Մեղքի և կուրության մասին. 252 բանաձևն «արձանագրությունների» հետ կապ չունի

Երևանը Վաշինգտոն չէ. ոչ ավելին, քան մեր խմբագրատունը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի նիստերի դահլիճ:

Այդուհանդերձ, որտեղ մենք ենք ապրում, մեծ մասն արդեն հասկացել է այն, ինչի մասին ոչ մեկն այնտեղ չի խոսում.

Հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» բանակցությունները ձախողվել էին շատ ավելի վաղ, քան երբ կոնգրեսականները նման հնարավորության մասին խոսեցին ուշ երեկոյան Վաշինգտոնում քվեարկությունից առաջ:

Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր, երբ պետդեպարտամենտի աջակցությամբ ստորագրվեցին արձանագրությունները և տրվեցին խոստումներ, որոնց իրականացումն անհնարին դարձավ, ոչ մեկը, ըստ էության, չէր հավատում, որ Հայաստանը և Թուրքիան ձեռք ձեռքի բռնած, շաքարաքլոր լպստելով, կքայլեն դեպի գույնզգույն երազանքների պայծառ ապագա տանող սալապատ ճանապարհով:

Բոլոր նրանք, ովքեր սխալմամբ կարծում են, թե հոկտեմբերյան «ճանապարհային քարտեզը» դեռ ինչ-որ տեղ տանելու է, 252 բանաձևի հարցում որպես վթարային արգելակ բարձրաձայնեցին արձանագրությունների գործընթացին հնարավոր վնասը. Կոստա Ռիկայում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից սկսած մինչև Անկարայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և իրենց դիրքորոշումը դրանով պատճառաբանող կոնգրեսականները, որոնք այդպիսով բացահայտեցին իրենց մակերեսային պատկերացումը հայ իրականության մասին:

Երբ կոնգրեսական Դելահանթը, օրինակ, պնդում էր, որ բանաձևը կխոչընդոտի արձանագրային գործընթացը, ինչ է՝ ընդմիջմա՞ն էր գնացել, երբ մեկ ամիս առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն գործընթացը մեռյալ անվանեց: (Դավութօղլուն դժգոհ էր, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրությունները սահմանադրական էին ճանաչվել, քանի դեռ դրանք Հայաստանին թույլ են տալիս շարունակել դիմակայել Ցեղասպանությունը ժխտողներին:)

Իսկ երբ կոնգրեսական Բերտոնն ասաց, որ արձանագրային գործընթացին վնաս կհասցվի, մի՞թե գաղափար անգամ չուներ, որ հենց այս շաբաթ Հայաստանն ինքն օրինագիծ էր ընդունել, որը թույլ կտա նրան դուրս գալ գործընթացից անգամ միջազգային պայմանագրի վավերացման դեպքում:

Սրանք այն քայլերը չեն, որոնք վկայում են ԱՄՆ պետդեպարտամենտի «Կումբայա» (կեղծ բարոյականության և նաիվ լավատեսության) պարը պարողների համաձայնության մասին:

Բնական է, որ պետքարտուղար Քլինթոնը ցանկանում է տեսնել իր բազմաչարչար դիվանագիտության պտուղները: Ի վերջո, նա էր հոկտեմբերյան շաբաթ ցերեկը ծառայողական մեքենայում նստած՝ ամեն ականջին մի հեռախոս՝ փորձելով համոզել Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներին ստորագրել արձանագրությունները:

Բնական չէ, սակայն, որ ոչ մի կողմը չի ընդունում այն փաստը, որ արձանագրությունները թերի էին և, եթե հնարավոր է, արժանապատվությամբ դեն նետեն, ուժերը վերստին համախմբեն՝ իմանալով, որ հանձնաժողովի առնվազն 23 կոնգրեսականներ տեսնում են ամբողջական պատկերը: Այն է. պետությունը, ազգը, ցեղը կամ ագրեսոր է, կամ նահատակ, երկուսը մեկում հնարավոր չէ (բացառությամբ, թերևս, «Ալ Ղաիդայի», ինչպես ցույց է տալիս այսօրվա իրականությունը):

Գրեթե ոչ մեկը այդ նիստերի դահլիճում հինգշաբթի օրը չպնդեց, որ այն, ինչ կատարվել էր հայերի հետ, ոչ այլ ինչ էր, քան ցեղասպանություն: Այդուհանդերձ, բանաձևին դեմ քվեարկողներն իրենց որոշումն արդարացնում էին «դուք սպանել եք, բռնաբարել, վառել, արտաքսել իմ ընտանիքի անդամներին և գողացել նրանց հողերը, բայց դե, Է~հ, ինչ արած, դուք էլ զգացմունքներ ունեք, ուստի եկեք բարեհաճ լինենք միմյանց նկատմամբ» ասելու քաղաքական համարժեքով:

Եվ բարոյականության մեջ հենց այդ սողանցքն է, որ, ինչ-որ կերպ, անգամ շուրջ 100-ամյա ժխտումից հետո, Թուրքիային թույլ է տալիս վիրավորվածի կեցվածք ընդունել:

Բայց, ահա մի շփոթեցնող հանգամանք. Վաշինգտոնում կանայք և տղամարդիկ կարծում են, թե պատասխանատվության հարվածը մեղմացնում է այն հանգամանքը, որ մեղադրանքն ուղղվում է ոչ թե թուրքերի, այլ «օսմանցիների» հասցեին: Սակայն, տարօրինակ կերպով, նախագահ Գյուլը՝ վրդովմունքով արձագանքելով, ինքնաբերաբար կապում է իր ժողովրդին այնպիսի խարանված անցյալի հետ, որի մասը լինել ոչ ոք չի ցանկանա:

«Բանաձևի ընդունումը անխոհեմ եմ համարում: Դրա մեջ պակասում է հարգանքը թուրք ազգի նկատմամբ…»

Ոչ: Պակասում է հարգանքը (քանզի ոչ մի հարգանքի էլ արժանի չեն) այն հանցագործների հանդեպ, ում հետ ժամանակակից թուրքերը դժբախտություն ունեն արյունակցական կապ ունենալու, բայց որոնց ժառանգներին չպետք է քամահրանքով վերաբերվեն:

Ոչ մի ժամանակակից թուրք չպետք է դատապարտվի ցեղասպանության համար, ոչ ավելին, քան ժամանակակից ամերիկացին պետք է դատապարտվի ստրկատիրության, «Ողբի ճանապարհի» (բնիկ հնդկացիների տեղահանումների), քաղացիական իրավունքներին, կանանց անհավասարությանը պատմականորեն դիմադրելու, մոլորյալ նախագահի սկսած պատերազմների համար, որոնցում անհնար է հաղթել… .

Միայն այն դեպքում, թերևս, երբ ժամանակակից թուրքն ընտրում է ժխտումը՝ մեղքի կողակիցը:

Վաշինգտոնից իր դեսպանին հետ կանչելով, քվեարկությունից րոպեներ անց, և դիվանագիտական բացասական հակազդեցությամբ սպառնալով՝ Անկարան, ըստ էության, մարտին ասաց Վաշինգտոնին այն, ինչ ասաց Երևանին հոկտեմբերին. Մեզ պես կույր եղեք պատմության հանդեպ, որպեսզի մենք միասին խարխափելով գտնենք դեպի պայծառ ապագա տանող ճանապարհը:

Երևանը չխաբվեց դրան, բայց, ինչպես ասացինք, Երևանը Վաշինգտոն չէ: