Երկսայր կտրող խոսք. ԱՄՆ-ը կրկին խղճի և շահի միջև այլընտրանքի առաջ է կանգնելու «Հայոց ցեղասպանության» բանաձևի առնչությամբ

ԱՄՆ կառավարությանը կրկին դիմել են խնդրանքով՝ արտաբերել դաշնակցին ամոքող ուժ ունեցող միակ երկու բառերը՝ Հայոց ցեղասպանություն:

Սակայն դրա հավանականությունը չափազանց փոքր է: Համենայն դեպս, հաստատ ոչ հիմա, երբ Հայաստանն ու Թուրքիան գոնե բարեկամության նախերգանքի փորձեր են անում:

Այդուհանդերձ, Ամերիկայի դիրքորոշումը հոգի խռովեցնող է:

Հետխորհրդային համախտանիշից խեղված, ինչպես նաև սնանկացմամբ սպառնացող արտաքին պարտքի տակ կքված լեռնային Հայաստանը ոչինչ չունի առաջարկելու, բացի բարոյական դատավճռի արդար կողմ դառնալուց:

Մերձավորարևելյան տարածաշրջանում իր զորեղ ներկայությամբ Թուրքիան ԱՄՆ-ի համար ռազմավարական առումով ավելի շահեկան է`ընձեռելով հնարավորություն «սրբազան» ավեր սփռելու սրբազան պատերազմներում, որոնցում Ամերիկան Ալլահի դեմ է հանդես գալիս:

Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսը հնարավորություն ունի խիղճը քաղաքական շահից վեր դասել, երբ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնախումբը քվեարկության կդնի 252 բանաձևը՝ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված 1,5 մլն մարդկանց կոտորածը «ցեղասպանություն» անվանելով:

Եթե բանաձևն ընդունվի ու հասնի նախագահ Բարաք Օբամային, ապա փորձության կենթարկվեն արդեն նրա ազնվությունն ու Ամերիկայի արժեքները:

2008 թ. հունվարին իր նախընտրական քարոզարշավի ժամանակ Օբաման հայտարարություններ արեց, որոնց շնորհիվ շահեց ամերիկահայ ընտրողների ձայները, ինչի համար ոմանք այժմ զղջում են:

«Հայոց ցեղասպանությունը փաստաթղթերով վաղուց հաստատված իրողություն է` մեծաքանակ պատմական փաստարկներով ապացուցված,- ասել է Օբաման: -Նախագահ ընտրվելու դեպքում ես կճանաչեմ Հայոց ցեղասպանությունը»:

Այդուհանդերձ, անցյալ ապրիլին` Անկարայում, նա խուսափեց «Ց» բառն օգտագործելուց: Փոխարենն Օբաման ասաց. «Այս պահին ես ցանկանում եմ կենտրոնանալ ոչ թե իմ, այլ թուրք և հայ ժողովուրդների հայացքների վրա: Եթե նրանք կարող են առաջ շարժվել և լուծել այդ դժվար ու ողբերգական պատմության թնջուկը, ապա կարծում եմ, որ ողջ աշխարհը պետք է աջակցի նրանց»:

«Դավաճան»,- այսպես արձագանքեց դրան հայերի մի մասը: Թերևս նույն քամահրանքով նրանք վերաբերվեցին նաև իրենց նախագահ Սերժ Սարգսյանին, երբ վերջինս անցյալ տարվա աշնանը հայտարարեց դիվանագիտական արձանագրությունների մասին, որոնք միտված էին փոխըմբռնման հասնելու և բացելու հայ-թուրքական սահմանը: Արձանագրությունները Օբամայի կոչի նշանն էին՝ «շարժվել առաջ»:

Այդ «առաջը» Հայաստանին հասցրեց… ոչ մի տեղ:

Թուրքիան (որը 1993 թ. փակել է Հայաստանի հետ սահմանը`աջակցելով իր մահմեդական զարմիկ Ադրբեջանի վարած պատերազմին՝ պատմականորեն հայկական Լեռնային Ղարաբաղի համար) փաստորեն խափանեց գործընթացը` պնդելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող ընթանալ, քանի դեռ Հայաստանը չի վերադարձրել Ադրբեջանից հետ նվաճած տարածքները:

Թուրքիա-Ադրբեջան միասնությունը հասկանալի է: Սակայն Թուրքիայի պնդումը` ղարաբաղյան հիմնախնդիրը ներառել բանակցային գործընթացում, կասկածի տեղիք է տալիս. արդյո՞ք կողմերը նույն փաստաթղթի շուրջ են բանակցում: Նախաստորագրված արձանագրություններում, որոնք քննարկվել, ստորագրվել և ուղարկվել են խորհրդարան, ղարաբաղյան խնդրին առնչվող ոչ մի անդրադարձ չկա: Հայկական կողմն անընդունելի է համարում, որ Թուրքիան արձանագրությունները ստորագրելուց հետո այդ հարցը բերեց բանակցային գործընթաց:

Հետագայում Թուրքիայի արտգործնախարարը Կոնգրեսի բանաձևն անվանեց «շանտաժ», որը բացասաբար է անդրադառնում գործընթացի վրա:

Թե Թուրքիան և թե Հայաստանը այս պարը երկուսն էլ սխալ պարեցին՝ մեկը ոտքեր կոխկրտելով, մյուսը՝ թոփլտալով: Հայաստանի ներկա իշխանությունները կրում են պետության ղեկին կասկածելի ճանապարհներով հասնելու ծանր բեռը՝ ընտրակեղծիքներ և զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զոհվեց 10 քաղաքացի, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, իսկ տասնյակ քաղաքացիներ էլ, որոնց մեղքը ընդդիմություն լինելն էր, ձերբակալվեցին:

Մի կողմից՝ Թուրքիայի հուսալիության և մյուս կողմից՝ Հայաստանի օրինականության բացակայությունը, ինչպես նաև այս երկու հարևանների «դժվար և ողբերգական պատմությունը» հանգուցալուծելու ձախողումը նույնքան դժվարին և ողբերգական ապագայի մեծ վտանգ են պարունակում:

Հայկական սփյուռքի մի հոծ զանգված ի սկզբանե ընդվզեց արձանագրությունների դեմ (սփյուռքի մի քանի կարևոր կառույցներ թեև հավանություն տվեցին փաստաթղթերին, սակայն նրանց աջակցության ձայնը խլացվեց` արձանագրություններին դեմ արտահայտվողների բարձրագոչ ճիչերով:)

Նրանք, ովքեր դեմ էին փաստաթղթերին, վիճարկում էին արձանագրությունների այն կետը, որով նախատեսվում էր ստեղծել «պատմական հանձնաժողով»` ուսումնասիրելու 1915-1923 թվականների իրադարձությունների վերաբերյալ իրարամերժ պնդումները: Նրանք դա հիմնավորում էին, որ նման հանձնախումբը կասկածի տակ կդնի (նախագահի թեկնածու Օբամայի խոսքով) «մեծաքանակ պատմական փաստերը»՝ դրանով իսկ դավաճանելով անդադրում հոգիներին, որոնց հետ գրեթե յուրաքանչյուր հայ արյունակցական կապ կարող է գտնել:

Սփյուռքը դժգոհ է: Հայաստանցիներն անորոշության մեջ են: Թուրքիան ձգձգում է վավերացումը: Ադրբեջանը սպառնում է պատերազմ սկսել:

Պետդեպարտամենտը, որը, հավանաբար, անմասն չի մնացել արձանագրությունների գործում, չափազանց մեծ խաղադրույք է կատարել, որպեսզի հիմա ուժեղ կողմին գրգռելու ռիսկին դիմի: Սակայն դա չի նշանակում, թե բանաձևը չի օգտագործվի որպես լծակ, որը ոչ այլ ինչ է, քան շանտաժի ավելի «կոկիկ» երկվորյակ:

Հայաստանը, որը ամենաքիչը կարող է առաջարկել այս գործարքում, իսկ ձեռք բերել՝ ամենաշատը, ըստ էության, դիտողի դերում է:

Արձանագրությունների բացասական հետևանքները Հայաստանը թողեցին պոռթված կարերով՝ թե փիլիսոփայական և թե քաղաքական, բացի մեկից՝ սերունդներին միմյանց ամենաամուր պահող ցեղասպանության ճանաչումից:

Բաց սահմանները Հայաստանը չեն փրկի իր սեփական թերություններից: Ո´չ էլ պատմական փաստի հաստատումը կարող է երաշխավորել խաղաղ ապագա: Այդ դեպքում, բանաձևը քվեարկելիս «այո»-ն կամ «ոչ»-ը հայերի համար ընդամենը անհրաժեշտության հարց է, իսկ ամերիկացիների՝ բնավորության:

Ինչ էլ որ հայկական մնացել է այս փոքրացած և պառակտված Հայաստանում միանշանակ կապված է իր քարի պես ամուր ժողովրդի հետ: Նրանք հաստատակամ են, անկոտրում ու դիմակայող: Ու, թեև խոցելի են, սակայն բառերն ի զորու չեն նրանց կոտրելու՝ բացառությամբ, թերևս միակ՝ չարտասանված բառի: