Վերլուծություն. Ադրբեջանի քառօրյա ռազմական արշավը ավելի է մոտեցնում Ղարաբաղի ճանաչումը

Ապրիլի 2-ի գիշերը Ղարաբաղում սկսված ադրբեջանական լայնամասշտաբ հարձակումն ավարտվեց ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու մասին պայմանավորվածությամբ և բանակցությունների սեղանի շուրջը նստելու համաձայնությամբ:


Կողմերը դեռ չեն հավատում, որ սա վերջն է, սակայն Իլհամ Ալիևի քառօրյա արկածախնդրության արդյունքների վերլուծությունից հնարավոր է եզրակացնել, որ Ղարաբաղի կողմից Ադրբեջանին հրադադար պարտադրելը կարող է լինել լուրջ բանակցային գործընթացի և ինչ-որ փաստաթղթի ստորագրման սկիզբ:

1994 թվականին Բիշքեկում Զինադադարի պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը և Ղարաբաղը խաղաղություն են պահպանում բառի բուն իմաստով ազնիվ խոսքի վրա. բիշքեկյան պայմանագիրը չի պարունակում ո՛չ զինադադարի մասին պայմաններ, ո՛չ այն չկատարելու դեպքում պատժամիջոցներ: Սակայն այն, ընդհանուր առմամբ, պահպանվում էր մինչև 2013 թ.:

Ինչո՞ւ հենց 2013-ին Ադրբեջանը սկսեց դիմել հրադադարի ռեժիմի խախտումներին, որի գագաթնակետը 2016-ի ապրիլի 2-ն էր: Փորձագետների կարծիքով` մինչև 2013 թ. Ադրբեջանը հույս ուներ, որ միջազգային հանրությունը կստիպի Հայաստանին վերադարձնել հողերը: Բանակցությունների ընթացքում քննարկվում էր հենց այդ տարբերակը, որը ենթադրում էր Ադրբեջանի կողմից Արցախի դե ֆակտո ճանաչում` նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջանակներում + 1-2 շրջան:

Սակայն ինչ-որ պահի Հայաստանը, ըստ էության, հրաժարվեց հողերը վերադարձնելու մտքից, և չնայած «մադրիդյան սկզբունքները» շարունակում էին մնալ բանակցությունների հիմքը, տարածքային զիջումների մասին հարցն աստիճանաբար մոռացության մատնվեց, և այդ մասին խոսում էին միջազգային փորձագետները: Ստացվում էր, որ Ալիևին ինչ-որ պահի սկսեցին առաջարկել ճանաչել Ղարաբաղը այն սահմաններով, որոնք հաստատվել են 1994 թ.-ից հետո:

Այժմ միջազգային ճնշումը Ալիևի վրա ավելի է սրվել. նավթի գների անկումը, անբարյացակամ ընդունելությունը Վաշինգտոնում, ինչպես նաև համաշխարհային մամուլում Ալիևների ընտանիքի օֆշորային հաշիվների մասին սկանդալային տվյալների մասին հրապարակումները վկայում են այդ մասին: Փորձագետները չեն բացառում, որ Ալիևը սկսել է պատերազմը թեկուզ ինչ-որ հող գրավելու և սեփական ժողովրդի առաջ Ղարաբաղի անկախության առաջիկա ճանաչումն արդարացնելու համար:

Արդյոք Ալիևին հաջողվե՞լ է 1994 թ.-ից դիրքերն առաջ տանել: Ադրբեջանական կողմը պնդում է` այո՛, հայ զինվորականներն ասում են, որ կորցրած դիրքերը վերականգնվել են: Սերժ Սարգսյանը խոսել է 200-300 մ գրաված տարածքի մասին: Բայց հնարավոր է` հենց այդ մետրերը կլինեն այն փաստարկը, որ Ալիևը կներկայացնի իր ժողովրդին, հայտարարելով այն մասին, որ կռվել է Ղարաբաղի համար, բայց կարողացել է պաշտպանել միայն մի թզաչափ:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոսել են վերջնական կարգավորման մասին: Սրա նախադրյալները կան` Ադրբեջանը պայմանավորվել է կրակի դադարեցման շուրջ ոչ թե Հայաստանի, այլ Ղարաբաղի հետ: CNN-ը հարցազրույցներ է վարել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարների հետ, ցույց տալու, թե ովքեր են հակամարտության կողմերը: ԼՂՀ անկախության ճանաչման մասին խոսում են Հայաստանում:

Ռազմական փորձագետները կարծում են, որ Ալիևի հրադադարը կարող է խաբուսիկ լինել և իր ավագ եղբոր` Թուրքիայի հետ նա հայկական կողմի համար պատրաստում է ճանաչումից տարբերվող ինչ-որ բան: Այս 4 օրերի ընթացքում ադրբեջանական ուժերը ցույց տվեցին այնպիսի անմարդկային դաժանություն, որ այժմ աշխարհը նրանից սպասում է ինչ ասես: Բայց արդյո՞ք ուժերի դասավորությունը թույլ կտա: