Եվրախաբեբանե՞ր. երգի մրցույթի շուրջ կրքերը ցույց են տալիս «հետընտրական» համախտանիշ

Հանրային հեռարձակողների միության կողմից Եվրոպայում կազմակերպվող ամենամյա «Եվրատեսիլ» երգի մրցույթի շուրջ կրքերը թեժացան անցյալ շաբաթ, երբ Հայաստանի նախընտրական փուլի վիճահարույց արդյունքների շուրջ քննարկումները ստվերեցին երկրի համար անգամ այնպիսի կենսական թեմա, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը:

Էմմա Բեջանյանը և Միհրան Կիրակոսյանը (մրցույթում հանդես եկան Էմմի և Միհրան անունով) վիճարկեցին Հանրային հեռուստատեսության կողմից հայտարարված մրցույթի արդյունքները, որոնց համաձայն` հաղթող ճանաչվեց ոչ այնքան հայտնի, ծնունդով ռուսաստանցի, հունական անունով, մոդելի կազմվածքով երգչուհին, որի տեսքը հիշեցնում է Անջելինա Ջոլիին: Էմմին և իր թիմը կիրակի` փետրվարի 12-ին մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո հայտարարեցին, որ sms քվեարկության արդյունքները կեղծվել են և, ըստ էության, մեղադրեցին կազմակերպիչներին` իրենց օգտին sms-ներ ուղարկելը խոչընդոտելու մեջ:

Մրցույթի արդյունքների առնչությամբ նույնիսկ փոքր, բայց լուրջ բողոքի ակցիա կազմակերպվեց Ազատության հրապարակում, որը երկու տարի առաջ այս օրերին նախագահական ընտրությունների արդյունքներից դժգոհ ընդդիմության համար իր բողոքի ձայնը բարձրացնելու հիմնական հավաքատեղին էր դարձել:

Հանրային հեռուստատեսությունը, պաշտպանելով իր անաչառությունը, հերքեց այն պնդումը, թե մրցույթի արդյունքները կանխորոշված էին Եվա Րիվասի ռուսաստանյան հզոր պրոդյուսերական թիմի աջակցության շնորհիվ:

Էմմին և Միհրանը վիճարկեցին պայքարի նախընտրական փուլում հավաքած միայն sms արդյունքները, որոնց համաձայն նրանք երրորդն էին Րիվասից և Ռազմիկ Ամյանից հետո (ժյուրին, որի որոշումը 50 տոկոս ազդեցություն պետք է ունենար մրցույթի ընդհանուր արդյունքների վրա, Էմմիին և Միհրանին լավագույնն էր ճանաչել:)

Էմմիի մայրը և պրոդյուսերը` Նադեժդա Սարգսյանը, պնդում է, որ մոտ 1400 կարճ հաղորդագրություններն ընդամենը տաս տոկոսն էին Էմմիի երկրպագուների ակումբի ընդհանուր թվի, որոնցից յուրաքանչյուրն առնվազն երեք sms է ուղարկել: Էլ չենք ասում այն երկրպագուների մասին, որոնք ձայն են տվել ամերիկահայ Միհրանին, որը, որպես պարող, ելույթ է ունեցել մի շարք հանրահայտ մարդկանց հետ և հիմա հանդես է գալիս նաև որպես երգիչ:

Այնուհետև Էմմին ու Միհրանը սենսացիոն հայտարարություն արեցին («Ազատություն» ռադիոկայանի «Մաքս լիբերթի» ծրագրին)` ասելով, որ Հանրային հեռուստատեսությունը խոստացել էր, որ իրենք էին գնալու Նորվեգիայի Օսլո քաղաք` մասնակցելու մայիսին կայանալիք «Եվրատեսիլի» եզրափակչին: Նրանք պնդում են, թե Հանրային հեռուստատեսությունը խոստացել էր, որ լինելու էր միայն երգի, այլ ոչ թե երգիչների ընտրություն: Այնուհետև Միհրանն ասաց, որ անգամ իմանալով, որ մրցույթն ընթանալու է մասնակիցների միջև, ինքը կապվել էր Հանրային հեռուստատեսության հետ, որտեղից հայտնել էին, թե «99 տոկոսով» Էմմին և ինքն էին գնալու Օսլո, և ընդամենը պետք է մասնակցեին շոուին: «Ինձ խաբեցին»,- ասաց Միհրանը:

Էմմին, որը նախկինում անհաջողության էր մատնվել «Եվրատեսիլի» հայաստանյան նախընտրական փուլում, «Ազատություն» ռադիոկայանի երիտասարդական ծրագրին տված հարցազրույցում ասաց, որ «արդեն իմունիտետ է ձեռք բերել» Հանրային հեռուստատեսության նման վերաբերմունքի դեմ: Սակայն Հանրային հեռուստատեսությունը հերքեց այս մեղադրանքները:

Հայտնի է, որ Հանրային հեռուստատեսությունը մասնակցին ընտրելու բացառիկ իրավունք ունի: Այն կարող է դա անել մրցույթի կամ ուղղակի ընտրության միջոցով` այլ չափանիշով, ինչպես օրինակ` տարվա լավագույն երգիչ անվանակարգով և այլն:

Հարցազրույցներում Էմմիի մայրը` Նադեժդա Սարգսյանը, չէր թաքցնում իր դժգոհությունը. «Նրանք մեզ պետք է ասած լինեին, որ արդեն ընտրել էին մասնակցին, և ընդամենը շոուի կարիք կար, ինչպես դա եղել է անցյալում»: Նա ակնարկեց, որ այդկերպ ավելի արդար կլիներ:

Էմմիի թիմի այս ամբողջ բացահայտումների մեջ ցնցողն այն էր, որ նախորդ բոլոր չորս նախընտրական փուլերի հաղթողների անունները նախապես որոշված են եղել: Հայ հեռուստադիտողներին ասվել էր, որ նրանցից երկուսի դեպքում եզրափակչի հաղթողի ընտրությունում, որը ցուցադրվում էր Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում, հաշվի էին առնվել ուղարկված sms հաղորդագրությունները, ինչը սակայն այդպես չէր:

Եվ եթե այս ենթադրությունները ճիշտ են, և կարծես ոչ ոք չի հերքում դա, ապա պարզ է դառնում, որ այս տարվա ընտրությունը «առաջին խաբեությունը» չէր այս մրցույթում, և Էմմին ու իր թիմը քիչ պատճառներ ունեին բորբոքվելու: Այս հարցը բարձրացնելով` արդյոք նրանք նկատի ունեին, թե մարդիկ 2007 և 2009 թթ. իզուր էին sms ուղարկում (վճարելով իրենց բջջային օպերատորներին): Իսկ Էմմին գիտե՞ր, որ Հայկոն պետք է ընտրվեր, երբ ինքը 2007 թ. մրցում էր Հայաստանի վաստակավոր արտիստի հետ: (Այն ժամանակ sms քվեարկությունն օգտագործվեց կիսաեզրափակչում, իսկ եզրափակչում հաղթողին ընտրեց ժյուրին:)

Այս տարվա «Եվրատեսիլ-2010»-ի Հայաստանի նախընտրական փուլը ավելի շատ հարցերի, քան պատասխանների տեղիք տվեց, ինչպես Հայաստանում քաղաքական գործիչների ընտրությունների դեպքում: Եվա Րիվասի համար լավագույն տարբերակն ապացուցելու, որ իր ընտրությունը սխալ չէր, մայիսին Օսլոյում կայանալիք մրցույթում հաղթելն է: Հայաստանի քաղաքական գործիչները նույնպես պետք է աշխատեն, որ իրենց ընտրություններն էլ ընկալեն որպես առանց կեղծիքների անցկացված: