամբարին» հարած ուժերը, հաջողության դեպքում, կնպաստեն իշխանություն Քոչարյանի վերադարձին: Սակայն ինչպես նկատել է Հիմնադիր խորհրդարանի առաջնորդներից մեկը` Ժիրայր Սեֆիլյանը, «եթե պետք է մի հրեշին վերացնենք, մյուսին բերենք», չարժի միանալ ճակատին:

Մինչ օրս փոփոխությունների վերջնական տեքստը չկա, և «Ոչ-ի ճամբարը» նույնիսկ չգիտի, թե ինչի դեմ է հանդես գալիս: Սա թուլացնում է բարեփոխումների հակառակորդների դիրքորոշումը, քանի որ նրանք չեն կարողանում լուրջ փաստարկներ առաջ քաշել: Ամենայն հավանականությամբ, տեքստը կհայտնվի հանրաքվեի քարոզարշավին ընդառաջ, և դրանում կարող են լինել ընդդիմադիր ուժերի առաջարկությունները:

Սահմանադրության փոփոխություններին առնչվող հիմնական հարցը, թերևս, հանրաքվեի օրը կամ հանրաքվեից հետո արմատական դրսևորումների և բախումների հավանականությունն է: Արդյոք փոփոխությունների դեմ հանդես եկող ուժերը կդիմե՞ն ծայրահեղ գործողությունների: Կստանա՞ն արդյոք ժողովրդի լայն աջակցությունը, որը թեև դժգոհ է ներկայիս ղեկավարության կառավարումից, սակայն չի տեսնում Սահմանադրության փոփոխությունները մերժելու փաստարկներ և այն հարցի պատասխանը, թե ինչո՞վ են դրանք սպառնում պետականության հիմքերին: