Վերլուծություն. Ղարաբաղը, հավանաբար, կլինի Մոսկվայում Պուտին-Էրդողան բանակցությունների մի մասը

Վերլուծություն. Ղարաբաղը, հավանաբար, կլինի Մոսկվայում Պուտին-Էրդողան բանակցությունների մի մասը

Photo: www.kremlin.ru

Արխիվային լուսանկար

Սեպտեմբերի 23-ին Մոսկվայում հանդիպելու են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Թայիփ Էրդողանը, և շատ հայ փորձագետներ այս հանդիպումից սպասում են համաձայնագրեր, որոնք կարող են Հայաստանի համար մարտահրավեր դառնալ:

Էրդողանը մերձավորարևելյան մի շարք առաջնորդների հետ ներկա է լինելու Մոսկվայում վերակառուցված Տաճարի մզկիթի բացմանը: Սա տեղի է ունենում այն օրը, երբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում ընդունելու է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին: Փորձագետները սրանում Պուտինի յուրօրինակ ուղերձն են տեսնում այն մասին, որ Ռուսաստանը սուննիական երկրների կողքին է, այն դեպքում, երբ ԱՄՆ-ը փորձում է հարաբերությունները կարգավորել շիական երկրների, այդ թվում` Իրանի հետ:

Սակայն հայ փորձագետները ավելի շուտ հետևելու են, թե արդյոք կհաջողվի՞ Էրդողանին և Պուտինին համաձայնության գալ մի շարք հարցերի շուրջ, ի թիվս որոնց կարող են լինել Ղարաբաղին առնչվող խնդիրներ: Տեղեկություններ կան, որ այսօր կարող է Մոսկվա այցելել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, և երեք նախագահները կզրուցեն ղարաբաղյան խնդրի կարգավորման ծրագրի մասին` ռուսաստանցի խաղաղապահների տեղակայմամբ:

Նման ծրագրի գոյության մասին ակտիվորեն գրում է արևմտյան և ադրբեջանական մամուլը: Պենտագոնի ներկայացուցիչ Էվելին Ֆարկասը, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» ռուսաստանյան գործակալությունը, օրերս գտնվելով Բաքվում, հայտարարել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի գործընթացի մաս է կազմում և չի կարող ինքնուրույն` առանց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի գիտության զորք մտցնել: Խաղաղապահներ մտցնելու հավանականությունը, առնվազն այս փուլում, հերքում են նաև հայ պաշտոնատար անձինք:

Սակայն ինչպես 1in.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, Ղարաբաղը ֆորմալ ձևով և իրավաբանորեն մնում է Ադրբեջանի կազմում, և խաղաղապահներ մտցնելու հարցը, եթե այն ծագի, քննարկվելու է ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի հետ: Իսկ Հայաստանին առաջարկվելու է ընդամենը դուրս բերել զորքերը այն տարածքներից, որտեղ կարող են տեղակայվել խաղաղապահներ:

Արդյոք կքննարկվի այս հարցը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը` փորձագետները չեն փորձում կանխատեսումներ անել: Թեև շատերը նշում են, որ ղարաբաղյան թեման միշտ սակարկության առարկա է եղել Ռուսաստանի և Թուրքիայի միջև, իսկ սակարկությունը նրանց միջև հիմա ակտիվացել է: Խոսքը նախևառաջ Սիրիայում Ռուսաստանի ոչ միանշանակ գործողությունների մասին է, որոնք, չնայած հակասություններին, համընկնում են Թուրքիայի շահերին: Ինչպես ասել է վերջերս Մոսկվա այցելած Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սիրինլիօղլուն, դիրքորոշումները համընկնում են Սիրիայի փլուզման անթույլատրելիության մասին հարցի շուրջ:

Սիրիայի փլուզումը և Մերձավոր Արևելքում սահմանների վերաձևումը կհանգեցնի այն միջազգային պայմանագրերը չեղարկելուն, որոնց համաձայն 100 տարի առաջ բաժանվել է Օսմանյան կայսրությունը: Այդ կայսրության մի մասը, մասնավորապես, հայկական հողերը բաժանվեցին ռուս-թուրքական պայմանագրերով: Ղարաբաղյան հիմնախնդիրը հաստատուն տեղավորվում է ներկայիս հետօսմանյան տարածքային ամբողջականության համատեքստում: Եվ Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են, որ թույլ չտան այդ ամբողջականության փոփոխության ճանաչում Ղարաբաղում: