Հերոսացնող դատավճիռ. Հայաստանի դատարանը օրինականացրել է Փաշինյանի պայքարը

Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետության դեմ ծանր հանցանք գործելու համար` ՀՀ դատարանը սադրիչից նրան տառապյալ դարձրեց` անհամեմատ բարձրացնելով նրա հասակը, քան նրա իրական նշանակությունն է:

Եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը ցանկանար լռեցնել Փաշինյանին, ինչպես պիտի որ ցույց տար երեքշաբթի կայացված դատավճիռը, ապա այն պետք է պարզապես Փաշինյանին ազատ արձակած լիներ դեռ անցյալ հուլիսին, երբ նա հանձնվեց իշխանություններին` ավելի քան մեկ տարի փախուստի մեջ գտնվելուց և թաքնվելուց հետո. նրան ներկայացվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանք, ինչի համար Փաշինյանն այժմ դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման: Անկասկած, Փաշինյանին արհամարհելն ավելի դաժան պատիժ կլիներ:

Փոխարենը` պետությունն այնպիսի ուշադրության արժանացրեց Փաշինյանին` հետապնդելով, ձերբակալելով և այնպիսի կարգավիճակ շնորհելով, որ հազվադեպ են ունենում պնակալեզները, որոնց իշխանության պատմուճանը ոչ թե փոխանցվում է, այլ հանկարծակի ընկնում նրանց վրա:

Դատավճռով թագադրելով և պետության թշնամի կարգելով` խղճուկ քարոզչի թուրն ավելի հատու դարձավ, քան կարող էր լինել ընդամենը արմատական ընդդիմադիր պարբերականի խմբագրինը:

Փաշինյանը կբողոքարկի դատավճիռը` պահպանելով իր ազդեցությունը: Նրա հայցը կմերժվի` ամրապնդելով հալածանքների ենթարկվելու իր պնդումները: Փաշինյանը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ձգձգելով այս անիմաստ ասքը:

Մենք համաձայն ենք Փաշինյանի աջակիցների հետ, որ նա անմեղ է: Բայց մեր հիմնավորումներն այլ են:

Փաշինյանն այնքան է պատասխանատու 2008 թ. մարտիմեկյան քաոսի համար, որքան աջակցող խումբը` իր թիմի պարտության համար: Այդ չարաբաստիկ օրը, ո´չ այն ամբոխը, որը նրան իր ուսերի վրա էր տանում, ո´չ էլ Փաշինյանը ազգը պառակտելու նախապես մտածված ծրագիր չունեին:

2008 թ. մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր մահացու բարձրախոս ունենալու համար: Եվ, գուցե, մեղավոր էր նրանում, որ անձնավորեց հեղափոխականի կերպարը:

Փաշինյանը պատասխան է տալիս այն մարդկանց հետ միևնույն հարթակում լինելու համար, որոնք այժմ գուցե ավելի արժանի են նրա տեղը լինելու: Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանին չդատապարտեցին (ոչ էլ պետք էր): Իսկ մեծահարուստ Խաչատուր Սուքիասյանը, իհարկե, ոչ առանց ֆինանսական տույժերի, համեմատաբար լավ պրծավ. նրան ոչ միայն ներեցին, այլև թույլ տվեցին հեռանալ երկրի սահմաններից: (Ի դեպ, որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչո՞ւ ընդդիմության ակտիվ անդամներից Սուքիասյանին թույլ տվեցին բուժման նպատակով մեկնել արտասահման, մինչդեռ նման մեղադրանքներով դատապարտված Սասուն Միքայելյանը հազիվ թե կարողանա պատշաճ բուժօգնություն ստանալ:)

Ինչպես հայտնի է «արյունոտ շաբաթվա» ականատեսներին, հասարակական կարգի խախտման, խռովությունների հրահրման, զանգվածային անկարգությունների մեղքը նրանցից և ոչ մեկինը չէ, ովքեր արդեն դատապարտվել են կամ դեռ պիտի դատապարտվեն: Ռոբերտ Քոչարյանի կամակատարները գրոհեցին Ազատության հրապարակը` արթնացնելով քնաթաթախ ցուցարարներին, որոնց համար Փաշինյանը թեև շարժիչ ուժ էր, սակայն առաջնորդը չէր:

Այժմ նա Հայաստանի քաղաքական դժգոհության դեմքն է, ով նույնիսկ հանդգնեց անցյալ շաբաթ մասնակցել ԱԺ լրացուցիչ ընտրություններին, որը ցույց տվեց, թե ինչքան ցածր է ընկել ընդդիմությունը:

Երկու տարի առաջ Փաշինյանի թերթը պնդում էր, թե ընդդիմության աջակիցների թիվը մոտ 40.000 և ավելին էր: Վիճարկելով նախագահական ընտրություններում Սարգսյանի հաղթանակը` Փաշինյանի թիմը պնդում էր, թե իրենք ստացել են 1.632.666 ձայների 50 տոկոսը:

Սակայն, երբ Փաշինյանը հունվարի 10-ին մասնակցում էր ԱԺ ընտրություններին, նա ընդամենը 5053 ձայն ստացավ: Նրա օգտին քվեարկեց գրանցված ընտրողների (որոնցից քվեարկությանը մասնակցել են չորսից մեկը) մեկ տասներորդը (թեև ընտրությունների արդյունքները վիճարկվեցին` ընտրակեղծիքների հետ կապված):

Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը շարժմանն արժանի ազնիվ մարդ է, ապա պետք է ազատազրկման տարիներին Փաշինյանին ամենահաճախ այցելողը լինի: Փաշինյանին չտրվեց «տնային կալանքի» հարմար պատճառաբանության հնարավորությունը, որը զերծ պահեց Տեր-Պետրոսյանին 2008 թ. մարտիմեկյան վտանգներից կամ այժմ դատապարտված լինելուց: Այդուհանդերձ, փաստն այն է, որ այժմ Փաշինյանն իրական ազատազրկման մեջ է, և ոչ ոք չպետք է որ նախանձի նրան, եթե նույնիսկ փառքը փայլ է տվել նրա դատապարտմանը:

Նիկոլ Փաշինյանն անմեղ է: Իշխանությունները կշահեին, եթե թույլ տային նրան այդպես մնալ: